Ծննդաբերությունից հետո ե՞րբ և ինչպե՞ս պաշտպանվել չհղիանալու համար

 

Ե՞րբ է վերականգնվում բեղմնավորվելու ունակությունը

Որպեսզի բեղմնավորում տեղի ունենա, նախ, պետք է  վերականգնվի դաշտանային ցիկլը, օվուլյացիա տեղի ունենա, և սկսվի դաշտանը:

Երիտասարդ մայրիկների մոտ այս ժամանակահատվածը շատ ինդիվիդուալ է՝ կախված շատ գործոններից.  ծննդաբերության բարդություններ, կրծքով կերակրում, հորմոնային համակարգի ակտիվություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հետազոտություններով պարզվել է, որ  մանկիկին կրծքով չկերակրող մայրիկների մոտ ծննդաբերությունից հետո առաջին օվուլյացիան տեղի  է ունենում  45-95 օր անց:  Սակայն կան նաև բացառություններ՝ 25 օր անց:

Մեծամասամբ առաջին օվուլյացիայից հետո կանայք չեն հղիանում, սակայն այս դեպքում էլ բացառություններ հնարավոր են:

Ծննդաբերությունից հետո մարմնի բազալ  ջերմաստիճանը  չափելն արդյունավետ չէ, ուստի միայն դաշտանի սկսվելուց հետո կարելի է ենթադրել, որ օվուլյացիա է տեղի ունեցել:

Կրծքով կերակրումը  հետաձգում է օվուլյացիան  և դաշտանը` այդպիսով պաշտպանելով հնարավոր հղիությունից: Այս միջոցն արդյունավետ օգտագործելու համար  հարկավոր է հետևել մի քանի կանոնների, որոնց մասին մենք կխոսենք ստորև․

Ի՞նչը համարել դաշտան

Ծննդաբերությունից հետո տեղի է ունենում արյունային արտադրություն, որը նորմալ է: Սակայն ինչպե՞ս այն տարբերակել դաշտանից: Ծննդաբերությունից հետո ութ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր արտադրություն համարվում է  հետծննդաբերական արտադրություն և դաշտան լինել  չի կարող:  Եթե արյունային  արտադրություն սկսվի ութ շաբաթ ժամկետից հետո,  ապա հավանաբար դաշտանն է սկսվել:

Եթե մայրիկը կրծքով չի կերակրում փոքրիկին  ապա ցիկլը կարող է  վերսկսել 8 շաբաթից էլ շուտ:  Ծննդաբերությունից հետո  որոշ ժամանակ դաշտանային  ցիկլը կարող է անկանոն  լինել, ուստի  յուրաքանչյուր կասկածի  կամ հարցի դեպքում անհրաժեշտ է դիմել  գինեկոլոգի:

Ե՞րբ սկսել պաշտպանվել ծննդաբերությունից հետո

ԱՀԿ-ի մասնագետները խորհուրդ են տալիս սկսել պաշտպանվել ծննդաբերությունից 3 շաբաթ անց: Իհարկե, այդպիսի վաղ հղիութունը քիչ հավանական է, բայց մինիմալ ռիսկ այնուհանդերձ կա: Կրծքով չկերակրող կանանց մոտ արդեն 6 շաբաթից, որպես կանոն, տեղի է ունենում առաջին օվուլյացիան,  և  դրանից հետո պաշտպանվելը պարտադիր է:

Արդյո՞ք կրծքով կերակրումը պաշտպանում է հղիանալուց:

Կրծքով կերակրումը կարող է օգտագործվել որպես հակաբեղմնավորման  միջոց, բայց դրա արդյունավետության համար անհրաժեշտ է հետևել մի քանի կարևոր պայմանների.

- Կրծքով սկսել կերակրել անմիջապեսերեխայի ծնվելուց հետո: Եթե ինչ-ինչ պատճառներով երիտասարդ մայրիկը փոքրիկի ծննդից հետո առաջին օրերին չի կարող նորածնի մոտ լինել, ապա լրացուցիչ միջոցներով պաշտպանվելը պետք է սկսել 3 շաբաթից:

- Կերակրումը պետք է լինի միայն կրծքով: Հավելյալ կերակրատեսակների կամ կաթնախյուսի կիրառումն անմիջապես նվազեցնում են կրծքով կերակրման արդյունավետությունը որպես հակաբեղմնավորման միջոց:

- Կերակրումը պետք է լինի հաճախ՝ չորս ժամից ոչ ավելի ընդմիջումներով: Իսկ գիշերը՝ առնվազն  մեկ, ցանկալի է 2 անգամ:

- Դաշտանի բացակայություն: Եթե այն սկսվել է, ապա, ըստ երևույթին, կա ձվազատում, և հղիանալու հավանականությունը մեծանում է: Անհրաժեշտ է պաշտպանվել:

- Կրծքով կերակրումը՝ որպես հակաբեղմնավորման միջոց, արդյունավետ է մինչև վեց ամիս:

Այս կետերերից յուրաքանչյուրի` անգամ մի փոքր խախտման դեպքում հնարավոր է հղիություն:

 

Նյութն ըստ mama.ru կայքի

Շարունակելի

Հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք հակաբեղմնավորման միջոցները, որոնք կարելի է օգտագործել կրծքով կերակրելիս