«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 6-րդ խմբաքանակին:
Հարց – Սուսաննա-Սիրելի հոգեբան, խնդրում եմ` օգնեք ինձ: Տղաս 4 տարեկան է, բնավորությամբ շատ հանգիստ երեխա է, չի սիրում ակտիվ կյանք վարել, վախենում է, երբ իրենից փոքրերը մոտենում են: Իսկ դա ինձ հունից շատ է հանում: Խնդրում եմ` օգնեք: Ինչ անեմ:
Պատասխան-Նախ պետք է պարզել, թե կոնկրետ ինչից է երեխան վախենում: Երեխաները մեծանում են, և այդ ընթացքում յուրաքանչյուրն էլ ունենում է այս կամ այն տիպի խնդիր, ոչ ոք առանց խնդրի չի մեծանում: Դրանցից խիստ զայրանալ և հունից դուրս գալ պետք չէ: Ավելի լավ է`
Հարց – Լուսինե - Իմ փոքրիկ տղան 3 տարեկան է, բայց չի սիրում ինչ-որ բանով զբաղվել,սովորել, նկարել, հանդեսներին չի արտասանում, չնայած նրան, որ ոտանավորները լավ գիտի: Ինչ անել, որ փոքրիկի մոտ սեր առաջանա դեպի ուսումը: Ինչ խմբակների է կարելի տանել: Շնորհակալություն
Պատասխան- Եթե երեխան չի ուզում զբաղվել այն ամենով, ինչ իրեն առաջարկում եք, չի նշանակում, որ նա չի սիրում ուսումը կամ չի սիրում զբաղվել որևէ բանով: Դա նշանակում է, որ նրան դուր չի գալիս այն զբաղմունքները, որոնք դուք իրեն առաջարկում եք, կամ միջավայրը, որտեղ դա արվում է, կամ մարդիկ, ովքեր զբավում են իր հետ: Այդ տարիքի երեխաները սիրում են ազատություն, անկախություն և ինքնաբուխ խաղ: Ուշադիր եղեք ձեր երեխայի վարքի ու հետաքրքրությունների նկատմամբ, փորձեք պարզել` հատկապես ինչն է իրեն դուր գալիս: Այդ տարիքում երեխաները բոլորն իրար նման չեն լինում, նրանք շատ տարբեր հետաքրքրություններ են ունենում, փորձեք գտնել հենց ձեր երեխայի հետաքրքրությունները: Այս պահին նրան որևէ բան ստիպելը ավելի շատ բացասական վերաբերմունք կառաջացնի իր կողմից: Իսկ ուսման հանդեպ վերաբերմունք ձեւավորելու համար դեռ մի փոքր շուտ է, թողեք երեխան խաղա որքան ցանկանում է:
Հարց – Տաթեւիկ - Բարև Ձեզ: Խնդրում եմ` ասեք` ինչ անեմ, որ տղաս ամեն օր արտասվելով չգնա մանկապարտեզ:Ամեն առավոտ արթնանում է և ասում, որ չի ուզում գնալ:Գիտեմ, որ այնտեղ նրան ոչ-ոք չի նեղացնում:
Պատասխան- Եթե երեխան դժվար է բաժանվում ծնողից, նշանակում է` մեծ է մոր գործոնը: Երբեմն ծնողները վախենում են երեխային կամ նրա սերը կորցնելուց, կամ մյուսների համեմատ քիչ կարևոր լինելուց: Դրա հետևանքով նրանք սկսում են անգիտակցաբար երեխային ավելի շատ կապել իրենց և որոշակի կախվածության մեջ գցել երեխային: Երբեմն մայրիկները հիվանդագին վախ են ունենում երեխայի համար, վախենում են, որ նա կվնասվի, կամ որևէ վատ բան կպատահի իրենց բացակայության ընթացքում: Այս դեպքերում երեխաները իրենց վարքով պարզապես արտահայտում են ծնողի վախը: Նման վախեր առաջանում են ավելի շատ երիտասարդ, չափազանց անինքնավստահ կամ հղիության ընթացքում երեխային կորցնելու վախ ունեցած մայրիկների մոտ: Պետք է ներքուստ բաց թողնել բալիկին, թույլ տալ ինքնուրույն լինել:
Հարց – Նառա - Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Տղաս 1,5 տարեկան է, իր սերը, ուրախությունը կամ բարկությունը արտահայտում է կծելով, և կարծում եմ, որ դա կապված չէ ատամների հետ, քանի որ այլ առարկաներ չի կծում: Խնդրում եմ` ասեք, թե դա ինչի նշան է, արժե անհանգստանալ, թե ոչ, և կարելի է արդյոք կտրականապես արգելել: Շնորհակալ եմ:
Պատասխան- Արգելել կամ զայրանալ պետք չէ, ուղղակի ցույց տվեք, որ դա տհաճ է: Կարող եք նույնիսկ մեկ անգամ էլ դուք թեթևակի կծեք իրեն` ցույց տալու համար, որ դա ցավոտ է և տհաճ: Այդ տարիքի երեխաները ինքնաբուխ են, անկաշկանդ, և նոր են սովորում արտահայտել իրենց զգացմունքները: Անընդհատ ցույց տվեք, թե ինչպես դա կարող է անել: Վախենալու բան, կարծում եմ, դեռևս չկա, դեռ փոքրիկ է: Հետևեք, թե ինչ փոփոխություններ է լինում: Եթե նկատեք, որ գնալով ավելանում է, բացի կծելուց նաև հարվածում է, նյարդային է դառնում, իրեր է շպրտում, այդ դեպքում նոր կարող եք անհանգստանալ և դիմել մասնագետի: Այժմ մի անհանգստացեք, սիրեք բալիկին ու ցույց տվեք` դա ինչպես են անում: Մենք` մեծահասկաներս էլ, սիրելիս հաճախ ատամներն ամուր սեղմում ենք, կարծես իսկապես ուզում ենք կծել համով փոքրիկին:
Հարց – Անի - Տղաս 12 տարեկան է, բայց ամեն ինչից շատ ջղայնանում է, նույնիսկ խոհանոցում, եթե մենք ճաշում ենք, նա հյուրասենյակում կատաղում է ու սկսում է վիրավորել բոլորին: Բժիշկներն ասում են, որ պատճառը փոքր ժամանակ տարած աղիքային սեպսիսն է: Ինչ խորհուրդ կտայիք: Շնորհակալություն
Պատասխան- Եթե այդ վարքը սկսվել է վերջերս, ապա կարող է ուղղակի սուր դեռահասության ճգնաժամի նշան լինել: Պետք է հանգիստ վերաբերել այս շրջանում երեխաներին: Նրանք շատ լուրջ ֆիզիկական, հոգեբանական և ներքին փոփոխություններ են ապրում, որոնց արդյունքում անընդհատ բարձր լարվածության մեջ են գտնվում: Այդ լարվածությունից, հորմոնալ փոփոխություններից նրանք դյուրագրգիռ են դառնում, անզուսպ, հաճախ կարող են կոպտել մեծահասականերին: Այս ամենը նորմալ է գրեթե բոլոր դեռահասների համար: Պետք է դիմանալ, համբերել, մինչև տղան կանցնի դեռահասության դժվար ժամանակահատվածը: Եթե նկատում եք, որ ձեր երեխայի մոտ դրսևորվող վարքը շատ ավելի լուրջ է, քան իմ խոսքերը, ապա անպայման դիմեք մասնագետի:
Հարց – Լիլիա -Ե՞րբ է երեխայի մանկապարտեզ հաճախելու ամենաճիշտ տարիքը: Իմ երեխան երկու տարեկան է. արդյո՞ք դա շուտ չէ նրա համար:
Պատասխան- Ամենացանկալի տարիքը 3 տարեկանն է: Սակայն կան երեխաներ, որ 2 տարեկանից բուռն ցանկություն են ունենում` շփվելու հասակակիցների հետ և հաճույքով են գնում պարտեզ: Ավելի ապահով կլինի հետևել երեխայի ցանկությանը: Եթե ցանկանում եք տանել, ապա փորձեք մի քանի օր տանել մի քանի ժամով: Հակացուցում չկա այդ տարիքում մանկապարտեզ տանելու վերաբերյալ, դուք ինքներդ կարող եք որոշել` երեխայի վարքին հետևելուվ: