Փոքրիկի եղունգները. ե՞րբ կտրել, ինչպե՞ս ու ինչպիսի՞ մկրատով

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի  նեոնատոլոգ Արմինե Ֆանյանը:

 

 Ո՞ր տարիքից է հարկավոր կտրել փոքրիկի եղունգները:

 

Ի սկզբանե նշեմ, որ կյանքի առաջին 10 օրը պետք չէ կտրել փոքրիկի եղունգները, քանի որ այդ ժամանակ եղունգները շատ բարակ ու նուրբ են։ Վաղ ժամկետում կտրելու դեպքում հնարավոր է վնասել եղունգն ու մաշկը։ 

Որոշ դեպքերում ծվելուց անմիջապես հետո տեսնում ենք, որ նորածինն ունի երկար եղունգներ։ Այս դեպքում կարելի է ավելի վաղ կտրել եղունգները, որպեսզի նորածինը չվնասի ինքն իրեն։

 

Ի՞նչ հաճախականությամբ կտրել եղունգները:

 

Ձեռքի եղունգերը կարելի է կտրել 3-5 օրը մեկ, իսկ ոտքի եղունգները՝ ավելի մեծ ընդմիջումներով։

 

Ինչո՞վ կտրել փոքրիկի եղունգները:

 

Նորածնի եղունգները հարկավոր է կտրել փոքր-ինչ պնդանալուց հետո, հատուկ մանկական մկրատներով։ Մկրատը պետք է փոքր լինի և բութ ծայրերով, որպեսզի երեխային չվնասի։

 

Ինչպե՞ս կտրել:

 

Եղունգները պետք է կտրել վառ լուսավորված սենյակում։ Առաջին հերթին մայրիկը պետք է  լվանա ձեռքերը օճառով։ Այնուհետև նորածնի ձեռքը տեղավորի ափի մեջ այնպես, որ ամուր պահի մատները։ Անհրաժեշտ է ֆիքսած պահել երեխայի մատները բթամատի և ցուցամատի միջև, որպեսզի շարժման ժամանակ երեխային մկրատով չվնասեք։

 

Ե՞րբ կտրել եղունգները:

 

Ցանկալի է եղունգները կտրել քնած ժամանակ` ավելորդ սթրեսից խուսափելու համար։ Կարելի է նաև լողացնելուց հետո։