Ինչպես հայտնի է, մայրական կաթի միջոցով փոքրիկը ստանում է իր օրգանիզմին անհրաժեշտ բոլոր սննդանյութերն ու միկրոէլեմենտները, որոնք անհրաժեշտ են նրա աճի ու զարգացման համար:
Շատ կարևոր է, որ հղիության և կրծքով կերակրման շրջանում մայրիկը չօգտագործի այնպիսի սննդամթերքներ, որոնք ինչ-որ կերպ կարող են վնասել փոքրիկին: Պետք է հիշել, որ այն, ինչ ուտում է կերակրող մայրիկը, ուղղակիորեն ազդում է նրա կաթի բաղադրության ու որակի վրա:
Հատկապես շատ ուշադիր պետք է լինել երեխայի կյանքի առաջին ամսվա ընթացքում: Այս ժամանակահատվածում նույնիսկ մայրական կաթն է փոքրիկի համար «նորություն»:
Մայրիկը պետք է հետևողական լինի սննդի ընտրության հարցում, որպեսզի փոքրիկի մոտ չառաջանան ալերգիաներ կամ գազիկներ: Կան որոշ սննդամթերքներ, որոնք պետք է օգտագործել չափավոր:
Այդ մթերքների շարքում է նաև լոլիկը: Բանջարեղենի, այդ թվում՝ նաև լոլիկի կարմիր գույնը պայմանավորված է դրանում առկա լիկոպեն պիգմենտով, իսկ այս նյութի մեծ քանակությունը կարող է անցանկալի ռեակցիաներ առաջացնել փոքրիկի մոտ:
Հայտնի է նաև, որ լոլիկը բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը, ինչը կարող է մայրիկի մոտ առաջացնել այրոց, իսկ փոքրիկի մոտ՝ ստամոքսի լորձաթաղանթի ու աղիների գրգռում:
Այս մթերքը կարող է նաև երեխայի մոտ գազերի առաջացման պատճառ դառնալ:
Բայց սննդացանկից լոլիկի բացառումը ևս ցանկալի չէ: Այն հարուստ է մի շարք միկրոէլեմենտներով, հանքանյութերով ու վիտամիններով: Լոլիկը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին В, А, С, Е, РР , կալիում, երկաթ, յոդ, ցինկ, կալցիում, ֆոսֆոր և այլն:
Լոլիկը օգնում է նաև կարգավորել արյան ճնշումը: Միևնույն ժամանակ դրա կանոնավոր օգտագործումը բարձրացնում է տրամադրությունը ու կանխում ուռուցքային հիվանդությունների առաջացումը: Բացի այդ, լոլիկը կարող է դրական ազդեցություն ունենալ լակտացիայի գործընթացի վրա: Այդ իսկ պատճառով կարող եք օգտագործել բանջարեղենի այս տեսակը, բայց չափավոր:
Աղբյուրը՝ woman.ru