Sidebar

7 կարևոր իրավական հարց, որոնց պատասխանը պետք է իմանալ մինչև ամուսնանալը  

 

  1. Ովքե՞ր կարող են ամուսնանալ

 

Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը: 

 

Որպես ընդհանուր կանոն՝ կարող են ամուսնանալ 18 տարին լրացած անձինք: Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

  

  1. Ինչպե՞ս պետք է ամրագրվի ամուսնությունը

 

ՀՀ ընտանեկան օրենսգիրքի համաձայն՝ ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ՝ դիմում տալու օրվանից մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:  Հարգելի պատճառների առկայության դեպքում (օրինակ՝ հղիության) ամուսնացող անձանց խնդրանքով սահմանված մեկամսյա ժամկետը կարող է կրճատվել:

 

Ամուսնանալ ցանկացողներն այդ մասին անձամբ դիմում են ներկայացնում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող համապատասխան մարմնին՝ դիմումով հաստատելով  ամուսնության համար խոչընդոտ հանդիսացող հանգամանքների բացակայությունը:

 

  1. Ովքե՞ր չեն կարող ամուսնանալ:

 

Արգելվում է ամուսնություն կնքել՝

ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով

գրանցված մեկ այլ ամուսնության մեջ

բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև

գ) որդեգրողների և որդեգրվածների միջև

դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

 

  1. Ե՞րբ է անձը համարվում ամուսնացած

 

Ամուսնությունը համարվում է կնքված, իսկ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները առաջացած այն պահից, երբ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցում է կատարվում։  Ամուսնության գրանցման հիման վրա ամուսիններին տրվում է միասնական ձևի փաստաթուղթ՝ ամուսնության վկայական:

 

  1. Ի՞նչ հիմնական անձնական իրավունքներ և պարտականություններ ունեն ամուսինները

 

Ամուսինների անձնական ոչ գույքային իրավունքներից են՝ ամուսնանալիս ամուսնական ազգանուն ընտրելու իրավունքը. ամուսնանալիս ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսնական ազգանունը: Ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիներից մեկի ազգանունը կամ այնպիսի ազգանուն, որը պարունակում է ամուսիններից մեկի ազգանունը կամ այնպիսի ազգանուն, որը պարունակում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող երկու ազգանունից ավելի լինել:

 

Ամուսիններն ունեն ընտանեկան կյանքի հարցերը համատեղ լուծելու իրավունք. այս իրավունքն ընդգրկում է ըստ էության ընտանեկան կյանքի ողջ կացությունը՝ տնտեսության համաձայնեցված կազմակերպումը, երեխաների դաստիարակությունը, նրանց առողջության մասին հոգատարությունը, երեխաների բնակության վայրի որոշումը, գույքի ձեռքբերումը և այլ իրավունքներ:

 

Զբաղմունքի տեսակ, աշխատանք, մասնագիտություն և արհեստ ընտրելու իրավունք.

ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունքի տեսակ, մասնագիտություն և արհեստ ընտրելու հարցում:

Գտնվելու վայր և բնակության հասցե ընտրելու իրավունքը. aմուսիններից յուրաքանչյուրն ազատ է իր համար բնակության վայր ընտրելու հարցում:

 

Ամուսիններն իրենք են որոշում նաև իրենց գտնվելու վայրը:

 

Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել

իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման մասին։ 

 

  1. Ի՞նչ հիմնական գույքային իրավունքներ և պարտականություններ ունեն ամուսինները.

 

Ամուսինների գույքն, ըստ իրավական ռեժիմի, բաժանվում է երկու մասի՝

  1. ամուսիններից յուրաքանչյուրի անձնական գույքը,
  2. ամուսինների ընդհանուր համատեղ գույքը:

 

Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է: Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված ամուսնական պայմանագրով:

 

Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության առաջացման հիմնական պայմանը ամուսնությունն է: Ամուսինները հավասար իրավունքներ ունեն իրենց ընդհանուր գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հարցում:

 

Ամուսնական համատեղ գույքը բաժանելիս ամուսինների բաժինները հավասար են:

 

Ամուսինների վաստակի տարբեր չափերը կամ ամուսիններից մեկի մոտ դրա բացակայությունը չեն կարող հիմք հանդիսանալ ընդհանուր գույքում ամուսինների բաժնի տարբեր չափեր սահմանելու համար:

 

Համատեղ գույքի ճակատագիրը, դրա իրավական ռեժիմը ամուսինները կարող են սահմանել ամուսնական պայմանագրով, որը ՀՀ ընտանեկան օրենսդրության նորամուծություներից է, սակայն մեր երկրում դեռևս լայն կիրառություն չունի:

Ամուսնական պայմանագրի կողմեր կարող են լինել ինչպես ամուսանալ ցանկացող անձինք, որոնց ամուսնությունը դեռևս չի գրանցվել, այնպես էլ արդեն ամուսնացած անձինք:

 

Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են որոշել միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտների ստեղծմանը մասնակցելու եղանակները, ինչպես նաև ամուսինների գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ դրույթ:

 

  1. Որո՞նք են ամուսնալուծության իրավական ընթացակարգերը

 

Ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև՝ դատական կարգով:

 

ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն լինելու դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում: Այս դեպքում որպես պետական տուրք վճարվում է 10.000 ՀՀ դրամ:

 

Ամուսնության դադարման դատական կարգն անհրաժեշտ է բոլոր այն դեպքերում, երբ օրենքը չի սահմանել ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում ձևակերպելու հնարավորություն: Այս դեպքում որպես պետական տուրք վճարվում է 4.000 ՀՀ դրամ:

 

Ամուսնալուծությունը դատական կարգով կատարվում է հետևյալ դեպքերում՝

 

1.բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.

 

2.ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.

 

3.ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:

 

Նյութը պատրաստել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնական Լիլիթ Վարդանյանը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Ղազարյանը: