Sidebar

Երկրորդ երեխայի ծնվելուց հետո առաջնեկս ագրեսիվ է դարձել, ի՞նչ անեմ. «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը  պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 22-րդ խմբաքանակին:

Գոհար

Հարց: Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ: Իմ տղան արդեն 1 տարեկան 2 ամսական է: Սկսել էր ինքնուրույն քայլել և  քայլելու ժամանակ վայր ընկավ: Դրանից հետո վախենում է ինքնուրույն քայլել, անընդհատ ձեռքս բռնում է, ինչն  ինձ շատ է անհանգստացնում: Ընդհանուր առմամբ շատ վախկոտ է դարձել, նույնիսկ բարձր ձայնը կարող է նրան վախեցնել: Ի՞նչ խորհուրդ կտանք անեմ, որպեսզի ինչ-որ չափով հաղթահարի վախը և սկսի նորից ինքնուրույն քայլել:

Պատասխան: Հարգելի Գոհար, նախ՝ ժամանակ տվեք բալիկին հարմարվելու: Եթե նա ինչ-որ պահից սկսել է քայլել, նշանակում  է` ունակ է քայլելու: Այժմ նրան միայն ժամանակ է պետք փոքր-ինչ համարձակություն ձեռք բերելու համար: Մի´շտապեք և մի´ շտապեցրեք փոքրիկին: Այդպես հաճախ է լինում: Ժամանակի ընթացքում երեխան իրեն ավելի ուժեղ և ամուր կզգա ու կքայլի ինքնուրույն: Հանկարծակի բարձր ձայներից վախն այդ տարիքի համար նորմալ է համարվում: Դա տարիքային վախ է, որը ժամանակի ընթացքում անցնում է, անհանգստանալ պետք չէ:

Արմինե

Հարց: Աղջիկս վեց տարեկան է, սակայն վերջերս սկսել է իրեն փոքրիկի նման պահել, անընդհատ վատ արարքներ է անում, ուշադրություն գրավում, անում բաներ, որ հաստատ իրեն բնորոշ չեն. նեղանում է, ինձ նյարդայնացնում: Ի՞նչ խորհուրդ կտաք: Ասեմ նաև, որ տանը 8 ամսական փոքրիկ ունենք, որին ուղղված է մեր ուշադրության մեծ մասը: Հնարավո՞ր է դա լինի պատճառը: Կցանկանայի լսել ձեր մասնագիտական խորհուրդը: Շատ շնորհակալություն:

Պատասխան: Հարցի առաջին մասն ընթերցելուց անմիջապես կասկած առաջացավ, որ տանը երկրորդ բալիկ է ծնվել: Հարցի երկրորդ մասն  ապացուցեց մեր կասկածները: Այո՛,  հնարավոր է, որ երեխայի վարքի փոփոխության պատճառը երկրորդ բալիկի առկայությունը լինի: Ամենայն հավանականությամբ այդպես է: Երկրորդ բալիկի ծնունդը միշտ սթրեսային է առաջինի համար: Այդ ընթացքում պետք է աշխատել առաջին երեխային տալ նույնչափ ուշադրություն և սեր, որքան երկրորդ բալիկին: Հակառակ դեպքում առաջին երեխան կունենա թերարժեքության բարդույթ, վարքային խնդիրներ, հուզական ոլորտի դժվարություններ: Հնարավորինս մասնակից դարձրեք առաջին բալիկին երկրորդի խնամքի գործերին: Երեխային խնամելիս ու նրանով զբաղվելիս մեծին հաճախակի պատմեք իր այդ տարիքի մասին, ցույց տվեք նկարներ, խոսեք ձեր ապրումների մասին այդ ընթացքում: Փորձեք օգնել ձեր մեծ աղջկան հասկանալ, որ ինքը ևս եղել է այդքան փոքրիկ ու իրենով ևս զբաղվել եք նույն կերպ: Մի՛  զայրացեք,  երբ մանկական վարք է դրսևորում, փորձեք մի փոքր խաղալ նրա հետ այդ խաղը, նա նման ձևով բավարարում է իր սիրված և ուշադրության կենտրոնում լինելու չբավարարված պահանջմունքը: Ընտանիքի բարեկամներին և հյուրերին  զգուշացրեք, որ մեծին ևս բավարար ուշադրություն դարձնեն, երբ հյուր են գալիս: Սա իրականում ձեր խնդիրն է, ոչ՝ երեխայի:

