Sidebar

«Երեխաս 4 ամսական է, սակայն դաշտան դեռ չկա, անհանգտանալու կարիք կա՞»․ պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգը

Մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին։

Անուն` Լուսինե

Հարց՝ Բարև Ձեզ։ Ինձ մոտ 4 շաբաթական 6 օրական հղիություն է, թեստը դրական է ցույց տվել, բայց ՈՒՁՀ-ով արգանդի խոռոչում պտղաձու չկար։ Պե՞տք է անհանգստանալ։

Պատասխան՝ Հնարավոր է՝ պտղաձուն չերևա այդ փուլում։ Դա կարող է կապված լինել ուշ օվուլյացիայի հետ։ Ըստ գեստացիայի՝ ունենում ենք մի ժամկետ, ըստ օվուլյացիայի՝ այլ, ավելի փոքր։ Այդպիսով, տվյալ փուլում պտղաձուն չի երևում արգանդի խոռոչում։ Ուստի նայում ենք մոտավորապես մեկ շաբաթ, առավելագույնը՝ 10 օր անց։ 

 

Անուն՝ Գեղեցիկ

Հարց՝ Բարև Ձեզ։ 10 օր է՝ բուժում եմ ստանում վագինտի դեմ «Կլիոն Դ»-ով։ Բուժման 10-րդ օրը սկսվեց դաշտանս, իր ժամկետից մեկ շաբաթ շուտ, դեռևս նման բան չէր եղել։ Ինչի՞ հետ կարող է կապված լինել և ի՞նչ խորհուրդ կտաք։ «Կլիոն Դ» պրեպարատով 10 օր բուժում ստանալուց հետո ե՞րբ կարող եմ հետազոտություն անցնել նորից։ Կանխավ շնորհակալ եմ։

Պատասխան՝ Վաղ սկսվելը «Կլիոն Դ»-ի հետ կապված չէ, պարզապես այդպես կարող է պատահել։ Մեկ շաբաթ շուտ սկսվելը չենք համարում ախտաբանական երևույթ, հատկապես եթե այն չկրկնվի հետագայում։ Եթե կրկնվի էլ, միգուցե ձեզ մոտ ցիկլի փոփոխություն է տեղի ունեցել։ Հետևեք. եթե կանհանգստացնի, դիմեք մասնագետի։ 

 

Անուն՝ Բավական

Հարց՝ Բարև Ձեզ, աղջիկս արդեն 4 ամսական է, և ինձ մոտ դեռ չկա դաշտան։ Անհանգստանալու կարիք կա՞։

Պատասխան՝ Եթե կրծով կերակրում եք, ապա մի՛ անհանգստացեք։ Մինչև մեկ տարի կարող է տևել, հատկապես եթե շարունակելու եք կերակրել։

  

Անուն՝ Սեդա

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, ձվաբջիջների պաշարի համար անալիզ եմ հանձնել, պատասխանը եկել է 0,73։ Խնդրում եմ ասել՝ դա քանի՞ տարվա պաշար է։

Պատասխան՝ Այսպես ասել հնարավոր չէ, սակայն տվյալ ցուցանիշը կարող եք այլ տեղում ևս ստուգել՝ վերահանձնելով, ինչից հետո բժշկի հետ համատեղ կորոշեք բուժման կամ հղիության պլանավորման տակտիկան։ 

 

Անուն՝ Թամարա

Հարց՝ Ունեմ անտանելի քոր։ Օգտագործել եմ «Տերժինան»՝ 3 օր և «Կլոտրիմազոլ», բայց կրկնվել ու անցել էր։ Հիմա ի՞նչ խորհուրդ կտաք։ Նշեմ՝ այս պահին էլ օգտագործում եմ «Նիստատին»։ Դա վնաս չէ՞ այն պարագայում, որ կրծքով կերակրում եմ։

Պատասխան՝ Ոչինչ մի՛ օգտագործեք։ Երեք օր անց հանձնեք քսուք։ Հարկավոր է պարզել պատճառը, հետո բուժել: