Գլխացավը հղիության ընթացքում-2

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Բուժումը

Գլխացավի դեղահաբերով բուժումը հղիության ժամանակ սահմանափակ է, քանի որ դրանց մեծամասնությունը բացասաբար է անդրադառնում հղիության ընթացքի և պտղի ձևավորման վրա: Բացի այդ, բուժումն անմիջականորեն կախված է գլխացավի պատճառներից:

Ոմանք կարողանում են ազատվել գլխացավից  մութ և օդափոխված սենյակում հարմար դիրքով պառկելով: Սովորաբար գլխացավն անցնում է կարճատև քնից հետո:

Գլխացավի դեպքում կարող է օգնել նաև գլխի թեթև մերսումը. Մատների ծարյերով հարկավոր է շրջանաձև շարժումներ անել, միևնույն ժամանակ հարկավոր է առավելագույնս թուլանալ:

Գլխացավի դեմ պայքարի ոչ դեղորայքային մեթոդ է նաև գլուխը տաք ջրով լվանալը:

Բացառված չէ նաև, որ  ճակատին, ծոծրակին և քունքերին դրված սառը թրջոցը ևս կարող է օգնել:

Հանգստացնող և ցավազրկող ազդեցություն ունեն անաուխի, մասուրի, երիցուկի թուրմը: Դրանցից կարելի է թեյ պատրաստել:  Որոշ դեպքերում, հատկապես ցածր ճնշման դեպքում, կարող է օգնել թունդ քաղցր թեյը:

Գլխացավի դեմ պայքարում կարևոր գործոն է նաև տրամադրվածությունը. պետք է հավատալ, որ գլխացավը հնարավոր է հաղթահարել առանց դեղահաբերի:

Հղիության ընթացքում գլխացավի դեմ կարող են կիրառվել պարացետամոլ պարունակող դեղահաբեր /Էֆֆերալգան, Պանադոլ/, որոնք կախվածություն չեն առաջացնում:

Ասպիրինի  և ասպիրին պարունակող այլ դեղամիջոցների /Ցիտրամոն, Ցիտրապար/ օգտագործումը, հատկապես  հղիության առաջին եռամսյակում, կարող է հանգեցնել պտղի զարգացման շեղումների,  մասնավորապես` սրտի և ստորին ծնոտի: Հղիության վերջին եռամսյակում ասպիրինի օգտագործումը կարող է ծննդաբերության ժամանակ արյունահոսության պատճառ դառնալ:

Անալգինը և մյուս դեղամիջոցները /Բարալգին, Սպազմալգոն, Սպազգան/, որոնց բաղադրության մեջ անալգին կա, բավականին տոքսիկ են և երկարատև օգտագործման դեպքում  արյան պաթոլոգիկ փոփոխության են հանգեցնում:

Բոլոր դեպքերում, դեղահաբ ընդունելիս խորհրդակցեք բժշկի հետ:

Անպայման բժշկի դիմեք նաև, եթե.

  • Գլխացավը դարձել է մշտական և վերջին շրջանում փոխվել է դրա բնույթը
  • Գլուխը ցավում է անգամ առավոտյան` քնից արթնանալուց
  • Ցավը կենտրոնացած է գլխի կոնկրետ հատվածում
  • Գլխացավն ուղեկցվում է նյարդային համակարգի ախտահարման նշաններով
  • Տեսողության, լսողության, խոսքի և շարժողական համակարգի խանգարումներով:
  • Ցավը բարձր կամ ցածր զարկերակային ճնշման ուղեկից է:

Կանխարգելումը

Հիմնական քայլերը պետք է ուղղված լինեն  գլխացավը կանխարգելելուն:

Նախ և առաջ, հատկապես միգրենի դեպքում, պետք է հասկանալ, թե որ գործոններն են  գլխացավ առաջացնում:

Եթե որոշ մթերքներ գլխացավ են առաջացնում, դրանք պետք է բացառել սննդակարգից: Նաև պետք է հետևել, որ միշտ ժամանակին սնվեք, քանի որ քաղցը ևս գլխացավ կարող է առաջացնել:

Գլխացավից խուսափելու համար կարևոր է նաև, որ հղի կինը լիարժեք քնի` ամեն օր նույն ժամին: Այս դեպքում արդեն որևէ օր սովորականից ավել քնելը կարող է գլխացավի պատճառ դառնալ:

Աշխատեք շատ հանգստանալ, զբոսնել մաքուր օդում: Նույն դիրքում երկար աշխատելու դեպքում ամեն 30 րոպեն մեկ վեր կացեք, քայլեք, ձգեք մարմինը:

Խուսափեք աղմկոտ միջավայրից, բարձր ձայներից. Այդ ամենը կարող է գլխացավ առաջացնել:

Գլխացավը կանխարգելելու միջոց է նաև տաք ցնցուղը, ինչպես նաև լողավազանում լողալը:

 

Նյութն ըստ 9months.ru կայքի