Հղիությունից անցումը մայրությանը կյանքի նոր կանոնակարգում է պահանջում` թե հոգեպես եւ թե ֆիզիկապես: Փոքրիկի աշխարհ գալու հենց առաջին օրերին օրինաչափ է, որ տրամադրության կտրուկ անկումներ ու վերելքներ լինեն:
Դուք կարող եք մեկ րոպեով երջանկանալ, հետո միագամից արտասվել ու դառնալ ճնշված: Կարող եք դառնալ բարկացկոտ, տխուր, դյուրագրգիռ կամ թեւաթափ: Այս ապրումները չեն նշանակում, որ դուք վատ մայր եք կամ չեք սիրում ձեր փոքրիկին:
Տրամադրության տատանումները կապված են այն հորմոնի հետ, որ առաջանում է ծննդաբերությունից հետո: Էստրոգենի եւ պրոգեստերոնի այն մակարդակը, որ պետք է հղիության ժամանակ, կտրուկ անկում է ապրում հղիությունից հետո: Դա էլ անդրադառնում է տրամադրության վրա, ինչին գումարվում է հոգնածությունն ու անքնությունը:
Բարեբախտաբար, հետծննդյան ապատիան տեւում է մի քանի օր կամ շաբաթ եւ անցնում է ինքնաբերաբար: Եթե դուք էլ եք հետննդյան անկումնային տրամադրության մեջ, փորձեք հնարավորինս շատ հոգ տանել ձեր մասին: Կերեք առողջարար սնունդ եւ հանգստացեք որքան հնարավոր է շատ: Հատկապես անքուն գիշերները կարող են խորացնել տխրությունը:
Ինչ անել, որ բանը չհասնի դեպրեսիային
- Մի մերժեք օգնության ձեռքը
- Թույլ տվեք ընտանիքին ու ընկերներին օգնել ձեզ գնումների, կենցաղային մաքրության, երեխայի խնամքի հարցերում
- Թույլ տվեք որեւէ մեկին պատրաստի ձեր ճաշը կամ պահի երեխային մինչ դուք ցնցուղ կընդունեք կամ պարզապես կթոթափեք հոգնածությունը
- Շատ հանգստացեք եւ կերեք առողջարար կերակուր
- Զրուցեք սիրելիների կամ նոր մայրացած կանանց հետ, ովքեր կարող են լսել ձեզ ու հավատացնել, որ դուք միայնակ չեք
Այդուհանդերձ, եթե հետծննդյան տրամադրության անկումը շարունակվում է ավելի, քան 1-2 շաբաթ, դիմեք ձեր բժշկին:
Աղբյուրը` http://www.safekids.org