Հայաստանում անվճար ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումը նպաստել է բոլոր խավերի կանանց անվճար ծննդօգնության իրական մատչելիության ապահովմանը:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Մայրական վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը տեղեկացրեց, որ 10 անգամ նվազել են ծննդաբերությունների համար կատարվող պաշտոնական վճարումները, ինչն արտացոլվել է Հայաստանի Ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտության 2010 թվականի զեկույցում, որ հրապարակվել է 2012 թվականի ապրիլին:
Հայաստանում առկա է առողջապահական կազմակերպությունների լայն ցանց: Անգամ ամենափոքր գյուղական բնակավայրերում կան բուժօգնություն իրականացնող հիմնարկներ: Մայրական վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետը նաեւ նշեց, որ բուժօգնության որակի եւ մատչելիության` գյուղ-քաղաք կտրվածքում տարբերությունները կրճատելու նպատակով մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում մարզերում շահագործվել է 9 խոշոր բժշկական կենտրոն` Հրազդանում, Իջեւանում, Արմավիրում, Արարարտում, Գորիսում, Ապարանում, Գավառում, Ալավերդիում եւ Նոյեմբերյանում:
ՀՀ-ում գործում են 614 բուժակ-մանկաբարձական կետեր, 255 ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական կազակերպություններ, 80 պոլիկլինիկա, 101 կանանց կոնսուլտացիա եւ կաբինետրներ, 50 բժշկական կենտրոններ, որոնց կազմում են մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնար բաժանմունքներ, 11 ինքնուրույն ծննդատներ, որոնցից 4-ը` Երեւանում, 7-ը մարզերում: