«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Անահիտ
Հարց. Բալիկս 3 տարեկան է, բայց ամբողջությամբ չի խոսում: Մանկապարտեզում գրեթե ոչ ոքի հետ չի շփվում, բացառությամբ դայակի: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան. Մանկապարտեզին հարմարվելու համար առաջին հերթին պետք են դրական փոխհարաբերություններ մանկավարժի հետ: Դա արդեն ձեռք եք բերել: Մնացածն ինքն իրեն կստացվի, եթե ոչ, գուցե կարիք կլինի մասնագետի հետ խորհրդակցել, սակայն այս պահին որևէ բան անել չեք կարող, բացի նույն կերպ շարունակելուց և սպասելուց: Մեկ ամիսը դեռ բավարար չէ՝ անհանգստանալու համար: Բացի այդ, մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե ինչպիսի դժվարություններ են, քանի որ պարզապես ասում եք՝ մեծ դժվարությամբ է հաճախում: Պետք է հասկանալ, թե ինչն է երեխայի դժվարության պատճառը:
Սոնա
Հարց. Երեխաս 10 ամսական է: Արդեն 1 ամիս է՝ վախենում է ջրից: Անգամ, երբ ոտքերին է ջուր կպնում, վախից բղավում է: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան. Հնարավորինս խուսափեք անսպասելի երեխային թրջելուց: Ջրով խաղեր կազմակերպեք, աշխույժ և ուրախ դարձրեք ջրային պրոցեդուրաները: Նման դեպքերում անմիջապես վախը վերացնել հնարավոր չէ: Հավանաբար մի անգամ ջուրն անսպասելի է լցվել ոտքերին. կամ ավելի սառը, կամ տաք է եղել:
Նառա
Հարց. Բալիկս 1.5 տարեկան է: Գիշերներն առհասարակ չէր արթնանում: Մի գիշեր արթնացավ, նայեց վարագույրին և սկսեց գոռալ: Նշեմ նաև, որ բոլոր սենյակներում ինչ-որ բանից վախենում է: Ի՞նչ խորհուրդ կտաք և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը:
Պատասխան. Կարծում եմ՝ այդ վախն ավելի շատ ձեզ վրա է ազդել, քան բալիկի: Պետք չէ վախենալ վախից: Վախերն իրենց պաշտպանական նշանակությունն ունեն և օգնում են երեխային զգուշանալ տարբեր վտանգներից: Թույլ տվեք երեխային աստիճանաբար հաղթահարել և հարմարվել իր վախի հետ: Մի վախեցեք: Հետևեք երեխայի վարքին: Եթե կնկատեք, որ շաբաթներով է շարունակվում այդ երկչոտությունը, կամ երեխայի վարքը բացասական փոփոխությունների է ենթարկվում, դիմեք մանկական հոգեբանի: Իսկ այժմ անհանգստանալու կարիք դեռ չկա: Երբեմն լինում է, որ երեխան երազում տեսածից վախենում է, արթնանալով դեռ որոշ ժամանակ հիշում է տեսածը կամ դեռ լիարժեք չի արթնանում երազից և շարունակում է վախենալ: Նման բաները ծնողներին ավելի շատ են վախեցնում, քան երեխային: Դեռևս շատ մի անհանգստացեք:
Ռուզաննա
Հարց. Աղջիկս 10 ամսական է: Նրա մոտ նկատվում է նյարդային հիստերիաներ: Հաճախակի բղավում է, ագրեսիվ ձայներ հանում: Ինչի՞ հետևանք կարող է լինել:
Պատասխան. Երեխաների նման վարքի պատճառը դժվար է որոշել այսքան սուղ ինֆորմացիայի պարագայում: Յուրաքանչյուր դեպքում պատճառները կարող են տարբեր լինել: Պետք է ուսումնասիրել կոնկրետ դեպքը: Փորձեք տեսնել, թե երբ է երեխան առավել հանգիստ, իսկ երբ առավել լարված: Փորձեք օրինաչափություններ դուրս բերել այդ իրավիճակներից: Դա կօգնի գտնել կոնկրետ ձեր երեխայի վարքի պատճառները:
Աննա
Հարց. Երեխան 4 տարեկան է, ունի հաղորդակցման խնդիրներ: Չի կարողանում արտահայտել իր խոսքը, սակայն ուրիշների խոսքն ամբողջությամբ՝ պարզ և հստակ վերարտադրում է: Ու՞մ կարող եմ դիմել:
Պատասխան. Պետք է դիմել հոգեբանի և լոգոպեդի խորհրդատվությանը: Մասնագետների հետ խորհրդակցելուց հետո կարող եք հստակ որոշել երեխայի խնդիրների բնույթը և շտկողական աշխատանքների ուղղությունը:
Դիանա
Հարց. Տղաս 6 տարեկան է: Նա ամեն ինչից շատ շուտ հուզվում է և լացում: Միջոցառումների ժամանակ առանձնանում է և լացում: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան. Եթե երեխայի վարքը օրինաչափ չէ իր տարիքի համար, եթե նա իրեն իր հասակակցիների համեմատությամբ այլ կերպ է դրսևորում, եթե չի կարողանում ուրախանալ և ակտիվ չէ, ապա դա տարիքային դժվարություն չի կարող լինել: Պետք է դիմել մանկական հոգեբանի խորհրդատվությանը:
Գայանե
Հարց. Աղջիկս 2.5 ամսական է, հաճախակի ունենում է նյարդային հիստերիաներ: Բռունցքով հարվածում է, առաստաղին նայելով՝ ծիծաղում: Ի՞նչ հորհուրդ կտաք:
Պատասխան. Նման դեպքերում չի կարելի տանը և ինքնուրույն միջոցներ ձեռնարկել: Պետք է մասնագետի հետ խորհրդակցել: Եթե մասնագետը երեխային դիտարկելուց հետո կորոշի, որ խնդիր չկա, այդ դեպքում կարելի է ինքնուրույն ինչ-որ քայլեր ձեռնարկել: Բայց այս պահին պետք է դիմել մասնագետի, քանի որ ձեզ համար երեխայի վարքն անհասկանալի է և ոչ օրինաչափ: