Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից այս տարի ծննդյան վկայական է տրամադրվել Բերդաշեն համայնքում բնակվող ծննդյան վկայական չունեցող 2 երեխայի: Չնայած վերջին տարիներին ծննդյան վկայական չունեցող երեխաների թիվը նվազել է` սակայն, դեռ նման կարգավիճակում հայտնված երեխաներ կան:
2011 թվականին Շիրակի մարզում հայտնաբերվել եւ ծննդյան վկայական է տրամադրվել վկայական չունեցող 9 երեխայի: Ինչպես «Արմենպրես»-ի` Շիրակի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը, ծննդյան վկայական չունեցող երեխաների փաստի հետ բաժինն առնչվել է դեռեւս բաժնի ստեղծման առաջին օրվանից, երբ երեխային հաստատություն տեղավորելու խնդիր էր ծագում: Հետագայում, նմանատիպ ծրագիր իրականացրեց նաեւ ՀՕՄ-ը: Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը ՀՕՄ-ի հետ համատեղ, մշտադիտարկումների արդյունքում, գտնում էր ծննդյան վկայականներ չունեցող երեխաների: Այդ ընթացքում ավելի քան 20 երեխա ստացել է ծննդյան վկայական:
«Այդ ժամանակ ոստիկանության եւ հաստատության տնօրենի հետ համագործակցելով՝ իրականացնում էինք գործընթացը: 48 երեխայի ծննդյան վկայական դեռեւս բաժնի ստեղծման առաջին տարիներին կարողացել ենք տրամադրել: Ներկա պահին բաժնի հսկողության տակ կա ծննդյան վկայականի խնդրին առնչվող 15 գործ» ,- նշեց Գինոսյանը: