Ինչպե՞ս նիհարել ծննդաբերությունից հետո

Նախևառաջ ծննդաբերությունից հետո նիհարել օգնում է լակտացիան, որին նպաստելու համար մայրիկներն իրենց սննդացանկից հանում են կասկածելի սննդամթերքը, իսկ երբ գալիս է երեխային հավելյալ սնունդ տալու ժամանակը, լավ առիթ է՝ առողջացնելու ընտանիքի ճաշասեղանը:

Ամենակարևոր նախապայմանը ճիշտ սնուցումն է և սերը սեփական անձի նկատմամբ:  Առհասարակ հղիության ընթացքում օրգանիզմում ճարպերի գոյացումը նորմալ է և նորմալ է նաև դրանց առկայությունը ծննդաբերությունից հետո: Սակայն դատողությունը, թե «ես ունեմ ճարպեր, որովհետև 36 տարեկան եմ, ունեմ 2 երեխա», մեղմ ասած, սխալ է:

 Նախ սկսենք նրանից, որ եթե ուզում եք լավ կազմվածք ունենալ ծննդաբերությունից հետո, պետք է կարգավորեք ձեր քաշը նախքան հղիությունը: Ստաբիլ, բնական ու երկարաժամկետ  պահպանվող կազմվածքը, որը ձեռք եք բերել սննդի և կենսակերպի հետ կապված լավ սովորույթների  և ոչ թե քաղցի ու դիետաների շնորհիվ, կօգնի ձեզ այդ հարցում:

Ամենատարածված սխալները, որոնք խանգարում են կնոջը նիհարել ծննդաբերությունից հետո

Անփորձ կանայք, որոշ խորհուրդներ հաշվի առնելով, հրաժարվում են ծննդաբերել ինքնուրույն,  կերակրել կրծքով կամ էլ կերակրում են շատ երկար, ինչը նույնպես կարող է գիրանալու պատճառ դառնալ:   Որոշները խիստ դիետաներ են պահում, ինչը փոխում է կաթի քանակական ու որակական հատկանիշները և զրկում փոքրիկին ճիշտ սնունդ ընդունելուց: Բացի այդ, նման սննդակարգի պատճառով կնոջ քաշը կարող է  կտրուկ տատանվել, ինչը նույնպես խանգարում է նորմալ քաշ ունենալուն:

Ի դեպ, մինչև 1 տարեկան երեխան, որն արհեստական սնուցում է ստանում, 10 անգամ ավելի շատ է հակված գիրության, քան կրծքով կերակրվող փոքրիկը:

Այնպես որ, կրծքով կերակրումը օգնում է թե մայրիկին, թե փոքրիկին: Այն ոչ միայն փոքրիկին ապահովում է լավագույն սնուցմամբ, այլև օգնում է մայրիկի օրգանիզմին ճիշտ և բնական ճանապարհով վերականգնվել, ինչպես նաև նիհարել:

Լակտացիայի ժամանակ կնոջ օրգանիզմը ձերբազատվում է որոշ կալորիաներից, սակայն դա չի նշանակում, որ մայրը պետք է ուտի երկուսի փոխարեն: Եթե մայրիկի սննդացանկը բալանսավորված է, ներառված են բոլոր հիմնական սննդանյութերը, դա բավարար է՝ անհրաժեշտ կաթ կուտակելու: Սակայն պետք է նկատել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանած ժամկետը՝  կրծքով կերակրման երկու տարին գերազանցելու դեպքում ևս կա քաշ հավաքելու վտանգ: Բացատրությունը հետևյալն է. երբ փոքրիկը սկսում է նաև հավելյալ սնունդ ընդունել, կրծքով կերակրումների հաճախականությունը նվազում է, իսկ 1-2 տարեկանում մայրիկը հիմնականում առավոտյան ու երեկոյան է կերակրում, ինչի հետևանքով կաթի քանակը նվազում է: Եվ որպեսզի ավելի շատ կաթ արտադրվի, մայրիկը սկսում է ավելի շատ սնունդ ընդունել, ինչի արդյունքում դարձյալ քաշ է հավաքում:

Նախկին քաշը վերականգնելու համար հարկավոր է ձերբազատվել սթրեսից, ինչն անխուսափելի է, եթե մայրիկն անքուն է, հոգնած, ինչպես նաև դիետաների հետևանքով թերսնված: Ցերեկը փոքրիկի հետ քնելու ժամանակ գտեք, զբոսնեք, լավ երաժշտություն լսեք: Ցանկացած վատ էմոցիա կարող է խանգարել ձեզ՝ կարգավորելու քաշը:

Եվ այսպես ամփոփենք.

  1. Ընդունեք հավասարակշռված սնունդ
  2. Հեղուկ օգտագործեք՝ հիմնականում մաքուր, սովորական ջուր (ԿԿ մայրը պետք է օրական ամենաքիչը 1 լ. ջուր խմի)
  3. Թույլ մի տվեք սթրեսին իշխել ձեզ
  4. Կարգավորեք քունը՝ բաց թողած ժամերը լրացնելով ցերեկը
  5. Սայլակով դուրս եկեք զբոսանքի, շատ քայլեք
  6. Սննդակարգում ներառեք կենդանական ծագման սպիտակուց, բանջարեղեն, կանաչեղեն, կարմիր անյուղ միս, որը նպաստում է մարսողությանը: Տերևներով կանաչեղենը, որը զերծ է օսլայից, մեծ քանակությամբ կալցիում է պարունակում, ինչպես նաև այնպիսի սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են`ծննդաբերությունից հետո շուտ վերականգնվելու համար: Հացահատիկային կերակուրներն ու սև հացն օգտագործեք միայն օրվա առաջին կեսում: Դրանք В խմբի շատ վիտամիններ են պարունակում, որոնք կարգավորում են նյարդային համակարգի աշխատանքը: Ոչ քաղցր միրգն ու հատապտուղը պարունակում են բնական հակաօքսիդանտներ: Չմոռանաք նաև 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ ավելացնել աղցաններին, ինչպես նաև օրվա ընթացքում համտեսելչիր ու ոչ մեծ քանակությամբ ընդեղեն:

 

Աղբյուրը՝  Woman.ru