ՀՀ Առողջապահության նախարարությունը քննարկում է մի նախագիծ, որով առաջարկվում է մինչև պտղի՝ երեսուն շաբաթական դառնալն արգելվի ծնողներին ապագա երեխայի սեռը հայտնելը. այս մասին այսօր Ազգային ժողովում մեկնարկած «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով հրավիրված աշխատաժողովին տեղեկացրեց ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Նա նշեց, որ նախագիծը դեռ չի դրվել շրջանառության մեջ, քանի որ առայժմ մտադրություն ունեին միայն պատգամավորներով քննարկել խնդիրները, այնուհետև ուղարկել կառավարություն:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Գարիկ Հայրապետյանը նշեց, որ Հայաստանում սեռերով պայմանավորված ծնունդն իսկապես մտահոգիչ է ոչ միայն այն պատճառով, որ անտրամաբանական է մարդկանց ցանկությունը անպայման տղա ունենալ, այլ որովհետև այն կարող է վատ հետևանքներ ունենալ: «Պահանջվեց մի քանի տարի, որ ինքներս գանք այն գաղափարին, որ շատ ավելի կարևոր բան կա, քան մեր սովորույթն է: Այս կերպ մենք վերացնում ենք մայրական բազան»,- ասաց նա:
Ըստ բանախոսի՝ 1990-ականներից ի վեր Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերությունը՝ 2012թ-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց։ Մինչդեռ ըստ նրա բնականոն է համարվում 102-ից 106 տղա՝ 100 աղջկա հաշվին։
Սեռով պայմանավորված աբորտների հիմնական պատճառները, ըստ Հայրապետյանի, երեքն են՝ ծնելիության անկում, տղաների նախապատվություն, տեխնոլոգիաների հասանելիություն:
Աղբյուրը` http://www.tert.am/