Այժմ հղի կանայք կարող են պարզել պտղի սեռը՝ առանց ուլտաձայնային հետազոտություն անցնելու. այդ հետազոտությանը կփոխարինի արյան սովորական անալիզը, հաղորդում է Reuters-ը:
Նմանատիպ թեստը կարող է օգտակար լինել այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկերի հայտնաբերման գործում, ինչպիսին է հեմոֆիլիան:
Հեմոֆիլիան գերազանցապես արտահայտվում է տղաների շրջանում, ու եթե բժիշկները պարզեն, որ երեխան աղջիկ է, տհաճ ախտորոշիչ միջոցառումներից (ամնիոտիկ հեղուկից՝ հարպտղային ջրերից նմուշ վերցնելը) կարելի կլինի խուսափել:
Թեև արյան թեստի միջոցով պտղի սեռի որոշումը բազմաթիվ դրական կողմեր ունի, սակայն որոշ մասնագետներ մտահոգություն են հայտնել, որ այն կարող է ըստ սեռային պատկանելիության սելեկտիվ աբորտների պատճառ դառնալ:
Թեստը կառուցված է մոր արյան մեջ արական սեռական քրոմոսոմի փոքր հատվածների հայտնաբերման վրա. եթե այդ հատվածները հայտնաբերվում են, պտուղը արական սեռի է: Մի շարք արևմտյան բուժհաստատություններում այս տեխնոլոգիան արդեն իսկ կիրառվում է և հայտնի է «պտղի անբջիջ ԴՆԹ-ի անալիզ» անունով:
Ինչ վերաբերում է թեստի ճշգրտությանը, ապա 6500 հղի կանանց արյան հետազոտությունից հետո պարզվել է, որ արական սեռի ճշգրիտ նույնականացումը կազմել է 98,8 տոկոս, իսկ իգական սեռինը՝ 94,8:
tert.am