«Երկուսով» հոգեբանական կենտրոնի տնօրեն, hոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Հարց- Հասմիկ
Բարեւ ձեզ, հարգելի հոգեբան: Իմ փոքրիկը 5 ամսական է, ուտում է արհեստական կաթ և այժմ սկսել ենք նաև այլ ճաշեր տալ գդալով: Նա սկսում է հրաժարվել շշից: Ի՞նչ խորհուրդ կտաք: Ինչպես՞ վարվեմ:
Պատասխան
Այս հարցով պետք է դիմել մանկաբույժին: Սակայն իմ կարծիքն է, որ կարող եք տալ գդալով, կամ մանկական հատուկ բաժակով: Պարտադիր չէ, որ երեխան ամեն բան խմի շշից և ծծակով:
Հարց- Անի
Բարեւ Ձեզ, ես ու ամուսինս աշխատում ենք, երեխայիս տանը տատիկն է նայում: Արդեն բավական ժամանակ է` փորձում եմ ձեր ասածի պես չփախչել աշխատանքի գնալուց, բայց չի ստացվում: Բացատրում եմ, օգուտ չի տալիս, լացում է, տրամադրությունը գցում է, նվնվում է: Բայց այլ կերպ հնարավոր չէ: Երբ դրսի հագուստով մեզ տեսնում է, նախ` անընդհատ հետեւում է, որ տանից դուրս չգանք եւ հետո` ավելի ծանր է տանում, քան փախուստի ժամանակ: Ինչպե՞ս վարվել: Շնորհակալություն
Պատասխան
Չեմ հիշում, որ պատասխանել եմ նման հարցի, սակայն եթե ձեր երեխան մինչև 3 տարեկան է, ապա նորմալ է, որ դժվար է բաժանվում ծնողներից: Նամակում նշված չէ, թե ինչպես է արձագանքել երեխան ձեր փախուստին: Դժվար է ասել` ինչպես անեք, որ երեխան հեշտ տանի ձեր բացակայությունը: Երեխան ուշադրության կարիք ունի, ձեր նամակից չի երևում, թե ինչպես եք դուք վերաբերում երեխային օրվա ընթացքում և որքան է նա ձեզ հետ ժամանակ անցկացնում, ինչպես եք նրանով զբաղվում: Դա շատ կարևոր է տվյալ դեպքում:
Հարց
Ի՞նչ անել, որ սեռական կյանքը լավ լինի։
Պատասխաnն
Սեռական կյանքի հոգեհիգիենան պահանջում է լինել անկեղծ և ազնիվ այս հարաբերություններում, անել այն, ինչ ցանկանում եք, ազատվել ամոթի և սահմանափակումների բեռից: Սեռական կյանքը բարելավելու համար հարկավոր է սիրել և հոգատար լինել կյանքի այդ մասի նկատմամբ: Դա ենթադրում է հետևել և´ սեփական, և´ զուգընկերոջ ցանկություններին: Եթե նկատում եք, որ հարաբերությունները փոխվել են դեպի վատը, կամ առհասարակ դժվարանում եք հաճույք ստանալ կյանքի այս հատվածից, դիմեք մասնագետներին` սեքսոպաթոլոգի և հոգեբանի օգնությանը:
Հարց - Անահիտ
Տղաս շուտով կդառնա 5 տարեկան: Վերջին մեկ ամսում նրա մոտ նկատել եմ մատները ծծելու սովորություն: Չգիտեմ, թե դա ինչ է նշանակում: Ոչ մի ձևով չեմ կարողանում համոզել, որ չանի: Եթե ստիպում եմ չծծել մատները, ուրիշ բան է տանում բերանը: Խնդրում եմ խորհուրդ տալ, ինչպե՞ս վարվեմ:
Պատասխան
Մի ստիպեք չծծել, աշխատեք հատուկ ուշադրություն չդարձնել: Մատը ծծելը տագնապայնության նշան է: Փորձեք հասկանալ` ինչ է եղել վերջերս երեխայի կյանքում: Գուցե որևէ հոգեցունց իրողություն, կամ դուք եք հիմա շատ լարված, կամ վախեցել է ինչ-որ բանից, մանկապարտեզում խիստ զայրացել են վրան և այլն: Պետք է հասկանալ պատճառը և աշխատել նվազեցնել երեխայի տագնապը: Այս փուլում մի քիչ հանգիստ թողեք նրան, շատ պահանջներ մի դրեք նրա առջեւ, խիստ մի եղեք, մի պատժեք: Ջրի հետ խաղեր կազմակերպեք, եղանակն էլ թույլ է տալիս, խմորով կամ պլաստիլինով թողեք շատ խաղա, շատ գովեք ու ակտիվ խաղեր խաղացեք նրա հետ հիմա: Ոչ մի դեպքում ամոթանքի և ծաղրի մի ենթարկեք մատը ծծելու համար, դա անօգուտ է: Դիմեք հոգեբանական խորհրդատվության:
Հարց-Մարիա
Բարեւ Ձեզ: Երեխաս 1,3 տարեկան է, տատիկից կախվածություն ունի: Չգիտեմ` ինչ անել: Օգնեք, խնդրում եմ:
Պատասխան
Կախվածությունը բավական լուրջ բան է: Այդքան հեշտ նման բան ախտորոշել երեխայի մոտ, հատկապես այդ տարիքի, չի կարելի: Գուցե երեխան տատիկի հետ ավելի հանգիստ է և ավելի խաղաղ: Եթե երեխան տատիկի հետ ավելի կապված է, քան ձեր, դա նշանակում է, որ երեխան ձեզանից անվստահություն և տագնապ է զգում: Երեխաներն իրենց առավել ապահով են զգում ուժեղ և ինքնավստահ մարդկանց մոտ: Հնարավոր է` պատճառը դա է: Եթե ինչ-ինչ պատճառներով մայրիկի հետ կապը թույլ է, այդ դեպքերում ևս կարող է կապը ուրիշ մեկի հետ ավելի ուժեղ լինել: Ավելի շատ ժամանակ անցկացրեք երեխայի հետ, շատ խոսեք և շփվեք նրա հետ: Հեքիաթներ կարդացեք, օրորոցային երգեք քնելիս, մուլտֆիլմեր նայեք միասին և ժամանցը վայելեք միասին: Աշխատեք վերականգնել ձեր վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ժամանակ հատկացրեք ձեր և ձեր փոքրիկի շփմանը: