Նյութը ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը
Արգանդի պարանոցի հիվանդությունները լայն տարածում ունեն կանանց ախտաբանության մեջ: Ցանկացած կին, նույնիսկ որևէ գանգատի բացակայության դեպքում, տարեկան 2 անգամ պետք է այցելի մանկաբարձ-գինեկոլոգի, որպեսզի անցկացվի կանխարգելիչ բուժզննում:
Գոյություն ունեն արգանդի վզիկի ախտաբանության մի շարք դասակարգումներ: Գործնականում կիրառելի է հետևյալ մորֆոլոգիական դասակարգումը` ֆոնային պրոցեսների, նախաքաղցկեղային և արգանդի պարանոցի հիվանդություններ:
Ֆոնային պրոցեսներն իրենց մեջ նեռարում են էկտոպիաները (էնդոցերվիկոզ, գեղձային էրոզիա, պսևդոէրոզիա), պոլիպները, պապիլոմաները, բորբոքային պրոցեսները, հետվնասվածքային պրոցեսները, սպիական փոփոխությունները:
Նախաքաղցքեղային վիճակները ներառում են տարբեր աստիճանի արտահայտված դիսպլազիաներ, լեյկոպլակիա բջիջներ, Cancer in situ` ներէպիելային 0 փուլ, միկրոկացինոմա և կլինիկական ձևեր :
Արգանդի վզիկի ֆոնային հիվանդություններից ամենատարածվածն արգանդի վզիկի էրոզիան է՝ էկտրոպիոնը: Արգանդի վզիկի էրոզիան իրենից ներկայացնում է վզիկի լորձաթաղանքի դիստրոֆիա: Հիվանդությունների առաջացումը կարող է կապված լինել բորբոքումների և ծննդաբերական վնասվածքների հետ:
Պսևդոէրոզիան համարվում է նախաքաղցքեղային պրոցես, երբ բորբոքային պրոցեսը ներթափանցում է ավելի խորը շերտեր` առաջացնելով բջիջների ատիպիա: Ախտորոշումը տեղի է ունենում վզիկի զննումով, հայելիներով, կոլպոսկիայով: Էրոզիայի և պսևդոէրոզիների դեպքում անհրաժեշտ է լիարժեք բուժզննում, ուղեկցող բորբոքային հիվանդությունների բուժում, սպեցիֆիկ ինֆեկցիաների հայտնաբերում և բուժում: Որոշակի իրավիճակներում անհրաժեշտ են նաև վիրահատական միջամտություններ:
Արգանդի վզիկի պոլիպն իրենից ներկայացնում է արգանդի վզիկի խողովակի լորձաթաղանթի գերաճ: Բուժումը վիրահատական է. հեռացված պոլիպը պետք է ուղարկվի հյուսվածքաբանական քննության:
Արգանդի պարանոցի քաղցկեղ. այս հիվանդությունը տարբերվում է մյուս քաղցկեղներից , քանի որ առաջացման հիմնական պատճառները հայտնի են բժշկությանը՝ պապիլոմա վիրուսի առկայությունը և նրա ակտիվ գործունեությունը կնոջ օրգանիզմում: Շատ կարևոր է քաղցկեղի հայտնաբերումը վաղ շրջանում, որպեսզի կանխվի չարորակ գործընթացների առաջացումը և հնարավոր լինի խուսափել մահվան ելքից: Արգանդի պարանոցի քաղցկեղը հիմանակնում հանդիպում է միջին տարիքի կանանց մոտ , ախտորոշվում է հիմնականում 35-55 տարեկանում:
Ցանկացած նախաքաղցկեղային իրավիճակում անհրաժեշտ է դինամիկ վերահսկողություն:
Տարբերում են.
- թեթև աստիճանի դիսպլազիա(CIN I), որի դեպում անհրաժեշտ է կատարել պապիլոմա վիրուսի քննություն, կոլպոսկոպիա և բիոպսիա: Բուժումը կախված է պաթոհիստալոգիական քննության պատասխանից:
- բարձր աստիճանի տափակ բջջային ներէպիթելային ախտահարումներ, որոնք ներառում են CiN II, CiN III, քաղցկեղ in situ: Ախտորոշման մեթոդները նույնն են: Հյուսվածքաբանական հետազոտությամբ՝ ախտորոշման հաստատումից հետո անհրաժեշտ է ախտահարված հատվածն ամբողջությամբ հեռացնել:
Անհրաժեշտ է հիշել, որ արգանդի պարանոցի ախտաբանությունները, նախաքաղցկեղային վիճակները նախաքաղցկեղային գործընթացներ են, երբ բորբոքային պրոցեսը ներթափանցում է ավելի խորը շերտերը՝ առաջացնելով բջիջների ատիպիա: Ախտորոշումը տեղի է ունենում վզիկի զննումով, հայելիներով , կոլպոսկիայով և նշանակիր բիոպսիայով: Խնդիրների ճիշտ և ժամանակին հայտնաբերումը և գրագետ բուժումը կօգնի Ձեզ խուսափել բազմաթիվ խնդիրներից: