Վիժումը ցավոտ իրողություն է և, իհարկե, մեծ սթրես կնոջ օրգանիզմի համար: «Սաղմը կամ պտուղը ինքնաբերաբար դուրս է մղվում արգանդից, սակայն դեռ չի կարող ապրել արտաքին աշխարհում: Այս պատճառով գրանցվում է հղիության անսպասելի ավարտ»,- բացատրում է «Նաիրի» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը:
Վիժման դեպքում կինն ունենում է կծկում կամ ցավ մեջքի, որովայնի ստորին հատվածում, ուժեղ արյունահոսություն (մակարդուկի կամ հյուսվածքի հետ, որը նման է դաշտանի), թեթև արյունահոսություն, որը տևում է ավելի քան երեք օր, հղիության նշանների՝ սրտխառնոցի ու կրծքագեղձերի զգայունության անհետացում: «Այնպես չէ, որ վիժումից հետո կինն ապահովագրված է խնդիրներից: Հղիության ընթացքում հորմոնները ենթարկվել են լուրջ փոփոխությունների և ժամանակ է պետք, որպեսզի դրանք վերադառնան նախահղիության մակարդակին: Ուստի դաշտանը վիժումից հետո կարող է անսովոր լինել կամ բացակայել»,- ընդգծում է մասնագետը:
Ե՞րբ սպասել դաշտանին
Շատ կանայք վիժումից չորս շաբաթ անց վերադառնում են իրենց սովորական ցիկլին, սակայն որոշների մոտ դաշտանը կարող է ավելի ուշ սկսվել: Դաշտանի հետաձգումը պայմանավորվում է մի քանի գործոններով: Նախ՝ վիժումից հետո առաջին ցիկլի ժամկետը մեծապես կախված է այն հանգամանքից, թե երբ է վիժումը դառնում «ամբողջական»: Վիժումն ավարտված է, երբ արգանդից դուրս են եկել հղիության բոլոր հյուսվածքները: Հավանական է, որ այդ ամենը տեղի ունենա բնական ճանապարհով, կամ բժիշկը կատարի հատուկ պրոցոդուրա (D&C՝ լայնացում և արգանդի խոռոչի քերուկ), որի օգնությամբ հեռացվի ամբողջ հյուսվածքն արգանդից: Երբեմն դեղամիջոցներ են օգտագործում վիժումն ավարտելու համար: Մինչև հղիության ամբողջ հյուսվածքը չհեռացվի, դաշտանը չի վերադառնա նորմալ ընթացքին:
«Տիպիկ» դաշտանին վերադառնալը կարող է երկար տևել կանանց մոտ, որոնք վիժման ժամանակ հղիության առաջին եռամսյակի ավարտին մոտ են եղել կամ երկրորդ եռամսյակում: Դա պայմանավորված է հղիության հորմոնի բարձր մակարդակով, որը կոչվում է խորիոնային գոնադոտրոպին:
Ի դեպ, հղիությունից առաջ անկանոն դաշտան ունեցող կինն, ամենայն հավանականությամբ, վիժումից հետո էլ անկանոն դաշտան կունենա:
Դաշտանային արտադրության բնույթը
Անկախ նրանից, թե երբ է սկսվում առաջին դաշտանը վիժումից հետո, այն միգուցե սովորականից ծանր լինի: Օվուլյացիա տեղի չի ունեցել անցյալ ցիկլի ընթացքում, ուստի էնդոմետրիումի լորձաթաղանթը կարող է ավելի հաստ լինել: Սա հանգեցնում է առավել ծանր հոսքի և կարող է նաև պատճառ դառնալ, որ դաշտանը երկար տևի:
Թեև շատ կանայք վիժումից հետո արյան ծանր հոսք են ունենում, մյուսների մոտ դաշտանը թեթև է ընթանում: Փոխարենը՝ դաշտանային այլ ախտանշաններ կարող են ավելի սուր արտահայտվել: Եթե վիժումից հետո ոչ նորմալ թեթև է հոսքը, անհրաժեշտ է հետևել ցիկլին մեկ կամ երկու ամիս: Եթե այս ժամանակաշրջանից հետո դաշտանը դեռևս անսովոր քիչ է, ապա պետք է դիմել բժշկի: Թեթև ցիկլը սովորաբար անվնաս է վիժումից հետո, բայց այն երբեմն կարող է լինել Աշերմանի համախտանիշի նշան:
Սեռական կյանքը և հղիությունը
Սեռական հարաբերությունները կարելի է վերսկսկել, երբ վիժումից հետո արյունահոսությունը դադարի (հիմնականում 1-2 շաբաթ): Խորհուրդ է տրվում սպասել վեց շաբաթ կամ ավելի, եթե եղել են բարդություններ կամ հղիությունն ավելի խորացած է եղել:
Կրկին հղիանալ վիժումից հետո հնարավոր է արդեն իսկ երկու շաբաթ անց: Պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել, եթե բժիշկը խորհուրդ է տվել սպասել կամ եթե կինը պատրաստ չի զգում իրեն: Երբ վիժումը եղել է առողջական խնդիրների հետևանքով, անհրաժեշտ է բուժել հիմքում ընկած խնդիրը՝ նախքան նորից հղիանալը:
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան