Նորածնի համար մայրական կաթը լիարժեք սնունդ է:
Այն պարունակում է փոքրիկին անհրաժեշտ բոլոր սննդանյութերը: Հետազոտությունները պարզել են, որ մոր կաթն իր որակական ու քանակական կազմով համապատասխանում է երեխայի բոլոր սննդային պահանջներին:
Բժիշկները խորհուրդ են տալիս մինչև 6 ամսական երեխաներին կերակրել բացառապես կրծքի կաթով։
Մայրիկներին հաճախ է մտահոգում այն հարցը, թե ինչպես կարող են նպաստել կաթնարտադրությանը։ Այս հարցի շուրջ զրուցել ենք Սեբաստիա բժշկական կենտրոնի մանկաբույժ Գոհար Դավթյանի հետ։
-Ինչպե՞ս է առաջանում մայրական կաթը։
Մայրական կաթը արտադրվում է ալվեոլներում, որոնք բաղկացած են կաթ արտադրող բջիջներից։ Ալվեոլը շրջապատված է մկանային թելիկներով, որոնք կծկվում են ու արտամղում կաթը։ Այնուհետև ալվեոլից այդ կաթը դուրս է գալիս ծորանների միջոցով։ Մինչև պտուկին հասնելը ծորանները լայնանում են ու առաջացնում կաթնախորշեր, որտեղ կուտակվում է կաթը։ Պտուկի մոտ հասնելիս ծորանները դարձյալ նեղանում են։ Երբ երեխան ծծում է կուրծքը, գրգռում է պտուկի նյարդային վերջույթները։ Նյարդաթելերի միջոցով այդ գրգիռը հասնում է հիպոֆիզին, որտեղ էլ տեղի է ունենում կաթի ու կաթնամղումը խթանող հորմոնների՝ պրոլակտինի և օքսիտոցինի արտադրումը։
-Կրծքի չափսը կապ ունի՞ արտադրվող կաթի քանակի հետ։
Ո՛չ, արտադրվող կաթի քանակը կապ չունի կրծքագեղձի չափսի հետ: Կաթը բազմաբաղադրիչ գեղձազատուկ է, իսկ տարբեր չափսի կրծքագեղձերում առկա գեղձային հյուսվածքների քանակը գրեթե նույնն է։ Իսկ կնոջ կրծքագեղձի ձևն ու չափսը որոշվում է գենետիկորեն։ Դրանք հիմնականում պայմանավորված են շարակցական և ճարպային հյուսվածքների քանակով։
-Ինչպիսի՞ սնունդ պետք է օգտագործի մայրը՝ առատ կաթ ունենալու համար։
Որևէ հատուկ սննդակարգ չկա, որին պարտադիր պետք է հետևել։ Մայրը պետք է հանգիստ վիճակում լինի, հեռու սթրեսային իրավիճակներից։ Օրվա ընթացքում պետք է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործի՝ մոտ երկու լիտր: Մայրը պետք է սնվի ռեժիմով։ Շատ կարևոր է, որ կերակրող մոր սննդակարգում լինեն սննդային հարուստ մանրաթելեր։ Դրա համար պետք է ամեն օր օգտագործել թարմ կամ ջերմային մշակում անցած բանջարեղեն, միրգ ու հատապտուղ։
Ամենակարևորը՝ պետք է հիշել, որ առատ կաթ ունենալու առաջին ու ամենակարևոր նախապայմանը երեխային կրծքով երկար կերակրելն է։ Կաթնարտադրությունը նաև վերահսկվում է կրծքագեղձերում: Ու եթե կուրծքը չի դատարկվում, կաթի արտադրությունը դադարում է։ Դրա պատճառը կաթում առկա ինհիբիտորներն են: Երբ կրծքերում շատ կաթ է կուտակվում, ինհիբիտորն արգելակում է գեղձային բջիջներից կաթի հետագա արտադրությունը։ Դա կրծքագեդձերը պաշտպանում է չափից շատ լցվելուց: Եթե կաթը դուրս է մղվում կրծքագեղձից, արտամղվում է նաև ինհիբիտորը, ու կրծքագեղձը շարունակում է շատ կաթ արտադրել:
Հարցազրույցը՝ Արփինե Մուրադյանի