Հայաստանում երեխաների ծննդյան օրն ավելի հիշարժան դարձնելու համար ծնողները սկսել են հաճախ օգտվել մանկական սրճարանների ծառայություններից: Հանրապետությունում, սակայն, մանկական սրճարանների առանձին դասակարգում չի իրականացվում, հետևաբար չկա որևէ պաշտոնական թիվ, թե քանի մանկական սրճարան է գործում մայրաքաղաքում: Ոչ պաշտոնական տվյալներով՝ դրանց թիվը գերազանցում է երեք տասնյակը: Բոլոր ծնողները չէ, որ գոհ են մանկական սրճարանների մատուցած
«Արմենպրես»-ի հետ զրույցում փոքրիկի ծնող Աննա Մանուկյանը, ով վերջերս իր փոքրիկի ծննդյան օրն անցկացրել էր մանկական հայտնի սրճարաններից մեկում, դժգոհեց սրճարանների բավական բարձր գներից: «Իմ փոքրիկի ծննդյան օրն անցկացնելու համար ես ծախսել եմ ավելի քան 150 հազար դրամ: Տվյալ գումարի մեծ չէր մտնում ատրակցիոնների, խաղավարների եւ հեքիաթային հերոսների ծառայություններից օգտվելու գումարը»,- ասաց նա: Բացի դրանից, մանկական սրճարանները չեն առանձնանում նաեւ մանկական ճաշացանկով: «Մանկական սրճարանում հիմնականում երեխաների համար ոչ պիտանի սնունդ են տալիս, մինչդեռ, իմ կարծիքով, պետք է լիներ հակառակը: Հաճախ ծնողները երեխաներին մանկական սրճարան տանելու համար իրենց հետ առանձին սնունդ են վերցնում»,- ասաց նա:
Ծնողների մտահոգությունն է հարցուցում նաև մանկական սրճարաններում երեխաների հետ անմիջականորեն շփվող խաղավարների ու հեքիաթների հերոսների մասնագիտական պատրաստության խնդիրը: Մանկական սրճարանում աշխատող մեր աղբյուրը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, ասաց, որ այդ մարդիկ աշխատանքի են ընդունվում հիմնականում հասատության ղեկավարի հայեցողությամբ, մեծամասամբ, առանց մասնագիտական կարողությունների ստուգման:
Մանկական ճաշացանկից բացի, մասնագետների մտահոգության առարկան է նաև մանկական սրճարաններում գույքի և սպասքի՝ մանուկների կարիքներին համապատասխանության խնդիրը: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ մանկական սրճարաններում ամեն ինչ պետք է արվի նախ եւ առաջ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով: «Եթե մանկական սրճարաններում սպասքն ու գույքն անհարմար են երեխաների համար, ապա այդտեղի ծառայություններից ուղղակի պետք չէ օգտվել»,- ասաց նա:
Պողոսյանի խոսքով` հաճախ նման վայրերում կահույքը հարմարեցված չէ երեխաների համար: «Սեղանները սուր ծայրերով են, երեխաների վնասվելու հավանականությունն էլ բավական մեծ է: Խնդիրն այստեղ ոչ միայն կահավորումն է, այլեւ` սննդակարգը: Մանուկների համար նախատեսված հաստատությունների մենյուներում պետք է առաջնային տեղ զբաղեցնեն կաթնամթերքը, բանջարեղենն ու միրգը»,- ասաց նա:
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը մանկական սրճարաններում երեխաների համար վտանգավոր սննդի առկայությունը պայմանավորեց պահանջարկով: «Մեզ մոտ ընդունված է, որ մեր երեխաները սիրում եւ ուտում են այն, ինչ իրենց չի կարելի. մասնավորապես` գունավոր հյութեր, տապակած կարտոֆիլ ու միս»,- ասաց նա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Հայաստանում մանկական սրճարանների գործունեության վերահսկման հատուկ չափանիշներ գոյություն չունեն: Դրանք նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից վերահսկվում են որպես հանրային սննդի օբյեկտներ, իսկ վերջիններիս վերահսկողությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենայի պահանջների տեխնիկական կանոնակարգով:
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից պարբերաբար` տարեկան 1-2 անգամ, իրականացվում են խորհրդատվական այցեր տնտեսվարող սուբյեկտներին, որոնց ընթացքում իրականացվում են բացատրական աշխատանքներ: Իսկ տնտեսվարողների մոտ ստուգումներ իրականացվում են կամ ըստ ծառայության ստուգումների պլանային ցանկի, կամ ըստ քաղաքացիներից ստացվող դիմում բողոքների և ահազանգերի, այդ թվում նաև մանկական սրճարաններում»,- ասացին ծառայությունից:
Հիմնական խախտումների մասին հարցին ծառայության հասարակայնության եւ տեղեկատվության բաժնից պարզաբանեցին, որ Հայաստանում գործող մանկական սրճարանները հիմնականում նորաբաց են, այդ պատճառով էլ ստուգումների արդյունքում դրանց խոհանոցները հիմնականում կամ ամբողջությամբ համապատասխանել են վերոհիշյալ իրավական ակտերով պահանջվող չափորոշիչներին:
«Արմենպրես»