Աբորտ. ի՞նչ ազդեցություն է թողնում այն կնոջ առողջության վրա

Չնայած մենք XXI դարում ենք ապրում, գիտության ու տեխնիկայի զարգացման նոր մակարդակի վրա ենք, այդուհանդերձ աբորտների թիվը չի նվազում: Իսկ ի՞նչ է աբորտը ու ինչպե՞ս է այն անդրադառնում կնոջ առողջության վրա:

Աբորտը հղիության արհեստական դադարեցումն է, որն ուղեկցվում է սաղմի մահով: Այն  հղի է նաև ստորջրյա խութերով: Աբորտի դադարեցման հետևանքները կարող են իսկույն չդրսևորվել, այլ` որոշ ժամանակ հետո, երբեմն էլ` տարիներ անց, ու երբեմն այդ ժամանակահատվածն այնքան մեծ է լինում, որ կինն առաջացած խնդիրները ոչ մի կերպ չի կապում անցյալում կատարած աբորտի հետ: Ընդ որում, հավասարապես վտանգավոր է հղիության արհեստական դադարեցումը ցանկացած ժամկետում: Հղիության ժամկետով է որոշվում աբորտի այս կամ այն մեթոդի կիրառումը. վաղ ժամկետում (2-8 շաբաթական) կիրառվում է դեղորայքային մեթոդը (որն առաջացնում է ինքնաբեր աբորտ) կամ վակուումային ասպիրացիա (մինի աբորտ), ավելի հասուն (6-22 շաբաթական) հղիության դեպքում կիրառվում է «դասական աբորտի» մեթոդը` անմիջական վիրաբուժական միջամտություն արգանդի խոռոչում,  իսկ 22 շաբաթական սաղմի դեպքում` արհեստական վաղաժամ ծննդաբերություն:

Հղիության հետ կնոջ օրգանիզմում հզոր հորմոնալ «վերակառուցում» է կատարվում: Ու արհեստական ճանապարհով այն

դադարեցնելը, բնականաբար, ուժեղ հարված է կնոջ առողջությանը, որը հանգեցնում է ներզատիչ  գեղձերի ու նյարդային համակարգի աշխատանքի խանգարման: Ընդ որում, դեռևս չծննդաբերած կանանց համար աբորտը ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան նրանց համար, ովքեր արդեն երեխա ունեն: Աբորտը երբեմն հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման, վնասում է փողերը` խաթարելով անցանելիությունը, կարող է հանգեցնել նույնիսկ կրծքագեղձի քաղցկեղի ու էնդոմետրիոզի:

Աբորտը հղիության նախնական փուլում կատարվում է «կուրորեն», որը հղի է  արգանդի պատերի ամբողջականության խանգարման վտանգով: Գործիքներով այն վնասելը կարող է արյունահոսություն առաջացնել: Չի բացառվում նաև վարակի փոխանցումը, ինչն էլ հանգեցնում է  փոքր կոնքում զանազան բորբոքային պրոցեսների (հարկոնքային որովայնի բորբոքման), իսկ արյան վարակման դեպքում մահվան ելքը մեծ հավանականություն ունի:

Աբորտի ամենատարածված ու ցավալի հետևանքը անպտղությունն է, էլ չասած, որ ֆիզիկական  ցավից բացի, հղիության արհեստական ընդհատումն ազդում է հոգեկան վիճակի վրա (հետաբորտային ախտանիշ): Կնոջ մոտ կարող է դեպրեսիա առաջանալ ու  հոգեմետ դեղորայքի ու թմրանյութերի  օգտագործման հակում, ճնշված տրամադրություն, խղճի խայթ, մեղքի զգացում, որը հաճախ հանգեցնում է քնի խանգարման, վախերի առաջացման ու գիշերային մղձավանջի: Որոշ ծանրագույն դեպքերում հարկ է լինում նույնիսկ դիմել հոգեբույժի օգնությանը:

Հասկանալի է, որ աբորտի դեմ պայքարով չես կարող այն վերացնել: Արգելքը պարզապես այլ հարթություն կտեղափոխի այն: Դրա համար թերևս կանայք իրենք պետք է գիտակցեն ու պատասխանատվություն կրեն իրենց քայլի համար:

Ինչպես են հղիությունից պաշտպանվել անցյալում

Անցանկալի հղիությունից պաշտպանվելը խնդիր է դեռևս Ադամի ու Եվայի ժամանակներից: Պատմությանը հայտնի պաշտպանիչ միջոցները հաճախ ոչ միայն բազմազան են, այլև շատ վտանգավոր:

Արաբներն օրինակ` օգտագործում էին հաշիշով  խծուծներ (տամպոններ): Իսկ ոմանք էլ դրանից փրկվում էին  ականջի ծծումբով: Տարբեր միջոցներ էին առաջարկվում. հռոմեուհիները խորհուրդ էին տալիս ուռենու և թխկիի թուրմ, ընդ որում, ոչ բոլոր ծառերի, այլ միայն Պրոզերպինայի տաճարի այգում աճողների: Հնարավոր է, որ այնտեղ նույնիսկ վաճառել են այդ թուրմից:

Ամերիկայի հնդկացիներն առաջարկում էին կարմիր ծառի կեղևի ու կիտրոնի եփուկ, որը, պետք է ասել, այնքան էլ իմաստից զուրկ չէր, քանի որ հայտնի է, որ կիտրոնը թթվային միջավար է ստեղծում և սպերմատոզոիդների ակտիվությունը ճնշում: Հին Հունաստանում օգտագործում էին յուղեր (սոճու և ձիթապտղի) ու արճիճի աղեր: Վերջինը,   մեղմ ասած, անվտանգ չէր: Որոշ վկայությունների համաձայն` կիրառում էին սարդոստայն, ամենայն հավանականությամբ դրանից  խծուծներ էին պատրաստում: Ընդ որում, այդ թեմայով որոշ նյութերում խոսվում է ոչ թե սարդոստայնի, այլ սարդերի մասին:  Ըստ երևույթին, թյուրիմացության պատճառը թարգամանական անճշտությունն է: Իսկ այդ նախապատրաստական գործողությունն այսպես է հնչել. «Այնտեղ ամեն ինչ ոստայնապատել են, ապա սարդերին բաց թողել, հետո միայն սեքսով զբաղվել»: Հետաքրքրական է, որ այդ միջոցառումները փորձել են գիտականորեն բացատրել, չնայած ոչ ճիշտ: Ժամանակակից քիմիական միջոցներն ազդում են սպերմատոզոիդների շարժունակության վրա, իսկ այն ժամանակ կարծում էին, որ արգանդավզիկն այնքան պետք է նեղացնել, որ դրանից ներս ոչինչ չթափանցի:

Արաբները նույնպես մտածում էին այդ ուղղությամբ. Ավիցենայի վկայության համաձայն` լայնորեն կիրառվում էին բամբակյա խծուծները, որոնք թրջում էին  նռան հյութով, իսկ երբեմն էլ` լրացուցիչ անզգայացնող նյութերով` ամենայն հավանականությամբ հաշիշով: Իր ժամանակին արաբական բժշկությունը շատ զարգացած էր, բժիշկները փորձում էին նոր միջոցներ գտնել: Ալ-Ռազին խորհուրդ էր տալիս կենդանական արտաթորանքի, կաղամբի ու ականջի ծծմբի խառնուրդ կիրառել: Ալ-Ջամին էլ դիմում էր տղամարդկանց, խորհուրդ տալիս յուղեր ու սոխի հյութ օգտագործել: Որոշ թարգմանություններում ասվում է` ամբողջը ներս մտցնել, իսկ որոշ տեղերում էլ   խորհուրդ է տրվում պարզապես «աշխատանքային գործիքը պատել դրանով»: Զարմանալի է, սակայն հին աշխահում հակաբեղմնավորիչ միջոցներում, չգիտես ինչու, ձգտում էին կենդանական արտաթորանք կիրառել:

Պատմության հանելուկներ

Պետրոսի եգիպտական պապիրուսում, որը թվագրված է մ. թ. ա.1850 թ., նկարագրվում է հակաբեղմնավորիչ խծուծ, որը պատրաստվում էր կոկորդիլոսի արտաթորանքից, մեղրից ու բամբակից: Ընդ որում, նույն Հին Եգիպտոսում կիրառում էին նաև ակացիայի ու մեղրի խառնուրդ, ինչպես նաև  ծովասպունգ`  ներծծված գինու քացախով:

Հնդկաստանում էլ կիրառել են ակացիայի ու թրիքի խառնուրդը, այս դեպքում` փղի: Հետաքրքիր է` փղի մեկանգամյա արտաթորանքը քանի հակաբեղմնավորիչի կբավարարեր:

Եգիպտոսում կատարված պեղումներն ապացուցել են, որ  եգիպտացիների  մտքի թռիչքն այս ոլորտում   մարդկային երևակայությունից վեր է: Պեղումների ժամանակ  հայտնաբերված ոսկյա զարդերի շուրջ գիտնականները երկար գլուխ են կոտրել,  շուռումուռ  տվել  ու ի վերջո գլխի ընկել, որ այդ առարկաները կարող էին միմիայն ծառայել որպես եգիպտացու արական հպարտության ապացույց: Ոսկյա զարդեր ու զարդարանքներ` դրվագված թանկարժեք քարերով,  սակայն ոչ պահպանակներ: Միայն գրավոր աղբյուրներից է  պարզ  դարձել,որ դրանք սոսկ պաճուճանքներ են: Այնուամենայնիվ,  Եգիպտոսում  հայտնաբերվել են պահպանակներ, որոնցից մեկն էլ  Թութանհամոնի դամբարանում` պատրաստված ձկան մաշկից:

Նույն ժամանակահատվածում արաբները նույն նպատակի համար օգտագործում էին  տնային կենդանիների աղիքները: Սակայն պահպանակների հանդիսավոր շքերթը մոլորակի վրա համապատասխանում է քրիստոնեության տարածման ժամանակահատվածի հետ, որը, ի դեպ, հղիությունից պաշտպանվելը մեծ մեղք էր համարում: Եվրոպայում պահպանակերն ի հայտ են եկել XVI դարում, ընդ որում, դրանց նախնական նպատակը ոչ թե հղիությունից, այլ սիֆիլիսից պաշտպանելն էր: Պահպանակի կնքահայրը իտալացի անատոմ  Ֆալլոպիոն է: 1564-ին նրա ստեղծած արտադրանքը բազմակի օգտագործման համար էր նախատեսված. այն վուշե պարկ էր, որը թրջում էին հատուկ լուծույթով : Հուսանք, որ օգտագործելուց առաջ այդ պարկը  լվացվում էր: Եվ միայն XIX դարի կեսերին, երբ հայտնագործվեց վուլկանացումը (ռետինի հեղուկ վիճակը), հնարավոր դարձավ ստանալ հռչակավոր   արտադրատեսակը, որն այսօր հազարավոր տարբերակներով է ներկայացվում: Ի դեպ, ներարգանդային պարույրների  նախատիպը Ճապոնիային հայտնի է ավելի քան 3 հազար տարի. այդ նպատակի համար կիրառում էին արծաթյա գնդեր:

Ankakh.com