Sidebar

Վերարտադրողականության մասին 10 տարածված մոլորություն

Աշխարհում յուրաքանչյուր վեցերորդ մարդը բախվում է հղիանալու դժվարություններին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2023 թվականի ապրիլյան զեկույցի համաձայն՝ աշխարհի բնակչության մոտ 17 տոկոսը դժվարությամբ է ունենում հղիություն։ Չնայած այս խնդրի աճող տարածվածությանը՝ վերարտադրողական առողջության թեման շարունակում է մնալ հասարակության մեջ տաբու։

Շատ զույգեր, ովքեր փորձում են հղիանալ, կամ պարզապես լռում են խնդրի մասին, կամ միայնակ այցելում մասնագետի։ Սակայն խնդրի մասին չխոսելը բերում է բազմաթիվ սխալ պատկերացումների տարածման։ Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է նպաստի այս թեմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը՝ խորտակելով մոլորությունները և խրախուսելով մասնագետի ժամանակին դիմելու մշակույթը։

10 տարածված մոլորություն վերարտադրողականության վերաբերյալ

1. Անպտղությունը միայն կանանց խնդիր է
Սա ամենատարածված և վնասակար սխալներից մեկն է։ Գիտությունը վաղուց ապացուցել է, որ անպտղության դեպքերի առնվազն մեկ երրորդը կապված է տղամարդկանց առողջական խնդիրների հետ։ Բայց հասարակությունում մինչ այսօր հիմնական մեղքը բարդվում է կնոջ վրա։

2. Անպտղությունը հազվադեպ է
Մինչդեռ ժամանակակից վիճակագրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր ութերորդ զույգը բախվում է հղիանալու դժվարություններին։ Այսինքն՝ անպտղությունը շատ ավելի տարածված է, քան մենք մտածում ենք։

3. Տարիքը նշանակություն չունի
Տարիքը՝ հատկապես կանանց դեպքում, կարևոր դեր ունի վերարտադրողականության վրա։ 34 տարեկանից հետո ձվաբջիջների որակը սկսում է նվազել, ինչը բարդացնում է հղիանալու գործընթացը։ Ուստի հղիության պլանավորման ժամանակ կարևոր է հաշվի առնել նաև տարիքային գործոնը։

4. Կանոնավոր դաշտանային ցիկլը նշանակում է լիարժեք վերարտադրողականություն
Ցիկլի կանոնավոր լինելը դեռևս չի երաշխավորում, որ յուրաքանչյուր ամսվա ընթացքում տեղի է ունենում ձվազատում։ Այն նաև չի արտացոլում ձվաբջիջների որակը։ Այսպիսով, միակ այս նշանը բավարար չէ վերարտադրողական առողջությունն գնահատելու համար։

5. Հղիությունից պաշտպանող հաբերը պահպանում են ձվաբջիջները
Շատերն են կարծում, թե հակաբեղմնավորիչ հաբերը կարող են պահպանել ձվաբջիջների պաշարը։ Իրականում՝ ձվաբջիջների պահպանումը հնարավոր է միայն սառեցման միջոցով՝ վերարտադրողական ակտիվ շրջանում։

6. Տղամարդիկ չունեն կենսաբանական ժամացույց
Տարիքը նույնքան ազդեցություն ունի նաև տղամարդկանց վերարտադրողականության վրա։ 40 տարեկանից հետո տղամարդկանց սպերմայի որակը կարող է նվազել, ինչը բարդացնում է երեխա ունենալու հնարավորությունները։

7. Սթրեսը հիմնական պատճառ է
Չնայած սթրեսը կարող է ազդել ընդհանուր առողջության վրա, սակայն մասնագետները չեն հաստատում այն որպես անպտղության ուղիղ պատճառ։ Բայց սթրեսի նվազեցումը կարող է բարելավել հղիանալու հնարավորությունները։

8. Եթե արդեն մեկ երեխա ունեք, երկրորդ հղիությունը հեշտ կլինի
Նախկին հղիությունը չի նշանակում, որ հետագայում նույն կերպ հեշտ կլինի հղիանալ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հնդկաստանում յուրաքանչյուր 10-14 զույգից մեկը բախվում է երկրորդ հղիության դժվարություններին։

9. Բուժման ծախսերը ապահովագրված են
Բոլոր վերարտադրողական բուժումներն ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցում ամբողջությամբ։ Հաճախ ապահովագրվում է միայն արտամարմնյին բեղմնավորման որոշ փուլեր։ Հետևաբար կարևոր է նախապես ծանոթանալ ապահովագրական պայմաններին։

10. Արտամարմնային բեղմնավորումը միշտ հաջող է
Չնայած արտամարմնային բեղմնավորումն այսօր լայնորեն կիրառվող արդյունավետ մեթոդ է, այն միանշանակ հաջողություն չի ապահովում։ Հաջողության հավանականությունը կախված է մի շարք գործոններից՝ կնոջ տարիքը, առողջական վիճակը և այլն։ Այդ պատճառով բժշկի մոտ հնարավորինս շուտ այցելելը մեծացնում է հաջողության շանսերը։