Վան. հայոց առաջին մայրաքաղաքը

Հայոց առաջին մայրաքաղաքը եղել է Վանը: Վանա լճի ափին գտնվող քաղաքը հիմնել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Առաջինը` ՔԱ 835-825 թթ․: Քաղաքը սկզբում կոչվել է Տուշպա: Ունեցել է նաև այլ անվանումներ, ինչպես Բիայնա, Երվանդավան, Շամիրամակերտ, Վանտոսպ և այլն:

Քաղաքի կենտրոնում կառուցված էր միջնաբերդը, որը հնարավորություն էր տալիս դիմադրել թշնամիներին և քաղաքն անառիկ պահել:

Վանը եղել է նաև Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կենտրոնական քաղաքը, որտեղ բազմել է Վասպուրականի իշխանական տոհմը` Արծրունիները: 

Վանն ունեցել է հարուստ բուսականություն, գեղեցիկ այգիներ: Քաղաքի այգեշատ թաղամասը կոչվել է Այգեստան: Ըստ ժողովրդական ավանդության` Ասորեստանի Շամիրամ թագուհին այստեղ էր կառուցել իր ամառանոցը:

Քաղաքի  տարածքով հոսում ու Վանա լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները:

Վանում բնակվող հայերը զբաղվել են ոսկերչությամբ, գորգագործությամբ, ձկնորսությամբ և այլն:

Վանի անվան իրական ծագումը հայտնի չէ: Այն կապում են Հայոց Վան թագավորի անվան հետ։ Ըստ մեկ այլ տարբերակի` դա Բիայնիլիի հնչյունափոխված տարբերակն է:

Հայերը Վանում ապրել են միչև 1915 թվականը: Ցեղասպանության տարիներին վանեցիները հերոսական պայքար են մղել թուրքական զորքերի դեմ: Կոտորածներից փրկված հայերի մի մասը հաստատվել է Արևելյան Հայաստանում: Քաղաքը գրաված թուրքերը ավերել են հայկական թաղամասերը:

Այժմ հայոց առաջին մայրաքաղաքը Թուրքիայի տարածքում է` Արևմտյան Հայաստանում: