Շիրակի մարզում նվազել են որդեգրման դեպքերը: Ինչպես «Արմենպրես»-ի` Շիրակի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը, 2011 թ-ին բաժնի կողմից հաշվառվել է որդեգրման ենթակա 21 երեխա, իսկ այս տարի հաշվառվել է որդեգրման ենթակա 3 երեխա: Այդ երեխաները հիմնականում հաշմանդամություն ունեցող երեխաներն են:
Փորձ է արվում խնամատար ընտանիքի ինստիտուտը ներմուծել նաեւ Շիրակ: Անցած տարի` որպես խնամատար հաշվառվել է մեկ ընտանիք: Վերջինս դեռեւս երեխա չի ընտրել:
«Բայց խնամատար ընտանիքների թվի բացակայությունը լրացվում է շատ ավելի կարեւոր, մեր ազգին բնորոշ երեւույթով՝ խնամակալությամբ, երբ երեխան խնամվում է բարեկամ-հարազատների կողմից, մեծանում է ընտանիքում, որեւէ հաստատությունում չի գտնվում: Այդպիսի երեխաների թիվը Շիրակի մարզում շատ մեծ է»,- ավելացրեց Գինոսյանը: