«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Գայանե Մնացականյանը։
Անուն՝ Տոմա
Հարց՝ Բարև Ձեզ։ Ծննդաբերել եմ կեսարյան հատմամբ, որից հետո առաջին երկու ամիսը նորմալ դաշտան է դիտվել, հաջորդիվ՝ ընդհանրապես անհետացել։ Հղիություն չկա, թեստով ստուգել եմ։ Ի՞նչ կարելի է անել, պե՞տք է ինչ-որ դեղամիջոց օգտագործել կարգավորելու համար։
Պատասխան՝ Եթե կրծքով կերակրում եք, ապա դաշտանի անկանոն լինելը նորմալ է: Իսկ եթե կրծքով կերակրում չեք իրականացնում, դիմեք մասնագետի և անցեք հետազոտություններ:
Անուն՝ Անի
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, հղիության վակուումային ընդհատումից հետո ե՞րբ դաշտան կսկսվի։ Ասեմ, որ վակուումային ընդհատումից անցել է երկու շաբաթ, դաշտան այդպես էլ չի սկսվել, հղիության թեստ եմ արել, պատասխանը բացասական է, ընդունել եմ նաև «Ռեգուլոն»։
Պատասխան՝ Երկու շաբաթ ժամանակահատվածը քիչ է, որ դաշտանը վերսկսվի։ Բայց դեղամիջոցը, որն ընդունում եք, ևս կարող է խանգարել դաշտանի վերսկսմանը:
Անուն՝ Հասմիկ
Հարց՝ Բարև Ձեզ։ Եթե շուտ է ուլտրաձայնային հետազոտությամբ կամ թեստով հղիության մասին իմանալու համար, կարո՞ղ եմ ԽԳ-ի անալիզ հանձնել և իմանալ։ Նշեմ՝ դեռ մոտ 15 օր կա մյուս դաշտանին։
Պատասխան՝ Պետք է մի փոքր սպասել: Եթե ենթադրյալ դաշտանին դեռ 15 օր կա, ապա ԽԳ-ն էլ չի հաստատի կամ ժխտի հղիությունը:
Անուն՝ Մարիամ
Հարց՝ Կրծքով կերակրելու ընթացքում ի՞նչ հակաբեղմնավորիչ կարող եմ օգտագործել՝ հաբերի կամ մոմիկի ձևով, բացի ՆԱՊ-ից։ Կխնդրեմ նշել՝ կոնկրետ ո՞ր հակաբեղմնավորիչ միջոցները չեն վնասի կրծքով կերակելու ընթացքում։
Պատասխան՝ Հակաբեղմնավորիչ միջոցն ընտրվում է անհատապես, ուստի այսպես որևէ միջոց առաջարկելը սխալ է:
Անուն՝ Նելլի
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, ընդունում եմ Ամլեսսա 8/5 դեղորայք, ուզում եմ իմանալ՝ հղիության պարագայում այն վտանգավո՞ր է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։
Պատասխան՝ Տվյալ պրեպարատի ընդունումը պետք է ընդհատել հղիություն պլանավորելուց առաջ:
Անուն՝ Արմինե
Հարց՝ Ծննդաբերությունից անցել է 1 տարի 6 ամիս, դաշտան չեմ տեսնում, արդեն 1 ամիս է՝ երեխային կրծքով չեմ կերակրում։ Հնարավո՞ր է հղիություն։ Որովայնի հատվածում դաշտանանման ցավեր ունեմ և արտադրություն։
Պատասխան՝ Այո՛, առաջին հերթին հարկավոր է ժխտել կամ հաստատել հղիությունը: Այնպես որ, դիմե՛ք բժշկի: