«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը:
Վարսիկ
Հարց. Փոքրիկս 1 տարեկան 8 ամսական է: Արդեն 2 ամիս է հրաժարվել է կրծքից, սակայն մինչ օրս ունեմ շիթով
Պատասխան. Խորհուրդ եմ տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ: Դիմեք գինեկոլոգի, ստացեք խորհրդատվություն կաթնարտադրության կանխման վերաբերյալ: Այսօր կան Բրոմոկրիպտինից ավելի արդյունավետ դեղամիջոցներ:
Իննա
Հարց. Կարո՞ղ է կանդիդոզը նպաստել չհղիանալուն: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան. Կանդիդոզը չի հանդիսանում անպտղության պատճառ, սակայն նա կարող է համակցվել ռեպրոդուկտիվ նշանակություն ունեցող վարակների հետ: Եթե կանդիդոզը կրում է խրոնիկ բնույթ, ապա անհրաժեշտ է մանկրակրկիտ հետազոտում և բուժում:
Լիդա
Հարց. 23 տարեկան եմ, դաշտանային ցիկլի երրորդ օրը հանձնել եմ արյան անալիզ: Հորմոններից պրոլակտին` 14.1,պրոգեստերոն` 0.5 : Արդյոք բա՞րձր են համարվում այս թվերը պոլիկիստոզի համար:
Պատասխան. Միայն պրոլակտինի և պրոգեստերոնի մակարդակները բավարար չեն պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի ախտորոշման համար: Ասեմ ավելին, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը ունի ոչ միայն հորմոնալ, այլև մի շարք այլ մարկերներ: Այդպիսով, խորհուրդ եմ տալիս դիմել գինեկոլոգ-էնդոկրինոլոգին համապատասխան խորհրդատվություն ստանալու համար:
Հայարփի
Հարց. Միշտ ունենում եմ նախադաշտանային ցավեր: Կարո՞ղ է դա վկայել այն մասին, որ հղիություն չկա:
Պատասխան. Եթե այդ ցավերը ունեն պարբերական բնույթ և լինում են ամեն դաշտանից առաջ, ապա նրանք չեն կարող վկայել հղիության մասին:
Արմինե
Հարց. Արյունս խիտ է, և ներկա պահին հղի եմ: Ուզում եմ իմանալ, բազուկը նպաստու՞մ է արյան խտությանը:
Պատասխան. Բազուկը կարող է հարաբերականորեն բարձրացնել արյան մակարդելիությունը: Համարվում է, որ այն կարող է լավացնել արյան իջած մակարդելիությունը: Այնուամենայնիվ, պակասեցրեք բազուկի քանակը Ձեր սննդակարգում:
Արմինե
Հարց. Դաշտանային ցիկլս ուշացել է: Ինձ թվում է, որ հղի եմ, սակայն չեմ ուզում ծննդաբերել: Տնային պայմաններում ինչպե՞ս կարող եմ վիժել:
Պատասխան. Նախ և առաջ պետք է ախտորոշել հղիությունը, որից հետո մտածել ընդհատման մասին: Խորհուրդ չեմ տալիս կազմակերպել դեղորայքային աբորտ առանց բժշկի այցելելու:
Մարիա
Հարց. 19 տարեկան եմ, ամուսնացած չեմ, ունեմ դաշտանային ցիկլի խանգարումներ, բուժվում եմ: Ինձ մի հարց է շատ անհանգստացնում. այս ընթացքում կարելի՞ է զբաղվել ձեռնաշարժությամբ : Դա հետագայում կարո՞ղ է հանգեցնել որևէ խնդրի: Նախապես շնորհակալություն:
Պատասխան. Ձեռնաշարժությունը հետագայում կարող է բերել հոգեբանական խնդիրների: Քննարկեք ձեռնաշարժության վնասների հարցը բուժումը նշանակած բժշկի հետ:
Օֆելիա
Հարց. Ծննդաբերությունից հետո արդեն 3 ամիս է դաշտան չեմ ունենում: 3 օր ունեի արյունանման արտադրություն: Հնարավո՞ր է հղիություն կրծքով կերակրման ընթացքում, նշեմ, որ հարաբերության ժամանակ պաշտպանվում ենք:
Պատասխան. Եթե Դուք բացառապես կրծքով եք կերակրում, ապա հղիանալու հավանականությունը ցածր է: Նշված արտադրությունը կարող է դաշտան լինել: Քանի դեռ Դուք կերակրում եք, դաշտանային ցիկլը կարող է լինել անկանոն, անգամ կարող է բացակայել:
Թամարա
Հարց. Ես ունեմ թութք, որից արյուն է գալիս: Վտանգավո՞ր է արդյոք այդ երևույթը:
Պատասխան. Այս հարցի ճիշտ պատասխանը կարող եք ստանալ պրոկտոլոգի խորհդատվության միջոցով:
