Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանը:
Արմինե
Հարց. Բարեւ Ձեզ: Հնարավո՞ր է, որ 6 շաբաթականում պտղի սիրտը չերեւա:
Պատասխան. Այո, հնարավոր է, կախված, թե ինչ սոնոգրաֆիկ սարքով է կատարվել ուլտրաձայնային հետազոտությունը: Խորհուրդ է տրվում մեկ շաբաթից եւս մեկ անգամ կատարել սրտի բաբախի վերահսկում:
Աստղիկ
Հարց. Բարեւ Ձեզ: Ինձ մոտ ամսականն սկսվել է հոկտեմբերի 26-ին եւ տեւել ընդամենը 1 օր: Ամսականից առաջ եւ հետո հղիության թեստ եմ դրել. դրական է ցույց տվել: Հոկտեմբերի 31-ին՝ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, ասացին՝ կարծում են՝ կա հղիություն, բայց հոկտեմբերի 4-ին հանձնել եմ ХГЧ-ի անալիզ, պատասխանը 3,1 է: Ի՞նչ է դա նշանակում:
Պատասխան. Բարեւ Ձեզ: Հոկտեմբերի 26-ին Ձեզ մոտ եղել է ոչ թե դաշտան, այլ սեռական ուղիներից արյունային արտադրություն: Խորհուրդ է տրվում կրկին հանձնել ХГЧ-ի անալիզ:
Մարինե
Հարց. Հարգելի բժիշկ, երկրորդ հղիությունից հետո ինձ մոտ հայտնաբերվել է хронический эндометрит: Առաջինի ժամանակ`11 շաբաթականում, եղել է վիժում, իսկ երկրորդ հղիության ժամանակ պտղի մոտ հայտնաբերվեց spina bifida: 17 շաբաթականում՝ արհեստական վիժումից հետո, գործիքով քերել են արգանդի պատերը, որից հետո էլ հայտնաբերվել է хронический эндометрит-ը: Կասե՞ք`ճիշտ բուժումն ինչպես է կատարվում: Ապրում եմ ՌԴ-ում, այստեղ բժիշկն ասաց՝ 2-3 ամսվա բուժում է սպասվում:
Պատասխան. Անհրաժեշտ է հետազոտվել՝ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների լինել- չլինելը պարզելու համար, արգանդի խոռոչից վերցված նյութը ենթարկել բակտերոլոգիական հետազոտության, որոշել զգայունությունը՝ կոնկրետ անտիբիոտիկների նկատմամբ եւ անցնել անտիբակտերիալ եւ կոմպլեքս բուժում:
Մարիամ
Հարց. Հարգելի բժիշկ, դաշտանային ցիկլի ժամանակ ձվարանիս հատվածում սուր ցավեր եմ ունենում, արյունն առատ է՝ մսի նման կտորներով լի: Շատ եմ անհանգստանում: Ինչի՞ց կարող է լինել եւ արդյո՞ք կազդի երեխա ունենալու վրա:
Պատասխան. Ձեզ մոտ դիտվում է դաշտանի հիպերպոլիմենորեա տիպի խանգարում: Անհրաժշետ է անցնել ուլտրաձայնային հետազոտություն, կատարել արգանդի լորձաթաղանթի հյուսվածքաբանական քննություն, որից հետո ստանալ համապատասխան բուժում:
Ծովինար
Հարց. Բարեւ Ձեզ: Հղիության 19-րդ շաբաթում արել եմ ատամնաշարի ռենտգեն հետազոտություն. դա կարո՞ղ է վնասել պտղին: Եվս մեկ հարց. հղիության 20- րդ շաբաթում անցել եմ ուլտրաձայնային հետազոտություն եւ ասել են, որ պտղի երիկամներում մեզ կա հավաքված, երիկամները մի քիչ լայնացած են: Ինչի՞ց կարող է դա առաջանալ, չանցնելու դեպքում ինչի՞ կհանգեցնի:
Պատասխան. Ռենտգեն ճառագայթման ազդեցությունը պտղի վրա քիչ հավանական է: Ինչ վերաբերում է 2-րդ հարցին. այդ երեւույթը կոչվում է պտղի երիկամների բաժակա-ավազանային համակարգի լայնացում, որը առաջանում է պտղի մեզի արտաահոսքի խանգարման հետեւանքով: Շատ հաճախ խնդիրն ինքնուրույն վերանում է: Խորհուրդ է տրվում 2-3 շաբաթից անցնել ՈՒՁՀ, իսկ երեխայի ծնվելուց հետո դիմել մանկական ուրոլոգի:
Ալլա
Հարց. Աղջիկս 17 տարեկան էր, երբ պարզվեց՝ ձվարանի վրա պոլիպներ կան, որոնք դաշտանի ժամանակ երբեմն պայթում են: Նշանակվել էր դեղահաբ՝ 3 ամիս օգտագործելու համար: Անցել է 2 տարի, նորից դաշտանից առաջ նույն հատվածում ցավ կա: Ի՞նչ անել: Ճի՞շտ է կարծիքը, որ ամուսնությունը կօգնի պոլիպի վերացմանը:
Պատասխան. Հարգարժան Ալլա, ձվարանի վրա պոլիպներ չեն հանդիպում, դիմեք մասնագետի, անցեք ուլտրաձայնային հետազոտություն: Ախտորոշումը ճշտելուց հետո ստացեք համապատասխան բուժում: