Հայտնի է, որ մեր օրգանիզմն ինքնուրույն չի կարող վիտամիններ արտադրել: Վիտամինները ստանում է միայն սննդի հետ:
Սակայն մի բացառություն կա` «արևի» կամ D վիտամինը, որը ճարպալույծ է, չի քայքայվում բարձր ջերմության ազդեցությամբ ու չի լուծվում ջրում: Որոշ գիտնականներ ու կենսաքիմիկոսներ այս վիտամինը հորմոն են համարում, քանի որ շատ տարբերություններ ունի մյուս վիտամիններից:
Ինչո՞ւ «արևի»
Այս վիտամինի հայտնաբերումն անմիջականորեն կապված է ռախիտ հիվանդության ուսումնասիրության հետ:
Ռախիտը կրծքի ու վաղ մանկական տարիքի երեխաների հիվանդություն է համարվում, որն առաջանում է ձմռան «արևազուրկ» սեզոնին: Հիվանդանում են հիմնականում թույլ ու արհեստական սնունդով սնվող երեխաները: Ռախիտը նյութափոխանակության, ավելի ստույգ` հանքափոխանակության (մասնավորապես` կալցիումի) խանգարում է, ինչի հետևանքով կմախքի ոսկրերի ձևախախտում է առաջանում:
Հիվանդի կմախքը փոփոխության է ենթարկվում, խանգարվում է ոսկրակառուցվածքը: Ծծկեր տարիքի երեխաների դեպքում առաջին դեղն այդ անբավարարության պարագայում մայրական կաթն է, իսկ ավելի մեծ տարիքում` ձկան յուղը (օրինակ` ձողաձկան լյարդից ստացվածը): Այդ արտադրանքը հարուստ է կալցիֆերոլով, որը երեխայի թուլացած օրգանիզմին խիստ օգտակար է: Այդ վիտամինը կարգավորում է օրգանիզմում կալցիումի ու ֆոսֆորի յուրացման գործընթացը:
D վիտամինը հայտնաբերվել է 1922-ին ու քանի որ այն թվով 4-րդն էր, դրա համար էլ կոչեցին լատինական այբուբենի 4-րդ տառով: Հետո` ավելի ուշ հայտնաբերեցին, որ մարդը կարող է D վիտամին սինթեզել արևի լույսից, ավելի ճիշտ` ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Մարդուն անհրաժեշտ D վիտամինի չափաբաժինը 2,5-5 մգ է: Օրինակ` օրական չափաբաժինը ստանալու համար կարելի է ուտել 10 գ սաղմոն: D վիտամինի պակասը լրացնելուն օգնում են արևային լոգանքները. պետք է հիշել, որ դրանցից անմիջապես հետո չարժե ցնցուղի տակ մտնել, որովհետև այդ դեպքում վիտամինը չի հասցնի ներծծվել մաշկի մեջ: Արևային լոգանքները արևապաշտպան քսուքներով արդյունավետ չեն D վիտամինի յուրացման իմաստով: Քսուքները, ինչպես նաև հագուստն ու ապակին խոչընդոտում են վիտամինի ստացումը: Մի բան էլ պետք է հիշել, որ այդ նպատակով արեգակի ճառագայթներն արգասաբեր են առավոտյան ու ժամը 16-ից հետո, այն էլ` ընդամենը 30 րոպե:
Գիտական փաստ կա, որի համաձայն` արևային լոգանքները նաև խոլեստերինի մակարդակն են նվազեցնում 1/3-ով (համեմատվել է մինչ արևային լոգանք ընդունելն ու հետո), ու ավելացնում D վիտամինի մակարդակը` 2/3-ով:
Ինչպե՞ս կարելի է որոշել, որ օրգանիզմը D վիտամինային անբավարարություն ունի:
Առաջին հերթին դրա մասին են հուշում ոսկրերի փխրունությունը, հոդացավը, օսթեոպորոզի զարգացումը, ինքնազգացողության ընդհանուր վատացումը, քնատությունն ու ապատիան, տրամադրության անկումայնությունը: Որոշ դեպքերում այդ դեֆիցիտը կարելի է դեղամիջոցներով լրացնել:
Բայց այս վիտամինի միայն անբավարարությունը չէ, որ վտանգավոր է: Ավելցուկը ևս բացասական դեր է կատարում: Դա արյան մեջ կալցիումի պարունակության ավելացման ու կալցիֆիկացիայի է հանգեցնում, խանգարում օրգանիզմի կանոնավոր գործունեությանը: Երբ անոթներում, սրտում, լյարդում ու թոքերում կալցիումի նստվածք է գոյանում, օրգանների հյուսվածքների ոսկրացում է առաջանում: Դրա սկզբնական ախտանշաններն են` սրտխառնուքը, ախորժակի կորուստը, մարմնի զանգվածի անկումը, բարձր ճնշումը, քորը:
Ի դեպ, արևային լոգանքերի ու D վիտամինի ընդունումը չի կարելի համատեղել, դա խիստ վտանգավոր համադրություն է: Նույնը վերաբերում է նաև մեծ քանակությամբ ձկան յուղ ընդունելուն. հետևանքը լինում է թունավորումը:
Ո՞ր մթերքներն են D վիտամինի աղբյուր
Կաթնաշոռը, պանիրը, ձեթն ու կարագը, հում դեղնուցը, ծովամթերքը, ձկան լյարդը, վարսակը, կարտոֆիլն ու մաղադանոսը, խատուտիկն ու եղինջը D վիտամինի աղբյուր են: Բուսակերները պետք է նկատի ունենան, որ բուսական ծագման սնունդն անքան էլ հարուստ չէ այս վիտամինով, ուստի, պակասը հարկ կլինի լրացնել կենդանական ծագման համապատասխան մթերքով:
Ի դեպ, հատկապես կանայք պետք է հետևեն օրգանիզմում այս վիտամինի բավարար քանակությանը, քանի որ ավելի շատ կալցիում են կորցնում հղիության ընթացքում: Այդ անբավարարությունը տարիքի հետ հանգեցնում է օսթեոպորոզի զարգացման: Դա վտանգավոր հիվանդություն է, քանի որ ոսկրերը բարակում են ու դառնում փխրուն: Դրանից է, որ մեծահասակները հաճախ են կոտրվածքներ ստանում: Հիվանդությունն աստիճանաբար է զարգանում: Մեծահասակ կանանց շրջանում շատերը գիտեն, թե որքան հաճախ է կոնքազդրային հոդի կոտրվածք լինում, ինչն էլ գամում է անկողնուն:
Ի դեպ, մասնագետների գնահատմամբ, ողջ աշխարհում կոտրվածքների գրեթե 60%-ն օսթեոպորոզի պատճառով է լինում: Դա խնդիր է ամենուր:
D վիտամինն անհրաժեշտ է մկաններին, որ կարողանանք ծանրություն բարձրացնել: Անհրաժեշտ քանակությամբ հանքային տարրերի գործածման արդյունքում ատամներում ու ոսկրակառուցվածքում փոփոխությունը զգալի կլինի: Ասենք, եթե հիվանդ ոսկրերի դեպքում օրական 200 գ կաթնաշոռ ուտեք ու թարմ կիտրոնահյութ խմեք, ապա ոսկրազանգվածը կամրանա ու հնարավոր կլինի խուսափել կոտրվածքներից:
Բանն այն է, որ սխալ սնման պատճառով ոսկրազանգվածը դառնում է ծակոտկեն, եթե պարբերաբար ուտենք ռաֆինացված, ապխտած մթերք, ֆրի, պահածոներ ու կարկանդակներ, ապա արյան մեջ կալցիումի քանակն արագ նվազում է. հետևանքը լինում է այն, որ չնչին քանակությամբ D վիտամինն ի վիճակի չի լինում ապահովելու օրգանիզմում հայտնված կալցիումի յուրացումը: Այդ ժամանակ օրգանիզմն իր ինքնակարգավորման ուժերն է միացնում ու արյուն է ուղարկում այն կալցիումը, որը կորզում է ոսկրերից: Կալցիումն անհրաժեշտ է նյարդային բջիջներին, դրա համար էլ օրգանիզմը փորձում է այդ պահանջմունքը լրացնել ցանկացած միջոցով:
Կալցիումի մակարդակի նվազումը հանգեցնում է մկանային կծկումների խանգարման, այդ թվում և ամենակարևոր` սրտի մկանի: Եթե սննդի հետ բավարար քանակությամբ կալցիում եք ստանում, ապա դա կուտակվում է աղիքների պատերին, իսկ D վիտամինն օգնում է, որ այդ կալցիումը հասնի ոսկրահյուսվածք, որտեղից ավելի վաղ վերցրել էր «պարտքով»:
D վիտամինը պատասխանատու է ոչ միայն ոսկրերի ու ատամների առողջության համար, այլև ուժգնացնում է օրգանիզմի դիմադրողականությունը մաշկային հիվանդությունների հանդեպ, օրինակ` փսորիազի, կանխում է սիրտանոթային հիվանդությունների ու ուռուցքային հիվանությունների զարգացումը: Վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի, արյան մակարդելիության ու նյարդային բջիջների թաղանթի վիճակը նույնպես կախված է այդ վիտամինի բավարար մակարդակից:
Ուրեմն, գիտելիքներով զինված, փորձենք խելացի ապրել: