Sidebar

«Տատիկների տնից հետո երեխաս շատ ագրեսիվ է ու չի ուզում մեր տանը մնալ․ ի՞նչ անեմ»․ հոգեբանի պատասխանը՝ «Իմ փոքրիկ»-ի ընթերցողի հարցին

 «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանում է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողի հարցին։  

 

Հարց

Հարգելի՛ հոգեբան, իմ տղան 4 տարեկան է, հաճախում է մանկապարտեզ, բայց մանկապարտեզից հետո խնամում են տատիկները, մինչեւ մենք` ծնողներս, կհասնենք տուն: Այլընտրանք չկա, պետք է աշխատենք: Տատիկներից մեկի տանը շատ աղմկոտ են բոլորը, երեխայի հետ խաղում են գոռգոռոցով, չեն արգելում, ու երբ կիրակի նա մեզ հետ է, շատ ագրեսիվ է, կարող է անգամ հարվածել, ասել, որ ուզում է գնալ տատիկի տուն: Մեզ մոտ չի ուզում մնալ, եթե որեւէ բան արգելում ենք: Իհարկե, խոսել եմ, խնդրել, որ այդպես չանեն, բայց օգուտ չկա: Ի՞նչ կարող եմ ես ինքնուրույն փոխել: Շնորհակալ եմ:

Պատասխան

Իրականում նմանատիպ ազդեցություններից լիարժեք խուսափել հնարավոր չէ: Անգամ եթե ձեզնից մեկը միայն երեխայի խնամքով զբաղվեր, միևնույն է, այդ շփումները լինելու էին, և երեխան ենթարկվելու էր նմանատիպ ազդեցությունների: Չեք կարող ստիպել, որ շրջապատը շարժվի ձեր տեսակետների համաձայն: Փորձեք հնարավորության սահմանում շատ կոնտրաստային պայմաններ չստեղծել ձեր տանը: Այսինքն՝ եթե շատ աղմկոտ և ազատ միջավայր է տատիկի տանը, ձեր տանը ծայրահեղ հանգիստ և չափազանց սահմանափակումներով մթնոլորտ մի՛ ստեղծեք: Այնպես արեք, որ ձեր դիտողություններն ուղղորդող և մեղմ լինեն երեխայի համար, որպեսզի նա չխուսափի տանը մնալ: Ի վերջո, երեխաները նմանվում են իրենց ծնողներին, դուք այդքան մի անհանգստացեք, մի քիչ հանդուրժող եղեք նրա չարաճճիությունների նկատմամբ, թույլ տվեք երբեմն ձեր տանը ևս ազատ և հանգիստ լինել: