Եթե դուք ընտրել եք «կերակրում՝ ըստ երեխայի պահանջի» տարբերակը, ուրեմն լակտացիայի փուլում կուրծքը քամելու մասին մտածել պետք չէ:
Եթե երեխան գրեթե միշտ մայրիկի կրծքին է, թե խեժը և թե կաթը չեն քարանա կրծքում:
Կուրծքը քամելը պարտադիր է 3 դեպքերում.
1. Եթե ինչ-որ պատճառով (օրինակ՝ փոքրիկը ծնվել է անհաս, և նա պետք է լինի հիվանդանոցային հսկողության տակ) առաջին մի քանի օրը կամ շաբաթները երեխայից հեռու եք, բայց պլանավորում եք անցնել լիարժեք կրծքով կերակրման: Բնական կերակրման կոնսուլտանտների ասոցիացիայի՝ կրծքով կերակրման խորհրդատուներից Եվգենյա Տրիֆոնովան ասում է. «Եթե դուք զգում եք, որ այդ պրոցեսը պետք է ձգվի շաբաթներով, ուրեմն՝ լակտացիան պահպանելու համար պարտադիր է օգտագործել կաթամղիչ ոչ ուշ, քան ծննդաբերությունից 6 ժամ անց, իսկ հետո կուրծքը կթել յուրաքանչյուր 3 ժամը մեկ՝ 5-ժամյա գիշերային դադարից հետո: Այդ պարագայում միայն կա հնարավորություն՝ պահպանելու կրծքով կերակրման տարբերակը»:
2. Եթե դուք փոքրիկին թողնում եք ընտանիքի անդամների կամ դայակի մոտ, սակայն ցանկանում եք, որ փոքրիկը հենց կրծքի կաթով սնվի:
3. Եթե փոքրիկն ուտում է ավելի քիչ, քան որ կուտակվել է կրծքում:
Այս առումով մասնագիտական տարակարծություն կա. մասնագետների մի մասը պնդում է, որ պետք է քամել, մյուս մասը՝ հակառակը: Քամելու կողմնակիցների հիմնական փաստարկն այն է, որ կնոջ մոտ կարող է առաջանալ լակտացիոն մաստիտ: Ահա բժիշկ Կոմարովսկու դիտարկումները. «Մեր օրերում, երբ բժիշկներն ավելի հաճախ ու հաճախ են խորհուրդ տալիս մայրիկներին չքամել կուրծքը, լակտացիոն մաստիտների քանակը նկատելիորեն ավելանում է»:
Լակտացիոն մաստիտը կրծքով կերակրման ընթացքում առաջացող կրծքագեղձի բորբոքումն է: 87 տոկոս դեպքերում լակտացիոն մաստիտի առաջացման պատճառը լակտոստազն է՝ ավելի պարզ ասած՝ կրծքում քարացած կաթը: Եթե լակտոստազը շարունակվում է 3-4 օր, կրծքագեղձի բորբոքումը գործնականում անխուսափելի է, քանի որ քարացած կաթը մանրէների համար իդեալական միջավայր է:
Կրծքի կթումը նաև անհրաժեշտ է այն դեպքում, երբ մայրիկը պետք է հեռու լինի փոքրիկից, իսկ նրան պետք է կերակրել: Ճիշտ տարբերակով կթված, սառեցված ու հալեցված կաթը որևէ կերպ չի տարբերվում իր բաղադրությամբ և օգտակարությամբ այն կաթից, որը փոքրիկը քաշում է անմիջապես կրծքից:
Թե ինչպես է պետք սառեցնել կրծքի կաթը, կպատմենք առաջիկայում, միայն նշենք, որ կան դրա համար նախատեսված հատուկ տարաներ, որոնցում կաթը երկար ժամանակ հնարավոր է պահել սառցարանում: Իսկ այն հալեցնել կարելի է միայն սենյակային ջերմաստիճանի ներքո և տաքացնել միայն գոլորշու վրա:
Աղբյուրը՝ woman.ru