Ծննդյան վկայական, 3×4 չափի երկու լուսանկար և հաշվառման մասին տեղեկանք: Այն փաստաթղթերն են, որոնք անհրաժեշտ է ներկայացնել դպրոց` առաջին դասարան ընդունվելու համար:
«Երեխային առաջին դասարան ընդունելու համար ծնողը դիմում է գրում դպրոցի տնօրենին: Ինչպես նաև ներկայացնում է բնակության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք: Պետք է ներկայացնել ծննդական, եթե երեխան անձնագիր ունի, կարող է ներկայանալ անձնագրի բնօրինակով»,- ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Դպրոցում լրացվում է նաև աշակերտի անձնական գրքույկը: ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նշեց, որ արդեն մոտ երեք տարի է` ինչ դպրոց ընդունվելու համար պոլիկլինիկայից թուղթ ներկայացնել անհրաժեշտ չէ, այդ կետը դուրս է եկել:
Հարցին` մայրաքաղաքում կոնկրետ դպրոցներ կա՞ն, որտեղ առաջին դասարանցիների կուտակումներ կամ շատ մեծ հոսք է լինում, Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո կան, կուտակում չէ, բայց շատ են: Լավ ընդունելություն կա Նիկոլ Աղբալյանի, Պուշկինի, Չեխովի անվան դպրոցներում: Մալաթիա Սեբաստիա համայնքում` թիվ 89, 11 դպրոցներում: Այսինքն, անպայման չի` կենտրոնում և էլիտար»:
Այս տարի գործարկվեց նաև դպրոցների վարկանիշավորման պիլոտային համակարգը: Հարցին` ԿԳՆ-ում տեղյա՞կ են, ծնողները դպրոց դիմելիս հետևո՞ւմ են դրան, Նարինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Չենք կարող ասել: Որ ընդունվեն և նշեն, կիմանանք: Միգուցե իրենք հետաքրքրվել են, նայել են, բայց չգիտենք: Ասել ենք, որ օգտվեն»:
Այս տարի ակնկալվում է, որ առաջին դասարան կհաճախի ավելի քան 30 հազար աշակերտ: Նախորդ տարի դպրոց է ընդունվել շուրջ 37 հազար երեխա:
Աղբյուր` Panorama.am