Հղիների նորաձեւության` այս տարվա առաջարկը հունական ոճով կարված հագուստն է

Մայրանալը յուրաքանչյուր կնոջ կյանքում կարեւոր եւ սպասված իրադարձություն է: Մի ժամանակահատված, երբ անկախ ամեն ինչից, կտրուկ փոխվում է կնոջ կյանքը, այդ թվում' նրա կազմվածքը:

Դա նշանակում է, որ ճիշտ ժամանակն է մտածելու զգեստապահարանը թարմացնելու' առաջին հայացքից բարդ, բայց եւ հաճելի գործընթացի մասին:

Պետք չէ խուճապի մատնվել' կարծելով, թե ստիպված եք լինելու հրաժեշտ տալ կարճ շրջազգեստներին, կիպ ջինսերին կամ բարձրակրունկ կոշիկներին: Պարզապես հագուստի եւ կոշիկների ընտրության հարցում ժամանակավորապես անհրաժեշտ կլինի ցուցաբերել հատուկ ուշադրություն: Ապագա մայրիկների համար նախատեսված հագուստը պետք է հնարավորություն տա ազատ տեղաշարժվելու, լինի որակյալ, թեթեւ եւ հարմարավետ:

«Նախեւառաջ կինը հղիության առաջին իսկ օրվանից պետք է խուսափի սեղմող հագուստ կրելուց. ցանկալի է, որ այն լինի ոչ թե սինթետիկ, այլ բնական նյութերից, օրինակ' բամբակից, որի փափկությունը ե'ւ հաճելի է, ե'ւ օգտակար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Նյու Մեդ» ուռո-գինեկոլոգիական կենտրոնի գինեկոլոգ Հռիփսիմե Թորոսյանը:

Նրա խոսքով' բամբակից հագուստը չի պարունակում սինթետիկ նյութեր, ինչը հնարավորություն կտա խուսափել ալերգիայի անցանկալի հետեւանքներից: Այս տարի արտասահմանյան մի շարք դիզայներներ եւ հղիների նորաձեւության համաշխարհային մեծության առաջատարներ, ինչպես, ասենք, Լոռա Էշլին, Ավենյու դե Բեբեն, Դիանա Ամլին, շարունակում են մտածել տարբերակներ' կնոջը գեղեցկացնելու համար: Նրանցից շատերն այս տարի առաջարկում են հղի կանանց' հունական ոճով կարված հագուստ: Այն հնարավորություն է տալիս օգտագործելու թափանցիկ կտորներ, որոնք հետաքրքիր կերպով կթաքցնեն որովայնի հատվածը, միաժամանակ կհաղորդեն կանացիություն:

Հատկապես հղիության վերջին ամիսներին կանայք տաբատ կրելու մեծ դժվարություններ են ունենում: Բայց այդ հարցն էլ գրագետ մոտեցման դեպքում կարելի է համարել լուծված: Հղի կանանց համար մասնագիտացված խանութներում, որոնց թիվը այսօր Երեւանում քիչ չէ, կարելի է գտնել նորաձեւ եւ հարմար տաբատներ: Տաբատ ընտրելիս, մասնագետների պնդմամբ, ամենակարեւոր հանգամանքն այն է, որ հնարավորինս չսեղմի արգանդի հատվածը: Սովորաբար այդպիսի տաբատների վերեւի հատվածն ավելի լայն է եւ կարված է բնական գործվածքից, իսկ ներքեւինը' գնալով նեղանում է:

Եթե հագուստի հարցում ցանկալի է, որ այն լինի բնական նյութերից, ապա ներքնազգեստի դեպքում դա պարտադիր պայման է: «Հղի կանայք շատ դյուազգաց են, այնպես որ հղիության ընթացքում նախընտրելի է կրել հատուկ' հղիների համար նախատեսված ներքնազգեստ»,- ավելացրեց գինեկոլոգը: Նա խորհուրդ չի տալիս կանանց հղիության ընթացքում օգտագործել ամենօրյա միջադիրներ, քանի որ վերջիններս կարող են վնասել առողջությանը:

Շատ կանայք չեն պատկերացնում իրենց առօրյան առանց բարձրակրունկ կոշիկների: Հոգեբանները դա բացատրում են նրանով, որ բարձրակրունկներով կանայք իրենց ավելի վստահ են զգում: Չափազանց բարձր կրունկներից հղիության շրջանում հրաժարվել պետք է, բայց ինչ վերաբերում է միջին չափսին, ապա դրանք ոչ միայն թույլատրելի են, այլեւ ցանկալի: Որպեսզի արյան շրջանառությունը լինի բավարար, խորհորդ է տրվում կրել հենց միջին բարձրության կրունկներ, ավելի քան տափակ կոշիկներ, որոնք կարող են դանդաղեցնել արյան շրջանառության գործընթացը:

Ինչ վերաբերում է դիմահարդարմանը, ապա այս դեպքում ամեն ինչ անհատական է, պարզապես պետք է դիմահարդարվել միայն հիպոալերգեն նյութերով: Աքսեսուարները ցանկալի է, որ լինեն բնական քարերից կամ մետաղներից, որոնք չեն առաջացնի ալերգիկ ռեակցիաներ:

Համաշխարհային մեծության աստղերից շատերը, հայտնվելով «հետաքրքիր» դրության մեջ, ձեռնամուխ են եղել հղի կանանց համար նախատեսված հագուստի սեփական ցուցադրությունների կազմակերպմանը: Նախորդ հազարամյակը նորաձեւության աշխարհում նշանավորվեց իսկական «baby-boom»-ով: Հղի աստղերը Հայաստանում եւս մեծ հաճույքով են հաճախում հասարակական վայրեր, տարբեր երեկույթների' դրանով առաջացնելով մեծ հետաքրքրություն պապարացիների շրջանում: Նյույորքյան մոդայի տները առաջինն արձագանքեցին ժամանակի թելադրանքին. «կլորիկ» մանեքենների վրա հայտնվեցին ամենանորաձեւ հագուստները' ջինսեր, կաշվե ժակետներ, երեկոյան զգեստներ, լողազգեստներ: Դիզայներները փորձեցին ապացուցել, որ կլոր փորը առիթ չէ չափազանց լայն հագուստ կրելու եւ գրավիչ կուրծքը թաքցնելու համար: