Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի Նորածնային և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Աիդա Հակոբի Աբրահամյանը:
Ինչպե՞ս պետք է խնամել փոքրիկի սեռական օրգանները
Ցանկալի է փոքրիկի սեռական օրգանները 3-4 ժամը մեկ լվանալ գոլ ջրով:
Խնամքի ի՞նչ տարբերություն կա աղջկա և տղայի դեպքում
Հատկապես ուշադրություն պետք է դարձնել աղջիկ երեխաների սեռական օրգանների խնամքին: Հարկավոր է լվանալ հոսող ջրի տակ, առջեւից դեպի հետև, որպեսզի կղանքը չանցի հեշտոց: Կյանքի առաջին օրերին աղջիկների մոտ կարող են լինել լորձային և արյունային արտադրություն (դա կոչվում է հորմոնային կրիզ), որոնք հատուկ մշակելու անհրաժեշտություն չկա, քանի որ մի քանի օրից անցնում է:
Տղաների դեպքում հատուկ խնամք չի պահանջվում: Կարիք չկա հատուկ մաքրող հեղուկներով մաքրել, մանրէազերծել կամ թլիպը հետ քաշել՝ ներսը բամբակով մաքրելու համար: Դրսից օճառաջրով լվանալը լրիվ բավարար է:
Պե՞տք է, արդյոք, լոգանքի ժամանակ տղայի սեռական օրգանի մաշկը հետ քաշել` աղերը հեռացնելու համար
Առնանդամը ծածկված է մաշկով, սակայն նորածինների մոտ այն կպած է լինում առնանդամին: Նախկինում մաշկը հետ էին ձգում, բացում և մշակում սպիտակ գնդիկները (սմեգմա): Այժմ խորհուրդ չի տրվում, քանի որ մինչև 3-4 տարեկան աստիճանաբար շարժվում է և դուրս գալիս թլիպի ծայրով:
Ինչպե՞ս հասկանալ, որ օրգանը խնդիրը ունի
Եթե նկատվում է կարմրություն, այտուցվածություն, տղաների մոտ` նեղացում և սպիտակ կուտակումներ, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի, մաքրել սմեգմայից:
Նախկինում կիրառվող ո՞ր մեթոդներն այլևս կիրառելի չեն
Նախկինում բարուրում էին փոքրիկներին` առնանդամը դեպի վեր բարձրացնելով: Դրա հետևանքով երեխան չէր կարողանում շարժվել, հաճախ արյան շրջանառությունն էր խանգարվում, առաջանում էին կոնքազդրային խնդիրներ: Այժմ տակդիրները լավ միջոց են՝ նման խնդիրներից խուսափելու համար: Իհարկե, այն ևս երկար պետք չէ օգտագործել: