Ծննդաբերության նախանշանները. ինչպե՞ս հասկանալ, որ փոքրիկը լույս աշխարհ է գալիս

Որո՞նք են ծննդաբերության նախանշանները, և ինչպե՞ս կարող է կինը հասկանալ, որ փոքրիկը լույս աշխարհ է գալիս։

ՓՈՐԻ «ԻՋՆԵԼԸ» - Կինը կարող է նկատել, որ փորն իջել է։ Առաջնածինների դեպքում այս երևույթը նկատվում է ծննդաբերությունից 2-3 շաբաթ առաջ, իսկ կրկնածինների դեպքում՝ ծննդաբերության նախօրյակին։

ՇՆՉԵԼԸ ՀԵՇՏԱՆՈՒՄ Է – Երեխայի՝ ներքև տեղափոխվելու արդյունքում վերանում է ճնշումը ստոծանու և ստամոքսի վրա, և շնչելը հեշտանում է։ Բայց դրա հետ միասին մեծանում է ճնշումը փորի ներքնամասում։ Նստելը և քայլելը փոքր-ինչ դժվարանում է։

ՀԱՃԱԽԱԿԻ ՄԻԶԱՐՁԱԿՈՒՄ ԵՎ ԿՂՈՒՄ – Առաջանում է հաճախակի միզելու ցանկություն, քանի որ մեծանում է ճնշումը միզապարկի վրա։ Ծննդաբերության հորմոններն ազդում են կնոջ աղիների վրա՝ առաջ բերելով, այսպես կոչված, նախնական մաքրում։ Որոշ կանայք որովայնում կարող են ունենալ թեթև կծկումներ և փորլուծություն։

ՑԱՎԵՐ ՄԵՋՔԻ ՍՏՈՐԻՆ ՄԱՍՈՒՄ – Երեխայի ներքև տեղափոխվելուց հետո կինը գոտկամասում տհաճ զգացողություններ կարող է ունենալ։ Այդ զգացողությունները պայմանավորված են ոչ միայն երեխայի առաջ բերած ճնշմամբ, այլև կոնքի ոսկորների շարակցական հյուսվածքների գերձգմամբ։

ՊՏՂԻ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ – Մանկիկը կարող է մերթ մի քիչ հանգստանալ, մերթ շատ ակտիվ շարժվել։ Նա, ասես, ընտրում է ռիթմը և ամենահարմար պահը ծնվելու համար։

ԱԽՈՐԺԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ – Ծննդաբերությունից առաջ կարող է ախորժակը փոխվել։ Առավել հաճախ նկատվում է ախորժակի նվազում։ 

ՄԱՐՄՆԻ ՔԱՇԻ ՆՎԱԶՈՒՄ – Ծննդաբերությունից առաջ կինը կարող է մի քիչ նիհարել։ Հղի կնոջ քաշը կարող է պակասել 1-2 կգ-ով։

ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ – Կինը անհամբերությամբ սպասում է «իր ժամին», կարող է տրամադրությունը «հանկարծ» փոխվել։ Հոգնածությունն ու անտարբերությունը անսպասելիորեն կարող են իրենց տեղը զիջել բուռն գործունեությանը։ Կինը պատրաստվում է դիմավորել իր մանկիկին։

ԱՐԳԱՆԴԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԿԾԿՈՒՄՆԵՐ – Կինը կարող է որոշակի կծկումներ զգալ նաև ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ։ Եթե կանոնավոր և տևական ռիթմ չի հաստատվում, եթե կծկումների միջև դադարները չեն կրճատվում, որպես կանոն, այդ նշանները բոլորովին էլ ծննդաբերության սկիզբը չեն ազդարարում։

 

Հեղինակ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Նանա Դանիելբեկ