Բարուրը` կոնքազդրային հոդի խախտման պատճառ

Արեգը լույս աշխարհ եկած օրից  անկաշկանդ է իր շարժումներում, փոքրիկին մոր գիրկը տվեցին արդեն շորեր հագցրած, նա այդպես էլ չիմացավ  թե ինչ է  բարուրը: Հիմա էլ ընդվզում է անհարմար հագուստի դեմ:  Արեգի մայրը  չի հավատում, թե   բարուրելով`  ոտքերն ու ողնաշարը ուղիղ կզարգանան: Նա  երեխային ազատությունից չի զրկում:

 

«Ես կարծում եմ, որ շարժումների մեջ  այսպես ավելի ազատ է բալիկը, ինքը սթրեսային վիճակում կլինի, եթե իրեն կապեն»,-ասում է Արեգի մայրը:

Նորածնին ամուր բարուրելը  ապահովում է նրա խաղաղ ու անուշ քունը, կառուցվածքը ճիշտ է ձևավորվում, երեխան էլ չի մրսում ` սրանք  առասպելական պնդումներ են: Նորածնին բարուրելը միայն վնասում է փոքրիկին` ապացուցել են միջազգային մանկաբուժական կազմակերպությունները: Բարուրի  մեջ նորածինը չի կարողանում շարժել ձեռքերն ու ոտքերը,  հոդերի հյուսվածքներն էլ մասնակի են ձևավորվում: Հետևանքը`  կոնքազդրային հոդի խախտում: Մանկաբույժ Աստղիկ Բաղդասարյանն ասում է, որ «երբ երեխայի ոտքերն իր ֆիզիոլոգիական դիրքից շեղում են և ուղղելով`  բարուրի մեջ են դնում, հոդագլխիկը դուրս է գալիս հոդափոսից, հոդը սխալ է զարգանում, և դա կարող է կաղության հանգեցնել:

Մասնագետները համոզվել են, որ բարուրը վնասակար է, երբ համեմատել են  աֆրիկյան ցեղերի և քաղաքակիրթ երկրների երեխաներին: Ի տարբերություն սպիտակամորթների, աֆրիկացիների  մեջ կաղ մարդիկ ընդհանրապես չկային, նրանք ենթագիտակցորեն ճիշտ դիրք են ընտրում իրենց երեխաների համար:

«Այդ ցեղերը երեխաներին կենգուրուի նման պարկի մեջ են դնում ոտքերը բաց վիճակում, որը կոնքազդրային հոդի խախտման բուժման ձևերից է»,-ասում է Բաղդասարյանը:

Մասնագետը մայրերին խորհուրդ է տալիս  այնպես հագցնել փոքրիկին, որ նա ազատ շարժի ոտքերը: Այդ շարժումների շնորհիվ նորածնի որովայնի մկանները ճիշտ են զարգանում, այդ հատվածում ցավեր չի ունենում, կերածն էլ լավ է մարսում:

 

Արմնյուզ TV

Բուժակ