Նանար
Հարց.Ամուսնացած եմ, ունեմ մեկ երեխա: Դեռևս նախքան ամուսնանալս ունեի դաշտանային ցիկլի խանգարումներ: Այժմ՝ նույնպես: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան. Դաշտանային ցիկլի նորմալ տևողությունը 21- 42 օր է: Վարեք դաշտանային օրացույց: Եթե ցիկլի տևողությունը 42 օրից երկար է, ապա դա համարվում է խախտում: Քանի որ Դուք ունեք մեկ երեխա, ապա դա խոսում է այն մասին, որ հորմոնալ խանգարում չկա: Վերջին դաշտանի առաջ ընկնելը անհանգստացնող փաստ չէ:
Աննա
Հարց. Բարև Ձեզ,ինձ մոտ 18-19 շաբաթական հղիություն է: Սոնոգրաֆիկ հետազոտությունը պտղի օձիքային չափսը ցույց է տվել 6մմ: Նորմա՞լ է արդյոք:
Պատասխան. Օձիքային տարածության չափսը առաջին եռամսյակում պտղի զարգացման արատների ախտորոշման կարևոր ցուցանիշ է: Այն չափում են հղիության 11-14 շաբաթներում: Հղիության 18-19 շաբաթականներում նրա ախտորոշիչ նշանակությունը նվազում է: Այդ ժամկետում առկա են պտղի արատների ախտորոշման այլ ցուցանիշներ:
Աննա
Հարց. Հնարավո՞ր է հղիանալ, եթե առկա է էռոզիա:
Պատասխան. Արգանդի պարանոցի էռոզիան անպտղության պատճառ չէ:
Մարի
Հարց. Ի՞նչն է պատճառը, երբ թեստը ցույց է տալիս թույլ դրական , սակայն ունենում եմ դաշտան: Պրոգեստերոնը և էստրադիոլը նորմալ են, ձվազատում եղել է, ուլտրաձայնային հետազոտությունը հաստատել է դա: Ամուսինս հանձնել է սերմի անալիզ՝ ամեն ինչ կարգին է: Հետևում եմ նաև իմ օրգանիզմի նշաններին՝ 14 օր սուր ցավ, 15-րդ օրվանից կրծքերի ուռածություն , բարձր զգայունություն, 20 – 23-րդ օրն գոտկատեղի ցավ ,աճուկային ցավ, շագանակագույն արտադրություն:
Պատասխան. Դիմեք ռեպրոդուկտոլոգի չհղիանալու պատճառը պարզելու համար: Իմ կարծիքով, էնդոմետրիումն աննշան բարակ է 14-դ օրվա համար, երբ կատարվում է ձվազատումը: Նաև պետք է պարզել շագանակագույն արտադրության պատճառը: Անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ հետազոտություն:
Արմինե
Հարց. Բարև Ձեզ, հնարավո՞ր է արդյոք սեռական ակտ ունենալ դաշտանի 9-րդ օրը և հղիանալ:
Պատասխան. Հղիության կանխարգելման օրացուցային մեթոդը արդյունավետ է կանոնավոր դաշտանային ցիկլի պարագայում: 9- րդ օրը կարելի է հղիանալ, եթե դաշտանային ցիկլը կարճ է: Եթե դաշտանային ցիկլը միջինում 28 օր է, ապա հղիանալու հավանականություն կա, սակայն այն փոքր է:
Արշալույս
Հարց. 43 տարեկան եմ, իմ առաջին հղիությունն ավարտվեց 7 րդ շաբաթում՝ երեխայի սիրտը կանգ էր առել: Նշեմ, որ ծխախոտ և ալկոհոլ առհասարակ չեմ օգտագործում: Հետազոտվեցի, ամեն ինչ նորմալ էր: Բժիշկն ասաց, որ տարիքիցս է: Հնարավո՞ր է, որ դարձյալ կրկնվի, և ե՞րբ կարող եմ նորից հղիանալ:
Պատասխան. Պարզ չէ, թե ինչպիսի հետազոտություն եք Դուք անցել: Խորհուրդ եմ տալիս դիմել ռեպրոդուկտոլոգի, իսկ հղիանալ հնարավոր է վիժումից նվազագույնը 3 ամիս անց:
Սոֆի
Հարց. Արդեն մեկ տարի է ամուսնացած եմ, սակայն չեմ հղիանում: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան. Դիմեք ռեպրոդուկտոլոգի, հետազոտվեք անպտղության պատճառը պարզելու համար:
Վարդ
Հարց. Նորմա՞լ է արդյոք հղիության 4-րդ շաբաթում վարդագույն արտադրություն ունենալը:
Պատասխան. Հղիության 4 շաբաթում վարդագույն արտադրությունը կարող է խոսել վիժման վտանգի մասին, ինչպես նաև արտաարգանդային հղիության նշան լինել: Դիմեք գինեկոլոգի, կատարեք գերձայնային հետազոտություն հղիության վաղ ախտորոշման և անհրաժեշտության դեպքում բուժման համար:
Վարդուհի
Հարց. Կարո՞ղ է առաջանալ ռեզուս կոնֆլիկտ , երբ տղան ունի 1 բացասական արյուն,աղջիկը 1 դրական: Շնորակալություն:
Պատասխան. Ռեզուս կոնֆլիկտը առաջանում է, երբ մայրը ռեզուս բացասական է, հայրը` ռեզուս դրական, իսկ պտուղը ժառանգում է հոր ռեզուս գործոնը: Ձեր նկարագրած դեպքում ռեզուս կոնֆլիկտն անհնարին է:
Մարիամ
Հարց. Արդեն 4 ամիս է ամուսնացած եմ, բայց դեռ չեմ հղիացել: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան. Չորս ամիսը դեռ շատ կարճ ժամանակահատված է անպտղության մասին մտածելու համար: Եթե չհղիանաք մոտակա 8 ամսվա ընթացքում, ապա դիմեք գինեկոլոգի հետազոտման համար:
Արմինե
Հարց. Երկու տարի է ամուսնացած եմ: Հարաբերության ժամանակ հեշտոցիս կողքերը այտուցվում են: Ինչի՞ց կարող է դա լինել:
Պատասխան. Հավանաբար Դուք կամ Ձեր ամուսինն ունեք բորբոքային ախտահարում, ինչը նշված գանգատների պատճառ է դառնում: Դիմեք գինեկոլոգի հետազոտման և բուժման նպատակով:
Աննա
Հարց. Հնարավո՞ր է արդյոք, որ սերմնահեղուկը թափանցի ջինսե հագուստի վրայից և աղջիկը հղիանա:
Պատասխան. Նման դեպքում հղիանալը պրակտիկորեն անհնար է:
Աննա
Հարց. Կարելի՞ է սուրճ ըմպել հղիության ընթացքում:
Պատասխան. Կարող եք հղիության ժամանակ սուրճ օգտագործել, բայց քիչ քանակով: Խորհուրդ է տրվում սահմանափակել սուրճի օգտագործումը, քանի որ այն խաթարում է երկաթի յուրացումը:
Սաթեն
Հարց. 2 տարի է ամուսնացած եմ, առաջին ամսում հղիացել եմ, սակայն 3 ամսականում կորցրել ուրեապլազմա վիրուսի պատճառով: Բուժվեցի, սակայն արդեն 7 ամիս է անցել, մինչ օրս չեմ հղիանում: Ունենում եմ դաշտանի հինգօրյա ուշացումներ: Ինձ մոտ բացահայտվեց նաև լյաբլիա ճիճու՝ 12 մատնյա աղիներում: Դրա դեմ ևս բուժվեցի: Կարո՞ղ են դրանք նպաստել չհղիանալուն:
Պատասխան. Միայն ուրեապլազման չի կարող լինել հղիության ընդհատման պատճառ: Քանի որ դաշտանային ցիկլը երկարել է, ապա կարելի է մտածել հորմոնալ խանգարումների մասին, որոնք կարող են և հղիության կրելախախտի, և հետագա չհղիանալու պատճառ հանդիսանալ: Լյամբլիան անպտղության պատճառ չէ: Մեջքի ցավը կարող է լինել ինչպես կանացի խնդիրների ախտանշան, այնպես էլ այլ հիվանդությանների նշան: Դիմեք գինեկոլոգի ավելի մանրակրկիտ հետազոտման և բուժման համար:
Մերի
Հարց. Սեռական օրգանների բորբոքման հետևանքով հնարավո՞ր են մեջքի ցավեր:
Պատասխան. Մեջքացավերը համարվում են սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների հիմնական ախտանիշներից է: Դիմեք գինեկոլոգի հետազոտման նպատակով:
Սյուզի
Հարց. Ծննդաբերությունից արդեն անցել է 5 ամիս, սակայն մինչ օրս ունեմ արտադրություն: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան. Եթե արյունային արտադրություն է, ապա դա կարող է դաշտան լինել: Եթե այլ արտադրություն է, ապա կարող է բորբոքային հիվանդությունների նշան լինել: Դիմեք գինեկոլոգի խորհդատվություն ստանալու համար:
Սահականուշ
Հարց. Ինձ մոտ պրոլակտինը և տեստեստերոնը նորմայից բավականին բարձր է: Ես խնդիր ունեմ գիրանալու, գլխացավերի և մարսողության հետ կապված: Հնարավո՞ր է խնդիրը դրանից լինի:
Պատասխան. Պրոլակտինի բարձր ցուցանիշները կարող են գլխացավերի պատճառ լինել: Խորհուրդ եմ տալիս դիմել էնդոկրինոլոգի, քանի որ Ձեր գանագատները վկայում են այլ հորմոնալ խանգարումների մասին, ինչպես նաև ստանալ նյարդաբանի խորհրդատվություն: Առաջնահերթ պետք է հետազոտել վահանաձև գեղձի ֆունկցիան: