Sidebar

«Ամուսինս ինձ դավաճանում է, ուզում եմ ամուսնալուծվել, բայց քաջությունս չի հերիքում, ի՞նչ անեմ»․ հոգեբանի պատասխանները «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին

Անուն: Ժորա

Հարց: Իմ բալիկը չի քնում:

Պատասխան: Քնի որակի վրա կարող են ազդել տարբեր գործոններ: Ի դեպ, տարբեր տարիքում այդ գործոնները տարբեր են:  Եթե դուք ցանկանում եք հարցի պատասխանն ստանալ, ապա, նախ, հարց տվեք:

Անուն: Լիանա

Տարիք: 25
Հարց: Բարեւ ձեզ, ի՞նչ անել անքնության դեպքում:

Պատասխան: Քնի խանգարումների դեպքում պետք է դիմել մի շարք մասնագետների` սկսած հոգեբաններից, ավարտած նյարդաբաններով և այլ մասնագետներով, որոնք կարող են օգնել այս խնդրի դեպքում: Նախ` պետք է հետազոտություն անցնել, հասկանալ անքնության պատճառը, ապա դիմել շտկողական որևէ ձևի: Առանց պատճառների ախտորոշման, խնդիրը լուծել չեք կարող: Անքնությունը կարող է լինել մի շարք պատճառներով` սկսած դեպրեսիայից, ավարտած մարսողության խանգարումներով:

Անուն: Կարինե

Տարիք: 27
Հարց: Բարև ձեզ: Շատ եմ խնդրում, ինձ օգնեք. ես ունեմ 2 բալիկ (2տ.տղա և 4 ամսական աղջիկ): Ամուսինս ինձ դավաճանում է, նույնիսկ իմ հղիության ընթացքում նա կապված էր այդ կնոջ հետ: Երբ առաջին անգամ իմացա այդ մասին, նա ինձ խոստացավ, որ վերջ կտա այդ հարաբերություններին: Սակայն մի քանի օր առաջ ես նորից տեսա նրանց հաղորդագրությունները: Խնդրում եմ, ասացեք` ինչ անեմ: Ես ուղղակի ելք չեմ տեսնում: Վիրավորանքն այնքան խորն է, որ ուզում եմ ամուսնալուծվել, բայց քաջությունս չի հերիքում, իսկ նրա հետ ապրել ես պարզապես չեմ ցանկանում, որովհետև ես նրան այլևս չեմ վստահում: Ես չեմ ուզում ամբողջ կյանքս կասկածներով ապրել: Այս ամենի հետ մեկտեղ ես նրան կյանքիցս շատ եմ սիրում... Աղաչում եմ, օգնեք:

Պատասխան: Նման դեպքերում, երբ անհանգստությունը, կասկածները, անզորությունն այնքան են ուժեղանում, որ այլ ապրումի կարծես տեղ չի մնում ներսում, պետք է միանշանակ դիմել մասնագետի: Չի կարելի նման իրավիճակներում մենակ ելքեր փնտրել: Դա դժվար է: Դուք հիմա ծանրաբեռնված եք. թե՛ երեխաների հոգսը, հոգնածությունը, մայրական վախերն ու անհանգստությունները, թե՛ ամուսնու հետ հարաբերություններում երկարատև կասկածներն ու անվստահությունը, թե՛ որոշում կայացնելու անհրաժեշտությունը, թե՛… թե՛…: Այս բոլոր ապրումների ու մտահոգությունների հետ միաժամանակ դժվար կլինի որոշում կայացնել և ձեզ բավարարող լուծում գտնել: Դիմեք մասնագետի օգնությանը:

Անուն: Ասյա Հակոբյան

Տարիք: 24
Հարց: Բարև Ձեզ: Բժիշկ ջան, ես Ձեր օգնության կարիքն ունեմ: Երեխաս շուտով երկու տարեկան կդառնա, շատ պարզ խոսում է, սակայն վերջերս շատ ագրեսիվ է դարձել, կարող է քնից արթնանալ ու 10-15 րոպե անտեղի գոռալ ու լացել: Այդ պահին ամեն ինչ անում ենք ողջ ընտանիքով, որ հանգստանա, սակայն ոչինչ չի օգնում: Այնքան է լաց լինում, որ թուլանում է  ու սկսում է խաղալ: Խանգարվել է քունը, գիշերը շատ ուշ է քնում: Խնդրում եմ, ինչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Եթե երեխայի մոտ մի շարք ոլորտներում փոփոխություններ են տեղի ունեցել և բոլորը բացասական բնույթի են, ապա միայն խորհուրդն այստեղ չի օգնի: Ի՞նչ է տեղի ունեցել երեխայի կյանքում, ի՞նչ է փոխվել, ի՞նչն է նրա վրա բացասաբար ազդում: Պետք է այս հարցերի պատասխանները գտնել և, իհարկե, որոշ հետազոտություններ անցնել, եթե կարիքը լինի: Սակայն առաջին հերթին պետք է հոգեբանի հետ խորհրդակցել:

Անուն: Դիանա

Հարց: Բարև Ձեզ: Իմ փոքրիկը 15 ամսական է: Սկսել է վախենալ մթությունից: Նախկինում ես նրան դնում էի օրորոցում եւ դուրս գալիս սենյակից, եւ նա ինքնուրույն քնում էր: Իսկ հիմա սենյակում մենակ մնալուց վախենում է եւ մատիկով անընդհատ ստվերներն է ցույց տալիս: Ինչպե՞ս վարվել այս դեպքում: Ասեմ, որ սենյակում միշտ լույսը վառ է:

Պատասխան: Մեկ տարեկանում նորմալ է մորից բաժանվելու վախը: Գուցե ձեր երեխան ժամանակին չէր վախենում դրանից, բայց հիմա վախենում է: Դա չի նշանակում, որ ինչ-որ  բան նորմալ չէ: Կան տարիքային վախեր, որոնք տվյալ տարիքում համարվում են նորմալ: Մորից բաժանվելու վախը, անծանոթ երևույթներից վախը կարող եք այս տարիքում նորմալ համարել: Գուցե ձեր բալիկն առաջին անգամ է նկատել ստվերը և բնականաբար չհասկանալով, թե դա ինչ է` վախեցել է: Սա նորմալ է, անգամ մեծահասակների համար անծանոթ երևույթները վախեցնող են: Կարծում եմ` անհանգստանալու առիթ դեռ չկա, պարզապես երեխայի կողքին ավելի  շատ եղեք, սպասեք,  որ քնի, նոր հեռացեք սենյակից: