Sidebar

Զույգերի պատրաստումը արտամարմնային բեղմնավորմանը․ ինչ հարցեր քննարկել նախքան մեկնարկը

Արտամարմն յին բեղմնավորումը (IVF) ոչ միայն բժշկական, այլև հուզական և հարաբերական լուրջ ճանապարհ է։

Զույգի համար այն կարող է լինել մեծ հույսի, անհանգստության, լարվածության, և որոշ դեպքերում՝ հիասթափության շրջան։ Ուստի, նախքան գործընթացին դիմելը, կարևոր է, որ զույգը քննարկի մի շարք առանցքային հարցեր՝ հասկանալու համար իրենց նպատակները, սահմանափակումները և փոխադարձ աջակցությունը։


   1. Ինչու ենք մենք ընտրում արտամարմնային բեղմնավորում

Ամենասկզբում պետք է հստակեցնել, թե ինչու եք որոշել անցնել արտամարմնային բեղմնավորման ճանապարհով։ Դա բժշկական անհրաժեշտությո՞ւն է, տարիքային խնդիրներո՞ւվ է պայմանավորված, թե՞ այլ պատճառներով։ Հարցեր՝

  • Մենք միմյանց հետ անկեղծ եղե՞լ ենք բոլոր բժշկական արդյունքների մասին։

  • Սա մեր միասնական որոշումն է, թե՞ մեկը փորձում է մյուսին համոզել։


   2. Որքա՞ն ենք պատրաստ ծախսել

Արտամարմնային բեղմնավորումը հաճախ թանկարժեք է, և գործընթացը կարող է պահանջել մեկից ավելի փորձեր։ Նյութական սահմանափակումների և հնարավորությունների մասին պետք է բաց խոսել։

  • Որքա՞ն գումար ենք պատրաստ ներդնել այս պրոցեսում։

  • Արդյո՞ք ունենանք նախապես սահմանված բյուջե։

  • Արդյո՞ք ֆինանսական լարվածությունը չի ազդի մեր հարաբերությունների վրա։


   3. Ինչպե՞ս ենք պատրաստվում հաղթահարել հուզական լարվածությունը

Արտամարմնային բեղմնավորումը կարող է ներառել սթրես, անհաջողությունների վախ, մեղքի զգացողություն։ Շատ կարևոր է հոգեբանական պատրաստվածությունը։

  • Արդյո՞ք պատրաստ ենք դիմել մասնագետի՝ հոգեբանի աջակցությանը։

  • Ինչպե՞ս ենք միմյանց աջակցելու հիասթափության պահին։

  • Ինչպե՞ս ենք շփվելու ընտանիքի ու շրջապատի հետ այս հարցում։


   4. Քանի՞ փորձ ենք պատրաստ անել

Արտամարմնային բեղմնավորումը միշտ չէ, որ հաջողվում է առաջին փորձից։ Որոշ զույգեր հաջողության են հասնում երկրորդ կամ երրորդ ցիկլից հետո։

  • Որքա՞ն փորձ ենք պատրաստ անցկացնել։

  • Եթե ոչ մի փորձ չհաջողվի, ինչպե՞ս ենք շարունակելու ընտանիքի ստեղծման մեր ուղին։


   5. Ի՞նչ ենք մտածում պահուստային սաղմերի և սեռի ընտրության մասին

Բժշկական պրակտիկան այսօր թույլ է տալիս սաղմերի սառեցում, ինչպես նաև՝ սեռի նախնական որոշում։

  • Պատրա՞ստ ենք սաղմերի սառեցմանը։

  • Ո՞վ է որոշելու, թե որ սաղմերը փոխադրեն։

  • Որքա՞ն ենք վստահում բժշկին այս հարցում։


   6. Ի՞նչ բժշկի և կլինիկայի ենք ընտրում

Ընտրությունը պետք է լինի գիտակցված՝ հիմնված մասնագիտական փորձի, միջավայրի հարմարության և փոխվստահության վրա։

  • Արդյո՞ք ուսումնասիրել ենք տարբեր կլինիկաներ։

  • Կարո՞ղ ենք բժշկի հետ անկեղծ լինել՝ հարցեր տալ, կասկածներ հայտնել։

  • Որո՞նք են տվյալ կենտրոնի հաջողության տոկոսները։


   7. Ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր հարաբերությունների վրա

Այս գործընթացը կարող է մոտեցնել կամ հակառակը՝ լարել զույգին։ Նախապես քննարկելով հնարավոր հետևանքները՝ դուք կարող եք ամրապնդել միմյանց աջակցությունը։

  • Արդյո՞ք բաց ենք միմյանց խնդիրների ու զգացումների համար։

  • Ինչպե՞ս ենք անցկացնում լարված պահերը։

  • Արդյո՞ք սահմաններ ենք դնում ընտանիքի միջամտությունների վրա։


   Այսպիսով՝ արտամարմնային բեղմնավորումը միայն բժշկական միջամտություն չէ․ այն հարաբերությունների, հույզերի և հավատարմության փորձություն է։ Բայց ճիշտ պատրաստվածությունը կարող է ճանապարհը դարձնել ավելի գիտակցված, ավելի համերաշխ ու միմյանց ուժեղացնող։