Հարցերին պատասխանում է նեոնատալ բժշկության ասոցիացիայի ընտանեկան հոգեբան, խորհրդատու Աննա Բադալյանը
Ինչպե՞ս պետք է կինը հոգեբանորեն նախապատրաստվի ծննդաբերությանը:
Հղիությունը զուտ ֆիզիոլոգիական գործոն չէ, դրա առաջին իսկ օրվանից հարկավոր է ձեռք բերել հոգեբանական պատրաստվածություն: Նոր կյանք իր մեջ կրելու փաստը կնոջը վեհացնում է, բայց միաժամանակ կարող է տագնապային դարձնել: Կինն ինքն իրեն հարց է տալիս. «Արդյոք ես կարո՞ղ եմ դա անել»: Առաջին, երկրորդ, երրորդ եռամսյակի ընթացքում կնոջ զգացողությունները փոփոխվում են: Երեխայի աճին զուգահեռ նաև ավելանում է տագնապը: Հղիության ընթացքում վախը և նախկինում ունեցած բուն ծննդաբերությունից վախը բոլորովին տարբեր բաներ են:
Ի՞նչպես է հնարավոր հաղթահարել ծննդաբերութան վախը:
Վախը բնական հոգեբանական նախանշան է ծննդաբերությունից առաջ: Առաջին հերթին հարկավոր է ճշտել վախի պատճառը, քանի որ հաճախ դա լինում է անորոշությունը, եթե առաջին ծննդաբերությունն է: Նաև կարող են լինել ենթագիտակցական գործընթացներ, վախեր, որոնք գլուխ են բարձրացնում: Շատ կարևոր է վստահության գործոնը դեպի բժիշկ գինեկոլոգը, ինչպես նաև երեխայի հետ հուզական կապի ապահովումը: Շուրջծննդյան (պրենատալ) հոգեբանության մեջ կան հատուկ սխեմաներ, որոնցով հոգեբանները պարզում են կնոջ վախերի բնույթը. դրանք ենթագիտակցական են, թե գիտակցական:
Ինչպե՞ս ընտանիքը, հարազատները կարող են աջակցել կնոջը նախապատրաստվել ծննդաբերությանը, ինչպիսի՞ն է նրանց դերն այդ գործում:
Հղիությունը հիվանդություն չէ, բայց հղիության ընթացքում շատ կարևոր է շրջապատի վերաբերմունքը կնոջ հանդեպ: Դեպքեր են լինում, երբ կանայք հղիության ընթացքում դառնում են քմահաճ, քնկոտ կամ էլ հակառակը չափազանց ակտիվ ու զգայուն: Հարազատների հոգեբանական օգնությունն այս դեպքում կլինի հանդուրժողականությունը, բարոյական նեցուկը: Օրինակ՝ իմաստուն սկեսուրը պետք է գիտակցի, որ շատ հնարավոր է իր հարսիկին դուր չգա իր պատրաստած ճաշի հոտը, քանի որ հղիության ընթացքում փոփոխվում է նաև հոտերի ընկալումը: Շատ կարևոր է հասկանալ, որ ցանկացած տհաճ զգացողություն երեխային է վնասում:
Ինչպե՞ս խուսափել խուճապից երկունքի ցավերի հանկարծակի սկսվելու պահին:
Դոմինանտ գործոնը պետք է լինի, որ կինը նոր կյանքի սկիզբ է արարում, և իր ցանկացած տագնապը կարող է երեխային վնասել։ Եթե կինը սա գիտակցի, ապա չի վախենա, և հոգեբանի կարիք չի լինի: Անգամ ծննդաբերության ժամանակ, երբ ասում են, որ կինը խորը շնչի, չջղաձգվի, դա ասում են, որպեսզի երեխան ազատվի: Մենք հաճախ ծննդաբերության ժամանակ խոսում ենք կնոջ ցավերից, բայց ոչ ոք չի խոսում, թե ինչպես է երեխան այդ ամենի միջով անցնում: Լույսը, առաջին շփումը, պորտալարի կտրելը, միջավայրը փոխելը մեծ վախ է երեխայի համար, և անթույլատրելի է, որ դրան գումարվի նաև մոր վախը:
Արդյոք ճի՞շտ է հոգեբանական տեսանկյունից, որ ամուսինը կամ հարազատներից մեկը ներկա գտնվի ծննդաբերությանը:
Հայաստանում շատ վաղուց այդ պրակտիկան կիրառվում է, բայց ամուսինը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի ներկա գտնվելու ծննդաբերությանը: Անպայման նա պետք է նախապատրաստական փուլ անցած լինի: Չպետք է տեսնի ընկերքը, արյունը, այլ պետք է կանգնած լինի իր կնոջ գլխավերևում և ցուցաբերի հոգեբանական օգնություն: Միանշանակ պատասխան լինել չի կարող՝ ամուսնու ներկա գտնվելը կնոջը կօգնի՞, թե ոչ։ Եթե ծնողների և երեխայի միջև հուզական կապվածությունը բարձր մակարդակի վրա է, ապա միանշանակ կօգնի: Լինում են դեպքեր, երբ ամուսինը այդ գործընթացն ընկալում է որպես ընտանեկան պարտավորվածություն, իսկ այդ դեպքում նա օգնելու փոխարեն կարող է նույնիսկ խանգարել կնոջը:
Խաչատրյան Նելլի