Արևիկ

Հարց: Բարև Ձեզ, հարգելի՛ հոգեբան: Այս հարցին  Դուք  անդրադարձել եք, բայց նորից հարց ունեմ: Խոսքն իմ փոքրիկին բարուրից ազատելու, թևերն ազատությանը սովորեցնելու վերաբերյալ էր: Բարուրից դուրս նա քնել դժվարանում էր, Դուք ինձ խորհուրդ տվեցիք աստիճանաբար բարուրից ազատեմ, փոխեմ բարուրի ձևը, թուլացնեմ աստիճանաբար, որ նա կարողանա շարժել թևերը: Հետևել եմ Ձեր խորհրդին ու մինչև այսօր աստիճանաբար թուլացրել, արդեն 4 օր է՝ լրիվ արձակել եմ, բայց նա անընդհատ ուզում է աչքերը տրորել: Այդպես նա իրեն արթնացնում է ու լալիս, լինում է,  որ ամբողջ գիշեր օրորում եմ  ու ձեռքերը պահում, որ քնի: Ես փորձում եմ չխանգարել իր  ձեռքերի ազատությանը  սովորելուն, բայց երբ  արթնանում է,  հետո շատ դժվարությամբ է քնում, քնելիս էլ շատ մակերեսորեն: Ինչպե՞ս վարվեմ: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի´ Արևիկ, ամեն դեպքում ընդմիշտ բարուրած չեք կարող պահել բալիկին, մի օր պիտի արձակեք, ու նա պիտի ազատ քնի: Փորձեք դիմանալ այդ ընթացքին, աստիճանաբար գնացեք ազատ քնելուն: Այստեղ այլ տարբերակներ չկան, միևնույն է, մի օր արձակած է քնելու երեխան ու պիտի սովորի նաև այդ վիճակին:

 

Մարինե

Հարց: Բալիկս 4,5 տարեկան է, երկրորդ բալիկիս ծնվելուց հետո ահավոր ագրեսիվ և կռվարար  է  դարձել,  բայց մեր ուշադրությունը չի պակասել նրա հանդեպ:  Ինչպե՞ս վարվեմ նրա հետ, միգուցե հոգեբանի մոտ տանեմ:

 

Պատասխան: Երբեմն հոգեբանի մոտ տանել պետք է միայն խնդիը հասկանալու համար: Այս դեպքում գուցե դա է: Եթե դուք դժվարանում եք հասկանալ,  թե ինչն է երեխայի վարքի փոփոխման պատճառը, ապա ավելի գրագետ կլինի խորհրդակցել մասնագետի հետ: Սակայն, իմ կարծիքով, պատճառը երկրորդ բալիկի ծնունդն է, քանի որ երեխայի վարքի փոփոխությունը համընկել է երկրորդ բալիկի ծննդի հետ: Գուցե կան նաև այլ պատճառներ, որոնք նպաստել են: Անգամ եթե դուք բավարար չափով ուշադիր եք երեխայի նկատմամբ, միևնույն է,  նա դժվար ժամանակներ է ապրում: Բոլոր երեխաների համար  անխտիր երկրորդի ծնունդը սթրես է` նոր պայմաններ, նոր կարգավիճակ ընտանիքում, նոր դեր, նոր ակնկալիքներ իրենից: Իսկ այդ պայմաններում երեխան դառնում է ավելի խոցելի այլ բացասական ազդեցությունների նկատմամբ: