Արտասահմանում որդեգրված հայ երեխաները ապահով ձեռքերում են. օրգանների վաճառքի դեպք չի արձանագրվել

Մանկատնից երեխայի որդեգրման դեպքերի չեղյալ հայտարարման երեք դեպք է Հայաստանում գրանցվել վերջին տասը տարիների ընթացքում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Խաչատրյանը:

«Երեխային որդեգրելուց հետո մանկատուն վերադարձնելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ընտանիքը չի հարմարվել երեխային կամ` հակառակը: Եթե մեկ անգամ որդեգրումը չեղյալ է հայտարարվում, տվյալ անձը կամ ընտանիքն այլեւս երեխա որդեգրելու  իրավունք չունի»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ որդեգրումից հետո մանկատունն այլեւս իրավունք չունի հետաքրքրվելու տվյալ երեխայի ճակատագրով: «Եթե որդեգրումը կատարվում է Հայաստանից դուրս, այդ երեխայի հետագա կյանքով զբաղվում է տվյալ երկրի դեսպանատունը, քանի որ որդեգրումը գաղտնիություն է պահանջում: Որդեգրող ընտանիքը ձեռք է բերում նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ կենսաբանական ընտանիքը»,-տեղեկացրեց Խաչատրյանը:

Ամբողջ աշխարհում տարածված է երեխաների եւ նրանց օրգանները վաճառելու երեւույթը, սակայն Խաչատրյանը փաստեց, որ որդեգրումից հետո հայ երեխաների օրգանների վաճառքի դեպք հայաստանյան պրակտիկայում չի գրանցվել: Մինչեւ որդեգրումը բավականին ուսումնասիրություններ են կատարվում որդեգրողի վերաբերյալ, փաստաթղթեր հավաքվում, վկայություններ` եկեղեցուց, հարեւաններից: Եթե բոլոր պահանջները բավարարվում են, միայն այդ դեպքում է կազմակերպվում որդեգրման գործընթացը: