Հարցերին պատասխանում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը։
Հարց - Սոնա - Հարգելի՛ բժիշկ, ինձ մոտ 4 ամսական հղիություն է, բնավորությամբ զգայուն մարդ եմ , ու ամեն մի փոքրիկ պատահար ինձ նյարդայնացնում,անհանգստացնում է: Ուզում եմ հանգիստ երեխա լույս աշխարհ բերել, ինչպե՞ս ինձ դրսևորեմ: Շնորհակալություն։
Պատասխան - Հարգելի՛ ապագա մայրիկ, դուք այժմ գտնվում եք շատ նուրբ և զգայուն վիճակում և´ ֆիզիոլոգիական, և´ հոգեբանական առումով: Եթե զգայուն եք և փոքր-ինչ նյարդային, ապա դա կարող է նորմալ համարվել ձեր վիճակում գտնվող կնոջ համար: Բայց ձեր խոսքերում ավելի շատ նկատվում է անհանգստություն և վախ, որ ձեր ապրումները կվնասեն բալիկին: Այդ կապակցությամբ ասեմ, որ որքան ձեր ապրումները հարուստ և գունեղ լինեն հղիության ընթացքում, այնքան ավելի հարուստ կլինեն բալիկի ապրումներն ու ընկալունակությունը, երբ նա ծնվի: Պետք չէ խուսափել բացասական ապրումներից, քանի որ երեխան դեռ մոր արգանդում սովորում է ապրումների ամբողջ գունապնակին: Եթե ձեր հոգեվիճակը ձեզ և ձեր մտերիմերին առանձնակի անհանգստություն չի պատճառում, և ուղղակի անհանգստանում եք բալիկի համար, ապա կարող եք անհոգ լինել, ձեր բալիկը թող հենց այս պահից սկսած սովորի ձեզ և ձեր ապրումներին, անգամ տագնապին, եթե զգում եք այն:
Առողջություն ձեզ և թեթև ծնունդ ձեր բալիկին:
Հարց - Անի - Բարեւ Ձեզ: Ուզում եմ հարցնել` հնարավոր է 5 տարեկան երեխայի մոտ վախից, հուզմունքից առաջանա կակազություն, եւ ի՞նչ խորհուրդ կտաք: Մեկ անգամ դիմել ենք լոգոպեդի խորհրդատվությանը: Շնորհակալություն։
Պատասխան - Երեխայի մոտ կակազության դեպք նկատելիս պետք է հնարավորինս շուտ դիմել և´ լոգոպեդի, և´ հոգեբանի, և´ նյարդաբանի օգնությանը: Չի կարելի անտեսել երեխայի նմանատիպ խնդիրը: Կակազությունը դժվար շտկվող խնդիր է: Կարող է առաջանալ և´ վախից, հուզական այլ խնդիրներից, և´ չափից դուրս երխային խոսքային տեղեկատվությամբ ծանրաբեռնելուց, և´ ֆիզիոլոգիական որոշ խնդիրներից և այլն: Անհրաժեշտ է տանը ապահով հոգեբանական մթնոլորտ ստեղծել, բացառել պատիժները, ավելորդ տեղեկատվությունը, անհարկի պահանջները, չափից դուրս հոգնածությունը, ուժեղացնել երեխայի ֆիզիկական վիճակը, կազդուրիչ միջոցառումներ իրականացնել: Սակայն լավագույն լուծումը կլինի մասնագետներին դիմելը:
Հարց - Մարիա - Հարգելի/ հոգեբան, աղջիկս 1,4 տարեկան է: Վերջերս նկատել եմ, որ թարթիչները պոկում է: Դա ինչի՞ց է: Շնորհակալ եմ։
Պատասխան - Դա կպչուն գործողություն է, կոչվում է տրիխոտիլոմանիա, որն արտահայտվում է հիմնականում բարձր տագնապայնության դեպքում: Նման բնույթի տագնապը կարող է սթրեսի կամ հոգեցունց իրողության հետևանքով առաջանալ: Ոչ մի դեպքում պետք չէ պատժել երեխային այդ արարքի համար, շատ կենտրոնացնել ուշադրությունը դրա վրա: Նման դեպքերում ակնհայտ է, որ երեխան չի կարողանում հաղթահարել իր կյանքում առկա սթրեսը, որի պատճառները հավանաբար անհայտ են ծնողներին: Անհրաժեշտ է դիմել հոգեբանի խորհրդատվությանը` երկու ծնողները և բալիկը միասին:
Հարց - Սեդա - Բարեւ Ձեզ: Կուզեի իմանալ, թե որ տարիքից երեխայի ներկայությամբ չի կարելի զբաղվել սեռական հարաբերությամբ: Որ տարիքից է երեխան հասկանում եւ գիտակցում, թե ինչ է կատարվում: Նախապես շնորհակալություն:
Պատասխան - Երեխան մինչև 1 տարեկանը չի հասկանում ծնողների սեքսուալ վարքը, սակայն դա չի նշանակում, որ չի ընկալում որևէ բան: Այս շրջանում երեխան կարող է ուշադրություն դարձնել ծնողների վարքին` լուռ կամ լաց լինելով, ոչ այն պատճառով, որ հասկանում է` ինչ են անում, այլ անուշադրության մատնված լինելու պատճառով:
1-3 տարեկանում ավելի հավանական են խնդիրներ` կապված ծնողների սեռական հարաբերությունները տեսնելու հետ: Ամեն ինչ կախված է երեխայի ընկալումից: Երբեմն երեխաներն այդ գործողություններն ընկալում են որպես ագրեսիա` հոր կողմից մոր նկատմամբ: Այս տարիքում երեխաների համար դժվար է հաճույքի և տհաճության արտահայտումները հստակ տարբերել: Այդ պատճառով երեխան կարող է վախ ապրել, լաց լինել, խնդրել, որ դադարեցնեն:
3-ից մինչև 7 տարեկանը երեխաները, այնուամենայնիվ, շարունակում են չհասկանալ ծնողների վարքը, և տեսածը ընկալում են յուրովի: Այստեղ վտանգը ոչ թե հասկանալու մեջ է, այլ երեխայի ընկալման մեջ: Երեխան կարող է ապրումներ ունենալ` չհասկանալով թե ինչ է կատարվում: