Որոշ կանայք հղիության հենց սկզբից տհաճ զգացողություն են ունենում, մյուսները երկար ժամանակ ոչ մի անհարմարություն չեն զգում:
Այդուհանդերձ, սրանք այն դրսևորումներն են, որ հանդիպում են կնոջ մոտ հղիության ժամանակ.
- Հղիության առաջին օրերին կինը կարող է անհաղթահարելի հոգնածություն զգալ: Դրա պատճառն այն է, որ օրգանիզմը մեծ ջանքեր է թափում` նոր իրավիճակին հարմարվելու համար: Աշխատեք հաճախակի հանգստանալ և կես ժամը մեկ նստեք` ոտքերը բարձր տեղ դնելով:
- Կրծքերի մեջ ծակոցներ են լինում, կամ կուրծքը գերզգայուն է դառնում, ինչպես դաշտանի ժամանակ: Կրծքերի պտուկները մգանում են և ուռչում, կրծքի արյունատար անոթները ընդգծվում են: Այդ օրվանից մինչև ծննդաբերություն հարկավոր է կուրծքը լավ պահող կրծքկալ հագնել:
- Կինը ուտելիս կամ թեյ, սուրճ խմելիս բերանի մեջ կարող է մետաղական տարօրինակ համ զգալ: Դա առաջանում է թեյի կամ սուրճի որոշակի տեսակներ օգտագործելիս, հետևաբար մի քանիսը փորձելուց հետո կհասկանաք, թե որն է ձեր քիմքն ընդունում հղի ժամանակ:
- Հղիության ժամանակ շատ բնական է տհաճ զգացումը, սրտխառնոցը առավոտյան կամ օրվա ընթացքում: Սրտխառնոցն ավելի հաճախակի առաջանում է առավոտյան, երբ կինը քաղցած է: Այդ պատճառով շատ ճիշտ կլինի անկողնում նախաճաշել` ոչ շատ քաղցր թխվածքաբլիթով մեկ բաժակ թեյ խմել: Օրվա ընթացքում էլ պետք է ածխաջրերով հագեցած սնունդ ընդունել` մասնավորապես մակարոնեղեն, կարտոֆիլ և հաց, իսկ տապակած ճաշատեսակներից պետք է խուսափել:
- Եվ վերջապես մեծացած արգանդը սեղմում է միզապարկը, և հղի կինն ունենում է հաճախամիզություն:
- Հղիության ժամանակ աղիքների գործունեության ռեժիմը սովորաբար խանգարվում է: Կանանցից շատերը դժգոհում են փորկապությունից: Հաճախանում են նաև թութքի դեպքերը: Փորկապությունից խուսափելու համար աշխատեք շատ հեղուկ խմել: Շատ օգտակար են նաև ֆիզիկական վարժությունները: Երբեմն բժիշկները փորկապությունից խուսափելու համար խորհուրդ են տալիս խմել թուլացնող մեղմ միջոցներ, օրինակ` մագնիումի կաթ կամ սև սալորի հյութ: Մի քանի սննդատեսակներ, ինչպես ցորենի կամ բրնձի թեփը, խաշած ավելուկը, կարող են բազմազանություն մտցնել ձեր օրաբաժնի մեջ և փորկապությունն էլ թուլացնել: