Անուն: Մարինե
Հարց: Բարև Ձեզ հարգելի բժիշկ:Առաջին երեխան ունեցել եմ կեսարյան հատումով: Անցել է մեկ տարի: Կարո՞ղ եմ արդյոք մտածել երկրորդ փոքրիկի մասին: Կանխավ շնորհակալ եմ:
Պատասխան: Ընդհանրապես խորհուրդ է տրվում կեսարյան հատումից հետո մոտ երկու տարի անց երեխա ունենալ: Դա համարվում է այն օպտիմալ ժամանակահատվածը, որի ընթացքում՝ վիրահատական միջամտումից հետո, օրգանիզմը լիարժեք վերականգնվում է:
Անուն: Հասմիկ
Հարց: Հնարավո՞ր է գիրություն դյուֆաստոն դեղահաբից:
Պատասխան: Ոչ, հնարավոր չէ: Գիրությունը պայմանավորված է այլ գործոններով: Դյուֆաստոնը կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ և ցուցման դեպքում:
Անուն: Սյուզի
Հարց: Մի քանի օր առաջ սեռական հարաբերություն եմ ունեցել ընկերոջս հետ ու վախենում եմ, որ կհղիանամ: Այն լիարժեք չի եղել. սերմնահեղուկը դրսում է թափվել: Բայց միևնույն է, ես անհանգստանում եմ: Կասե՞ք ինչ անել, որպեսզի կանխարգելեմ հղիությունը:
Պատասխան: Եթե հարաբերությունից հետո անցել է 72 ժամ, ապա հնարավոր չէ ոչինչ անել: Դա այն ժամանակահատվածն է, երբ կարող եք օգտագործել տագնապային կոնտրացեպցիայի մեթոդը: Պետք է սպասել հաջորդ դաշտանին: Եթե ուշանա, ապա հղիության թեստ դրեք:
Անուն: Ալինա
Հարց: Եթե ես բեղմնավորման ժամանակ ամուսնուցս վարակված լինեմ սնկային հիվանդությունով, դա կարո՞ղ է ազդել փոքրիկիս կյանքի և առողջության վրա:
Պատասխան: Հավանականությունը շատ քիչ է, որ սնային հիվանդությունն ազդեցություն ունենա պտղի վրա, սակայն պետք է անպայման այցելել բժշկի, պարզել սնկային հիվանդության առաջացման պատճառը և ստանալ համապատասխան բուժում:
Անուն:Աննա
Հարց: Ինձ մոտ 30շաբաթական հղիություն է: Հետազոտությունից հետո պարզ դարձավ, որ ինձ մոտ առկա է լյարդի էխինակոկ՝ 5սմ և 2,2 սմ չափերի: Ասացեք, խնդրում եմ, ի՞նչ հետևանք կունենա իմ երեխայի աճի զարգացման վրա: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան: Էխինակոկի կենսագործունեությունը կարող է ազդեցություն թողնել պտղի զարգացման վրա՝ առաջացնելով տարբեր խնդիրներ: Հղիության ընթացքում էխինակոկի դեմ բուժում չի անցկացվում: Իսկ վիրահատական միջամտություն կատարվում է միայն բժշկական ցուցման դեպքում:
Անուն: Գայանե
Հարց: 16 շաբաթական հղի եմ, հետազոտվել եմ, և ինձ մոտ հայտնաբերվել է ցիտոմեգալովիրուս IgG-1.628, իսկ IgM-0.418: Ինձ ասել են, որ IgM-ը նորմայի մեջ է և պետք չէ անհանգստանալ, իսկ IgG-ն հակամարմիններ են և չեն վնասի պտղին: Խնդրում եմ, ասացեք` արդյո՞ք դա ճիշտ է և հիմա բուժում անհրաժեշտ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն
Պատասխան: Ցիտոմեգավիրուսի IgG-ի թվի բարձր լինելը վկայում է նրա մասին, որ Դուք այդ վիրուսը տարել եք: Ig-M-ը Ձեզ մոտ ցածր է՝ նորմայի մեջ: Դա ցույց է տալիս, որ Դուք թարմ ինֆեցիա չունեք, այսինքն` ներկա պահին վիրուսային ակտիվություն չկա: Եթե կցանկանաք ավելի խորը հետազոտություն անցնել (համալիր ստուգում), կարող եք CMV-ն հանձնել նաև քսուքի ձևով (պոլիմերազ շղթայական ռեակցիա), այդ թվում նաև ավիդնոստը: Այս պահին անհանգստանալու կարիք չեմ տեսնում:
Անուն: Սիլվա
Հարց: Ես հղիության 7-րդ ամսում եմ, վերջերս ոտքիս վրա նկատեցի երակներ և մազանոթներ: Գոյություն ունեն բազմաթիվ քսուքներ վարիկոզի բուժման համար: Ո՞րն է ամենաարդյունավետը դեղամիջոցներից, ո՞րը կօգնի կանխել երակների հետագա լայնացումը և կվերացնի արդեն գոյություն ունեցողները: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Ինչ վերաբերվում է դեղորայքին, ապա խորհուրդ կտամ նաև խորհրդակցել անոթաբանի հետ: Եթե կարիք լինի, ապա Ձեզ կնշանակվի դեղորայք:
Անուն: Մերի
Հարց: Հղիությանս 17-18 շաբաթականում փոքրիկիս սիրտը կանգ է առել: Բժիշկը, որը վարում էր հղիությունը, որևէ պատճառ չնշեց՝ ասելով, որ հետագա հետազոտությունը ցույց կտա: Հղիության ընթացքում որևէ գանգատ չեմ ունեցել: «էխո»-ի բժիշկը նշեց, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում պտղի աճի նվազում կար: 1. Ուզում եմ իմանալ հավանական պատճառները (խնդրում եմ մանրամասն, եթե հնարավոր է): 2.Արդյո՞ք հղիության ընթացքում չոր գրիպը կարող է հանգեցնել դրան: 3.Երբ գինեկոլոգի և «էխո»-ի բժշկի հաշվարկները համընկնում են, թե հղիության որ շաբաթում է գտնվում հղին, հնարավո՞ր է փոփոխվեն ընթացքում: 4.Ինչպե՞ս կարելի է խուսափել հիպոքսիայից:
Պատասխան: Պատճառները կարող են շատ լինել: Դա կարող է պայմանավորված լինել ինֆեկցիայի առկայությամբ, քրոմոսոմային անոմալիայով, հակաֆոսֆոլիպիդային համախթանիչով և / կամ գենետիկ տրոմբոֆիլիայով և այլն: Որպեսզի ավելի լավ հասկանաք պատճառը, պետք է լիարժեք հետազոտվել, պարզել պատճառը և ունենալ ախտորոշում: Եթե կարիք լինի, ապա ստանալ համապատասխան բուժում, որից հետո միայն կրկին հղիանալ:
Անուն: Ալինա
Հարց: Տղամարդու մոտ հայտնաբերված ԿԱՆԴԻԴՈԶ տեսակի սունկը կարո՞ղ է ազդել նրա վերարտադրողական ֆունկցիայի վրա: Դրանից կտուժի՞ սերմի կենսունակությունը կամ կազդի բեղմնավորման վրա: Շնորհակալ եմ:
Պատասխան: Հիմնականում սնկայինը լինում է հարակից այլ հիվանդությունների հետևանքով, իմունիտետի անկման, նյութափոխանակության խանգարման և այլն: Խորհուրդ կտամ լիարժեք հետազոտվել և պարզել սնկայինի առաջացման պատճառը: Սնկային հիվանդությունն ինքնին մեծ վտանգ չի պարունակում, սակայն դարձյալ, պահանջում է ուշադրություն:
Անուն: Աննա
Հարց: Կարելի՞ է արդյոք ջերմաչափով ստուգել հղիությունը:
Պատասխան: Այո, գոյություն ունի հիմնային ջերմաչափման մեթոդ, որը թույլ է տալիս չափել հետանցքի ջերմությունը: Առավոտյան 7-7:30-ի սահմաններում առանց անկողնուց վեր կենալու կորի միջոցով կարող եք իմանալ, թե երբ է եղել ձվազատումը և կա հղիություն, թե ոչ: Եթե կինը հղիանում է, ապա սովորաբար ցիկլի երկրորդ կեսում հետանցքի ջերմությունը որոշ ժամանակ մնում է բարձր նիշի վրա:
Անուն: Անժել
Հարց: Բացի համապատասխան թեստից ուրիշ ինչպե՞ս կարելի է ստուգել հղիությունը:
Պատասխան: Արյան մեջ բետտա XG-ի որոշմամբ կամ ուլտրաձայնային հետազոտմամբ:
Անուն: Հելենա
Հարց: Ծննդաբերությունից հետո ունեմ և արտաքին, և ներքին կարեր: Անցել է գրեթե երկու ամիս, սեռական հարաբերություն չի ստացվում, ունենում եմ ցավեր, ծակոցներ: Արդյո՞ք դա նորմալ է, ի՞նչ խորհուրդ կտաք: Գուցե խոնավացնող ինչ-որ քսուքներն օգնե՞ն: Շատ շնորհակալություն:
Պատասխան: Այո, գոյություն ունեն խոնավացնող հատուկ ինտիմ գելեր, սակայն խորհուրդ կտամ նաև այցելել բժշկի:
Անուն: Լիաննա
Հարց: Հարգելի բժիշկ, խնդրում եմ ինձ օգնեք: Ամունացած եմ, դաշտանային ցիկլս նորմալ է միշտ եղել: Արդեն 4 ամիս է, ինչ ապրում եմ Մոսկվայում ու ոչ մի անգամ դաշտան չի եղել, հղիություն էլ չկա: Այցելեցի բժշկի, ասաց պոլուկիստոզներ կան, նշանակեց Դյուֆաստոն, դեղից հետո սկսվեց դաշտան: Այս ամիս կրկին դաշտան չկա, հղիություև էլ չկա: Խնդրում եմ` ինձ մի խորհուրդ տվեք, չգիտեմ ինչ անել: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Անպայման կրկին այցելեք Ձեզ բուժող բժշկին: Գուցե պահանջվեն նոր նշանակումներ կամ նշանակված դեղերի վերանայում:
Անուն: Գոհար
Հարց: Կրծքիս պտուկի հարակից շրջանում կան ճաքեր և տհաճ հոտ: Հնարավո՞ր է արդյոք սնկային հիվանդություն լինի: Եթե այո, ապա խնդրում եմ` ասեք ի՞նչ անել:
Պատասխան: Խորհուրդ կտամ անպայման դիմել բժիշկ-մամոլոգի, որպեսզի ավելի խորը բարդություններ չառաջանան:
Անուն: Արմինե
Հարց: Ես ունեմ 1 տղա, հիմա սպասում են երկրորդ փոքրիկին: Բժիշկը նշանակել է ուտրոժեստան 100 մլ, մինչև երեխան կլինի 12 շաբաթական: Կասեք՝ դա վտանգավոր կլինի՞ երեխայի համար, եթե այդքան երկար ժամանակ ես օգտագործեմ: Նախապես շնորհակալ եմ
Պատասխան: Ոչ, դա վտանգավոր չէ: Նշանակումներն արված են շատ տեղին և ճիշտ: Ուտրոժեստան դեղամիջոցը նշանակվում է դեղին մարմինը պահպանելու և վիժման վտանգից խուսափելու նպատակով:
Անուն: Սոնա
Հարց: Այժմ հղի եմ: Հղիությունն ինձ համար անցանկալի է, քանի որ ունեմ 9 ամսական փոքրիկ և չեմ կարող համատեղել: Կերակրում եմ կրծքով, արդյո՞ք հղիությունն ընդհատող դեղերը հակացուցված չեն, երբ կերակրում եմ: Շնորհակալություն :
Պատասխան: Կրծքով կերակրման ժամանակ հղիության դեղորայքային ընդհատման մեթոդը հակացուցված է:
Անուն: Անահիտ
Հարց: Մի տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց չեմ հղիանում: Ամուսնուս հետ դիմել ենք բժշկի: Ինձ ասել են, որ խնդիր չունեմ, ամեն ինչ նորմալ է, իսկ ամուսնուս ասել են, որ իր սպերման 0% է: Բուժում են նշանակել Vitamin E, Omnadren, Speman Forte: Ուզում եմ իմանալ` արդյո՞ք այդ բուժումից հետո ինչ-որ բան կփոխվի, թե ոչ կամ ինչ անել տվյալ դեպքում: Նաեւ ի՞նչ սննդակարգ խորհուրդ կտաք: նախապես շնորհակալություն.
Պատասխան: Այս հարցով խորհուրդ կտամ դիմել ուռոլոգի:
Անուն: Անդո
Պատասխան: Հարգելի բժիշկ, խնդրում եմ ասեք, թե ինչից կարող է առաջանալ սեռավարակ ուրեոապլազման, եթե ես ու ամուսինս առանց որևիցե կասկածի մաքուր ենք: Կա՞ն արդյոք ուրիշ պաճառներ այդ սեռավարակի առաջացման համար: Եթե այո, խնդրում եմ պատասխանեք հարցիս, քանի որ ուրեոպլազմայի պատճառով կորցրել եմ առաջնեկիս և մինչև օրս այդ հարցը մութ է մնացել ինձ համար: Նախապես շնորհակալությւն:
Պատասխան: Ընթերցեք այս լինկի ներքո տեղադրված ինֆորմացիան: http://blognews.am/arm/news/104979/harc-ginekologin-ardyoq-ureaplazman-ev-mikoplazman-seravarakner-en-ka-oreve-buzhum-te-och.html