Հղիությունը և տնային գործերը. ինչ չի կարելի անել հղիության ժամանակ

Ինչպե՞ս ճիշտ նստել 

Շատ ապագա մայրիկներ հաճույքով են զբաղվում կարուձևով:

Չնայած դրական հոգեբանական ազդեցությանը, այս գործընթացը նաև բացասական կողմեր ունի, որը կարող է ազդել մոր առողջության և հղիության ընթացքի վրա:

Շատ կարևոր է, որ նստելիս մեջքը հենեք աթոռի թիկնամասին, անհաժեշտության դեպքում կարող եք բարձիկ դնել ողնաշարի հատվածում, իսկ ոտքերի տակ՝ ոչ բարձր աթոռակ: Ցանկացած նստակյաց աշխատանք հարկավոր է ժամանակ առ ժամանակ ընդհատել. երկար ժամանակ նստած մնալը մեջքում ցավերի պատճառ կարող է դառնալ: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր ժամվա ընթացքում հարկավոր է քայլել 5-10 րոպե:

Ապագա մայրիկին խորհուրդ չի տրվում նստել ոտքը ոտքին գցած. դա ոչ միայն խանգարում է արյան նորմալ շրջանառությանը` նվազեցնելով պտղին հասնող արյան քանակը, այլև մեծացնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը` ուժեղացնելով ցավը:

Ինչպե՞ս ճիշտ քայլել

Հղիության ժամանակ զբոսանքները օգտակար են: Քայլելը կօգնի նաև խուսափել երակների լայնացումից: Սակայն ամեն ինչ չափի մեջ է լավ. հենց կզգաք, որ հոգնել եք, հարկավոր է նստել և 5-10 րոպե հանգստանալ: Եթե այգում զբոսնելու հնարավորություն չունեք, փողոցում քայլեք, պարզապես ընտրեք ոչ ծանր երթևեկություն ունեցող ճանապարհներ, որպեսզի մեքենաների արտանետած գազերը քիչ շնչեք: 

Հարկավոր է քայլել ուղիղ, բայց առանց ուսերը լարելու: Հղիության ընթացքում պետք է մոռանալ բարձրակրունկ կոշիկների մասին: Կրունկի բարձրությունը չպետք է գերազանցի 3-4 սմ-ը:

Ի՞նչ չի կարելի անել

Հղի կնոջը հակացուցված է.

  • Կտրուկ շարժումներ պահանջող աշխատանք
  • Աշխատանքը, որ ենթադրում է աստիճաններին կամ այլ բարձր տեղերում կանգնելը
  • Ծանրության բարձրացում պահանջող աշխատանք
  • Կենցաղային քիմիայի (հատկապես սուր հոտերով) օգտագործմամբ գործեր
  • Վերանորոգման հետ կապված ցանկացած աշխատանք

Բոլոր դեպքերում աշխատելիս պետք է պահպանել անվտանգության հիմնական կանոնները

  • Լվացող միջոցների հետ աշխատել ձեռնոցներով
  • Լվացք փռելիս բարձրության վրա չկանգնել
  • Ծանր դույլեր չվերցնել
  • Բեռը ձեռքերում բաշխել հավասարաչափ: