Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը:
Անուն: Լիանա
Հարց: Բարև Ձեզ, տղաս 2 տարի, 6 ամսական է: Չենք կարողանում տակդիրից կտրել: Փորձել եմ գրեթե ամեն ինչ, շատ հուսահատված եմ: Օգնեք:
Պատասխան: Բարև Ձեզ։ Նախևառաջ տակդիրը պետք է վերացնել և այլևս չվերադառնալ տակդիրին։ Օրվա ընթացքում մի մոռացեք ժամանակ առ ժամանակ երեխային տանել զուգարան՝ անկախ նրա ցանկությունից։ Երեխայի դժկամության դեպքում մի բարկացեք երեխայի վրա, այլապես նա կխուսափի Ձեզնից և Ձեր օգնությունից այդ պահերին։ Իհարկե, սկզբում դժվար կլինի, բայց պայքարեք մինչև վերջ։
Անուն: Անանուն
Հարց: Բարև Ձեզ, բժիշկ ջան, խնդիրս հետևյալն է. բալիկս 2,6 տարեկան է: Ինձ հետաքրքիր է՝ ընդհանրապես խորհուրդ տրվու՞մ է երեխաներին ժիլետ հագցնել:
Պատասխան: Բարև Ձեզ։ Երեխային ժիլետ հագցնելու որևէ ցուցում կամ հակացուցում չկա, ինչպես և բոլոր մնացյալ հագուստների դեպքում։ Եթե փոքրիկի ձեռքերը չեն սառչում, ապա կարող եք հագցնել նաև ժիլետ։
Անուն: Տաթև
Հարց: Բարև Ձեզ, բժիշկ, երեխաս 1 տարեկան, 4 ամսական է: 4 ամիս է՝ լացելիս շունչը պահում է, կապտում, բժիշկը կալցի D3 է նշանակել, 1 ամիս տվել եմ, բայց ոչինչ չի փոխվել: Խնդրում եմ՝ ասեք՝ ինչի՞ց կարող է լինել, ի՞նչ անեմ:
Պատասխան: Բարև Ձեզ։ Ձեր նկարագրածը նման է «աֆեկտիվ-ռեսպիրատոր» նոպայի, որը հիմնականում սկսվում է 6 ամսականից և ավարտվում մինչև 6 տարեկան հասակը։ Վերջինիս սրացումը դիտվում է 1,5-2,5 տարեկանում և վերանում է ինքնուրույն։ Հիմնականում բուժում չի պահանջում։ Նշանակված բուժումը նորմալ է, սակայն ոչ միշտ է վերացնում նոպաները։
Անուն: Մելանյա
Հարց: Ողջույն, 3 ամսական աղջիկ երեխայի մոտ առկա է նիսթագմ: Հայաստանում հնարավո՞ր է բուժել:
Պատասխան: Բարև Ձեզ։ Նիսթագմը առանց որևէ միջամտության հաճախ վերանում է մինչև 1 տարեկան հասակը, սակայն կան դեպքեր, երբ կարիք կա հետազոտությունների, որպեսզի հերքվեն ԿՆՀ-ի կողմից խնդիրները, ինչպես նաև բորբոքային հիվանդությունները և տեսողության խնդիրները։
Անուն: Կարինե
Հարց: Բարև Ձեզ, իմ փոքրիկը 3 տարեկան է, կղելիս միշտ նստել է գիշերանոթին, բայց մոտ մի ամիս է՝ կանգնած է կղում: Երբ փորձում եմ գիշերանոթին նստեցնել, լացում է ու ընդհանրապես չի նստում: Երբեմն հետույքը մաքրելիս էլ է լաց լինում: Շատ եմ անհանգստանում: Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Պատասխան: Բարև Ձեզ։ Դիմեք մանկական հիվանդանոց՝ հետանցքի շրջանի խնդիրները հերքելու համար։ Հնարավոր է՝ ճաք կամ վերք լինի, որը նստելիս ձգվում և ցավ է պատճառում երեխային։
Անուն: Մարիաննա
Հարց: Բարև Ձեզ, տանն ունենք ջրծաղիկով հիվանդ երեխա: Երրորդ օրն է՝ ջերմությունն ու ցանավորումը չեն դադարում, և անընդհատ քորի զգացում ունի: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան: Աշխատեք, որ երեխան մաշկի ախտահարված մասերը չքորի։ Լողացրեք մանկական հիպոալերգեն և ոչ կոմեդոգեն օճառով։ Ջերմիջեցնողները օգտագործեք 38° և ավելի բարձր դեպքում։ Երեխային իզոլացրեք մինչև մաշկային վերջին էլեմենտի վերացումը, որպեսզի կանխեք վարակի տարածումը։
Անուն: Մանե
Հարց: Բալիկս 1.6 տարեկան է, երեկվանից փորլուծություն է նրա մոտ և ունի բարձր ջերմություն՝ 39.3, ջերմիջեցնող ընդունելուց հետո իջնում է, բայց որոշ ժամանակ անց կրկին բարձրանում է, հազ և քթի արտահոսք չկա, այսօր համեմատաբար ակտիվ է: Ի՞նչ կարող է լինել և ինչպե՞ս ազատվել փորլուծությունից:
Պատասխան: Փորլուծությունը կարող է լինել ինչպես աղիքային ինֆեկցիայի արտահայտություն, այնպես էլ ստամոքս-աղիքային համակարգի դիսֆունկցիա։ Թեթև դեպքերում պետք է երեխայի ջերմությունը իջեցնել և առատ հեղուկներ տալ, իսկ ծանր դեպքերում հնարավոր է՝ հոսպիտալիզացիայի հարկ լինի։
Անուն: Էմմա
Հարց: Բարև Ձեզ, իմ փոքրիկը 2 ամսական, 14 օրական է, շատ հանգիստ երեխա է, քնում է օրվա մեջ գրեթե 18 -20 ժամ, ըստ իս՝ դա շատ երկար է: Խնդրում եմ՝ ասեք՝ որքա՞ն պետք է լինի այդ տարիքի երեխայի քնելու նորմալ տևողությունը: Արդյոք երկար քնելը խնդրի մասի՞ն է խոսում: Ավելացնեմ, որ հաճախ 3-4 ժամ քնելուց հետո, երբ արթնանում է և անմիջապես կերակրում եմ, նորից քնում է: Կանխավ՝ շնորհակալություն:
Պատասխան: Բարև Ձեզ։ Երեխան օրվա մեջ միջինում 8-10 անգամ պետք է կերակրվի, այսինքն՝ 2,5-3 ժամը մեկ։ Սակայն, եթե նա ադեկվատ քաշի ավելացում ունի, թեկուզ՝ ավելի քիչ կերակրումներով, ապա, ամենայն հավանականությամբ, անհանգստանալու կարիք չունեք։