Եկեք քննարկենք իրավիճակներ, որոնց դեպքում հղի կինը պետք է անհապաղ դիմիբժշկի։
1․ Արյունահոսություն
Հղիության վաղ շրջանում այն կարող է վկայել՝
- ինքնաբեր վիժման,
- արտարգանդային հղիության ընդհատման մասին,
Հղիության ուշ շրջանում կարող են առաջանալ այլ՝ ավելի վտանգավոր խնդիրներ
- ընկերքի վաղաժամ շերտազատում,
- արգանդի պատռվածք։
2․ Ուժեղ գլխացավ
Գլխացավ կարող է առաջանալ արյան բարձր ճնշման դեպքում, որը պրեէկլամպսիայի (հղիության ընթացքում զարգացող հիվանդություն է՝ կապված օրգան- համակարգերի ֆունկցիոնալ խանգարումների հետ) նշաններից է, իսկ պրեէկլամպսիան հղիության ամենավտանգավոր բարդություններից է, որը կարող է հանգեցնել գիտակցության կորստի, ցնցումների, նույնիսկ մոր և պտղի մահվան։
3․ Ցավ (որովայնային և կոնքային)
Ուժեղ կամ չափավոր արտահայտված, տևական ցավերի դեպքում անհապաղ դիմեք բժշկի։ Ցավը կարող է լինել վիժման, վաղաժամ ծննդաբերության, արգանդի լարվածության առաջին նշանը, որը պտղի մոտ կարող է թթվածնային քաղց առաջացնել։
4․ Արտադրություն
Հղիության ընթացքում հեշտոցային արտադրությունը կարող է ուժեղանալ, բայց եթե այն բաց գույն ունի և Ձեզ չի անհանգստացնում, ապա մտահոգվելու պատճառ չկա։ Սակայն եթե արտադրությունն ունի շաgանակագույն, կանաչավուն երանգ, ուղեկցվում է տհաճ հոտով և քորով, այն կարող է սեռավարակի նշան լինել։ Բոլոր դեպքերում պետք է դիմել բժշկի, որովհետև սեռավարկները կարող են առաջացնել վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն, պտղի արատներ, ինչպես նաև մոր և երեխայի մոտ հետծննդյան շրջանի բարդություններ։
5․ Պտղաջրերի վաղաժամ արտահոսք կամ խոնավության զգացում
Երբեմն կանայք ուժեղ հազից կամ փռշտոցից հետո խոնավություն են զգում։ Հեղուկը կարող է պտղաջուր լինել, հնարավոր է՝ միզածորություն լինի։ Ամեն դեպքում, եթե կա հարպտղային ջրերի արտահոսքի կասկած, ապա պետք է անմիջապես դիմել բժշկի։
6․ Պտղի շարժումների կտրուկ ավելացում կամ դանդաղում
Երբեմն հղի կանայք նկատում են պտղի շարժումների չափից դուրս ակտիվացում։ Հնարավոր է՝ երեխան փաթաթվել է պորտալարով, կամ պորտալարը հանգուցվել է՝ դանդաղեցնելով կամ դադարեցնելով արյան հոսքը։
7. Տենդ, ջերմության բարձրացում
Հղիության վաղ շրջանում տենդը պտղի մոտ կարող է արատներ առաջացնել։ Տենդը կարող է վկայել շնչուղիների սուր բորբոքման, ինչպես նաև երիկամների, միզուղիների կամ միզապարկի բորբոքման մասին։
8․ Մշտական գլխապտույտ
Մշտական կամ աչքերի մթագնումով և գլխացավով ու սրտխփոցով ուղեկցվող գլխապտույտը կարող է սուր սակավարյունության կամ այլ լուրջ հիվանդությունների նշան լինել, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ Ձեր հղիության վրա։
Եղե՛ք առողջ։
Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն