Սարկոզին իրեն լավ է զգում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից ոչ սահմանադրական ճանաչված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի շուրջ NEWS.am-ը փորձեց լսել հունվարի 25-ին Գյումրիում ծնված փոքրիկ Սարկոզիկի ծնողների արձագանքը:

Հիշեցնենք, որ երեխային անվանակոչել էին ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Ֆրանսիայի Սենատի կողմից հիշյալ օրինագիծն ընդունելուց հետո:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հիմա, երբ օրենքը հակասահմանադրական է ճանաչվել, չե՞ն զղջացել երեխային Սարկոզի անվանակոչելու համար, փոքրիկ Սարկոզիի պապիկը` Պետրոս Ավետիսյանը պատասխանեց. «Ոչ մի դեպքում, ոնց կա այնպես էլ կմնա: Բոլորովին չենք փոշմանել: Մենք ամբողջ ազգությունով, եղբայրներով, հարազատությունով որոշել ենք ու կմնա այդ նույն անունը մինչեւ վերջ, մինչեւ խոր ծերություն: Բոլորը մեծ փառաբանության են արժանացնում մեր որոշումը: Սարկոզիի ծնվելու պատվին նույնիսկ մեծ քեֆ ու մատաղ ենք արել»:

Նա նշեց, որ փոքրիկին փաղաքշաբար անվանում են Սարկոզիկ:

Իսկ հարցին, թե որ ոլորտում կցանկանային տեսնել Սարկոզիկին, երբ մեծանա, պապիկն արձագանքեց. «Դա կախված է երեխայից, ինչ-որ կարողացավ: Դե մենք էլ կողքից կօգնենք : Բայց մենք կցանկանայինք նրան տեսնել իրավապահ համակարգում»:

Երեխայի մայրը` Նառա Ավետիսյանն էլ ավելացրեց, որ այդ անունին արդեն ընտելացել են եւ շատ էլ լավ հնչում է, հետեւաբար չեն փոշմանել: Նա նաեւ ասաց, որ իրենք հայրենասիրությունից դրդված են այդ անունը դրել:

Yerkir.am-n էլ տեղեկացնում է, որ մեկ ամսական 5 օրական Սարկոզին բնականոն կերպով աճում,զարգանում, մեծանում է: Քաշն ավելացել է մոտ մեկ կիլոգրամով, մի քանիսանտիմետրով էլ հասակն է երկարել, մայրական կաթով է սնվում, հավելյալսնունդ չեն տալիս, գազեր չունի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Գյումրիի ծննդատանը, հունվարի 25-ի կեսօրին, ժամը 14.30-ի սահմաններում, տղա է ծնվել, ում անունն, ի պատիվ Ֆրանսիայի նախագահի, դրել են Սարկոզի: Գյումրիի ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանը հարցին, թե ո՞ւմ առաջարկով են երեխային կոչել Սարկոզի պատասխանել է, որ ծնողներն ինքնակամ են որոշել, քանի որ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից անչափ ոգեւորված են եղել: