ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասից մի հրեա ընտանիքի երեխան որբ է ծնվել՝ պարադոքսն արձանագրում է The Telegraph-ը:
Բանն այն է, որ 21-ամյա զույգը՝ Նաթան ու Ռայզի Գլաուբերները, զոհվել են ծննդատուն գնալու ճանապարհին, որտեղ կնոջը տեղափոխում էին ծննդաբերելու:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Ճակատագրական ավտովթարում երկու ծնողն էլ զոհվել են, իսկ փոքրիկը՝ տղա, վաղաժամ ծնվել է, սակայն արդեն իսկ որբացած: Նրա վիճակն այժմ կայուն է: Փոքրիկը նրանց առաջին երեխան էր:
Աղբյուրը լրացուցիչ նշում է, որ Բրուքլինում Իսրայելից դուրս ուղղադավան հրեաների ամենամեծ համայնքն է՝ 250.000 մարդ, որին պատկանում էին նաև Գլաուբերները: