Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արմինե Ֆանյանը:
Ո՞ր դեպքում և ի՞նչ հաճախականությամբ պետք է փսխի փոքրիկը:
Փսխումները նորածինների մոտ համարվում են բնական, քանի որ նորածնի մոտ ստամոքսի և կերակրափողի մկանային և նյարդային համակարգը դեռևս լրիվ ձևավորված չէ:
Յուրաքանչյուր կերակրման ժամանակ երեխան կաթի հետ օդ է կուլ տալիս, որն էլ պատճառ է հանդիսանում փսխումների համար: Ստամոքսից օդի դուրս գալը միաժամանակ ուղեկցվում է նաև կաթի դուրս բերմամբ:
Ե՞րբ պետք է մտահոգվել:
Փսխումները համարվում են խնդիր, երբ դրանք`
• շատրվանանման են և մեծ ծավալով,
• ունեն պաթոլոգիական պարունակություն (օրինակ` լեղու պարունակություն),
• ուղեկցվում են երեխայի քաշի կորստով կամ չավելացմամբ:
• երեխայի մոտ ուղեկցվում են անհանգստությամբ, լացով և յուրաքանչյուր կերակրման ժամանակ երեխան ունենում է հազ և շնչահեղձություն:
Գույնից կարելի՞ էենթադրություններ անել:
Եթե բացի կաթից կա այլ պարունակություն` լեղի, աղիքային պարունակություն, որը կխոսի աղիքային անանցանելիության մասին, այդ դեպքում կարող է լինել նաև գույնի փոփոխություն:
Ինչպե՞ս կարելի է կանխել հաճախակի փսխումները:
Հաճախակի փսխումները, մի շարք կանոնների հետևելով, կարելի է որոշ չափով պակասեցնել կամ ծավալները քչացնել: Կերակրումներից հետո անհրաժեշտ է 10-15 րոպե երեխային գրկել ուղղահայաց դիրքով` անկախ նրանից ուտելուց հետո երեխան արթուն է, թե քնած: Այդ դիրքով պահելիս երեխան գղտում է, և ավելորդ օդը դուրս է գալիս, ինչը նվազեցնում է փսխումները:
Կերակրելուց հետո պետք է սահմանափակել շարժումները, որպեսզի երեխան փսխումներ չունենա: Ցանկալի է երեխային պառկեցնել կողքի վրա, որպեսզի փսխման զանգվածը դուրս գա և շնչուղիներ չանցնի:
Փսխումները կարո՞ղ են որևէ խնդրի ահազանգ լինել:
Փսխումից հետո, երբ երեխայի մոտ նկատվում է շնչառության կանգ, գույնի փոփոխություն, այսինքն պաթոլոգիական պարունակությամբ փսխումներ, ապա սրանք ահազանգ են, որպեսզի անմիջապես դիմեն բժշկի: