Սեքսը հղիության ընթացքում ոչ միայն արգելված չէ, այլև խորհուրդ է տրվում

 

Հղիության ընթացքում սեռական կյանքն օգնում է ամուսիններին պահպանել փոխադարձ սերն ու ֆիզիկական կապը:

Հղիության ընթացքում կինը կարող է անգամ զգալի սեռական հակում ունենալ, հատկապես հղիության երկրորդ եռամսյակում, երբ սկսում է սեռական հորմոնների գերարտադրություն: Հենց այդ հորմոններն են, որոնք կնոջ աչքերին, մազերին և մաշկին հաղորդում են  հատուկ փայլ, մեծացնում կանացի բնազդը:

Այդ շրջանում փոքր կոնքի օրգանների արյան շրջանառությունը մեծանում է, ինչի հետևանքով սեռական հակումն ավելի է ընդգծվում: Կա կարծիք, որ արու զավակի սպասող կանայք վերապրում են սեռական բուռն ցանկություններ:

Որոշ տղամարդիկ խուսափում են  սեռական հարաբերություններից, երբ կինը հղի է`վախենալով վնասել երեխային: Սակայն հարկ է նշել, որ սեռական ակտիվությունը հղիության չի սահմանափակվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է սահմանափակվի ոչ միայն սեռական, այլև ֆիզիկական ակտիվությունը:


Հղիության ժամանակ խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությամբ զբաղվել, երբ առկա է.

 

  • հղիության ընդհատման ակտիվ վտանգ
  • հեշտոցից արյունահոսություն
  • վաղաժամ ծննդաբերության վտանգ
  • պտղաջրի հոսք
  • ընկերքի ցածր կամ ոչ ճիշտ դասավորություն
  • բազմապտուղ հղիություն
  • զուգընկերներից մեկի մոտ սեռավարակ:

Իսկ եթե հղիությունն ընթանում է առանց որևէ խոչընդոտի, ապա պետք է մոռանալ պտղին վնասելու մտահոգությունից: Ձեր փոքրիկը հուսալիորեն պաշտպանված է մոր արգանդի վզիկում գտնվող լորձային խցանով, պտղապարկով և պտղաջրերով: Ավելին, սեռական  հարաբերությունները դրականորեն են ազդում  կոնքի հատակի մկանների վրա` դրանք դարձնելով ավելի ուժեղ և ձիգ, ինչը ծննդաբերության ժամանակ ունի որոշիչ նշանակություն:

Այդուհանդերձ, հղիության ընթացքում սեռական հարաբերությունները պետք է ընթանան որոշակի դիրքային սահմանափակումներով:

Առավել հարմար է կողքի դիրքը: Հղիության միջին ժամկետներում բավականին բարենպաստ է այն դիրքը, երբ կինը նստած է զուգընկերոջ ծնկներին` մեջքով դեպի նա: Որոշ դիրքեր, երբ կինը գտնվում է վերևում, հարմար են նաև հղիության վերջին ամիսներին: Շատերին դուր է գալիս նաև չորեքթաթ դիրքը:

Իսկ ծննդաբերությունից անմիջապես առաջ խորհուրդ է տրվում զբաղվել սեքսով: Սպերմատոզոիդները պարունակում են այն հորմոնը, որը ներարկում են երկունքը խթանելու համար:

 

Աղբյուրներ` «Գիրք ծննդոց», հեղինակներ`

Ռազմիկ Աբրահամյան, Գայանե Ավագյան «Առողջ հղիություն»`

ըստ եվրոպացի և ամերիկացի հայտնի մասնագետների

բազմանուն գիտական հրատարակությունների