Հարցերին պատասխանում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Երեխաների անձնագրավորման հետ կապված ի՞նչ փոփոխություններ են կատարվել:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում կատարվել է փոփոխություն, որը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվող բիոմետրիկ անձնագրերի վավերականության ժամկետին: Փոփոխությունն ուժի մեջ է մտել 2016 թվականի օգոստոսի 6-ին:
Մինչ փոփոխությունը սահմանված էր դրույթ, համաձայն որի՝ մինչև 16 տարեկան երեխաներին բիոմետրիկ անձնագիր տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով:
Փոփոխության համաձայն՝ մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվելու է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը:
Նշված հանգամանքով պայմանավորված՝ շրջանառության մեջ է դրվել նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվող հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետի համար սահմանվելու է նույն ռեժիմը:
Որոշումն ընդունվելու դեպքում լրացուցիչ կտարածվի իրազեկում:
Հիշեցում.
Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ստանալ բիոմետրիկ անձնագիր կամ հին նմուշի անձնագիր: Բիոմետրիկ անձնագրի պետական տուրքը 25.000 դրամ է, իսկ հին նմուշի անձնագրինը՝ 1.000 դրամ և հաշվի առնելով հանգամանքը, որ այն տրվում է 3 տարի վավերականության ժամկետով՝ դրան ավելացվում է 3.000 դրամ՝ օտարեկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար: Վերը նշված ժամկետային փոփոխությունն առայժմ վերաբերում է բիոմետրիկ անձնագրին: Հին նմուշի անձնագիրը մինչև 16 տարեկան երեխաներին տրվում է 3 տարի վավերականության ժամկետով:
Ո՞ր տարիքից է հնարավոր անձնագիր ստանալերեխայի համար:
Երեխայի ծնվելու պահից կարող են դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար: Այսինքն` երեխային անձնագիր տրվում է, անկախ տարիքից, տարիքային նվազագույն ժամկետային սահմանափակում չկա:
Ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել:
Մինչև 16 տարեկան երեխաներին անձնագիր տրամադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
- երեխայի ծննդյան վկայականը,
- 2 գունավոր լուսանկար` 3.5 X 4,5 չափսի,
- ծնողների ամուսնության վկայականը կամ հայրության ճանաչման վկայականը, կամ եթե ծնողը միայնակ է, միայնակության տեղեկանք,
- դիմող ծնողն իր անձնագիրը կամ նույնականացման քարտը և մյուս ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:
Սա այն դեպքում, եթե երկու ծնողները ՀՀ քաղաքացիներ են:
Եթե ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է, անհրաժեշտ է ներկայացնել երեխայի՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գրավոր համաձայնություն: Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել նշված համաձայնությունը, այն պետք է վավերացված լինի նոտարական կարգով: Նշվածը վերաբերում է հին նմուշի անձնագիր ստանալուն:
Բիոմետրիկ անձնագրի դեպքում ներկայացվում են նույն փաստաթղթերը, բացառությամբ լուսանկարների: Տվյալ դեպքում լուսանկար չի ներկայացվում, քանի որ այն կազմակերպվում է տեղում: Այս դեպքում երեխայի ներկայությունը պարտադիր է:
Պարտադի՞ր է երկու ծնողի ներկայությունը: Եթե, օրինակ, ծնողներից մեկը երկրում չէ, հարկավո՞ր է որևէ փաստաթուղթ ներկայացնել:
Հայաստանի Հանրապետությունում իրավասու մարմնին (այսինքն՝ անձնագրային ծառայություն), մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու համար դիմելիս մյուս ծնողի և երեխայի ներկայությունը չի պահանջվում: Դիմում է ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը (խնամակալ կամ հոգաբարձու): Սա՝ հին նմուշի անձնագրի դեպքում:
Բիոմետրիկ անձնագրի դեպքում նույն ընթացակարգն է, սակայն երեխայի ներկայությունը պարտադիր է, որպեսզի լուսանկարահանումն իրականացվի տեղում:
Բիոմետրիկ անձնագրի դեպքում կա նաև մեկ առանձնահատկություն. եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով: Այս դեպքում, սակայն, երեխայի ներկայությունը պարտադիր է, որպեսզի տեղում կազմակերպվի լուսանկարահանումը:
Օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում երեխայի անձնագիր ստանալու համար կարող են դիմել ՀՀ դիվանագիտական ծառայությանը: Այս դեպքում երկու ծնողի ներկայությունը պարտադիր է: Եթե մյուս ծնողը չի կարող ներկայանալ դիվանագիտական ծառայություն, ներկայացվում է նոտարական կարգով վավերացված համաձայնություն: Երեխայի ներկայությունը չի պահանջվում:
Ի՞նչ վճարումներ է հարկավոր կատարել:
Հին նմուշի անձնագրի պետական տուրքը կազմում է 1.000 ՀՀ դրամ և 3.000 ՀՀ դրամ՝ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար: Բիոմետրիկ անձնագրի համար պետական տուրքը կազմում է 25.000 ՀՀ դրամ:
Որքա՞ն ժամանակում է պատրաստ լինում անձնագիրը:
Հին նմուշի անձնագիրը տրվում է 5-րդ աշխատանքային օրը, իսկ բիոմետրիկ անձնագիրը` 15-րդ աշխատանքային օրը:
Որքա՞ն ժամկետով է տրվում:
Մինչև 16 տարեկան երեխաներին հին նմուշի անձնագիրը տրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ արական սեռի 15 տարին լրացած անչափահասներին` մինչև 18 տարին լրանալը: Բիոմետրիկ անձնագիրը մինչև 6 տարեկան քաղաքացիներին տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը: